Month: January 2021

Բադասյանը կալանավորվեց, բայց խնդիրը մնաց․․․

Բադասյանը կալանավորվեց, բայց խնդիրը մնաց․․․

Երեկ ուշ երեկոյան Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարել է։
Նախօրեին ԱԱԾ-ն ձերբակալել էր Վահան Բադասյանին՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հնչեցրած հայտարարությունների համար։
Բադասյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնեն, եթե չհեռանա, ապա պետք է ֆիզիկապես ոչնչացնեն. «Հեռացնելու տարբեր ճանապարհներ կան ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։ Դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, թեկուզ զենքի ուժով։ Այո, ես գիտակցաբար սպառնալիքի կոչեր եմ անում, թող ԱԱԾ-ն ձերբակալի ինձ»։
Վահան Բադասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
Բադասյանի քաղաքական հռետորաբանությունը, բնականաբար, չեմ արդարացնում, որովհետև որևէ պարագայում արդարացված չէ բռնության, հաշվեհարդարի կոչը ու այս համատեքստում քննարկելի չէ նաև դատարանի որոշման իրավաչափությունը։ Բադասյանը, թերևս՝ գիտակցաբար, իր կտրուկ հայտարարությամբ, ինքն էր կանխորոշել իր կալանքը՝ հնարավոր չդարձնելով դատարանի այլ որոշում։
Մյուս կողմից, Փաշինյանին ֆիզիկապես վերացնել կամ նման կոչեր հնչեցնել չի կարելի․ հետքեր մաքրելն անթույլատրելի է, գործող վարչապետը դիվանագիտությունը և պատերազմը ձախողելու վերաբերյալ բազմաթիվ հարցերի պետք է պատասխանի։
Բայց ինչո՞ւ են ծնվում նման կոչեր։
Վստահաբար՝ Բադասյանը միայնակ չէ ու նրա նման մտածում են մեր հասարակության շատ ներկայացուցիչներ, մանավանդ՝ պատերազմի բովով անցած տղերք։
Քաղաքական լուծումներ չկան, ունենք դևալվացված իշխանություն և անբովանդակ ընդդիմությունը և ահա, այս համատեքստում տեղի է ունենում հանրային տրամադրությունների ռադիկալացում։
Այսօր միայն կոչ է հնչում, վաղը կարող են հնչել նաև կրակոցներ, եթե Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չգիտակցեն, չհասկանան, որ քաղաքական լուծումներ են պետք։ Ընդ որում՝ քաղաքական լուծումներ, որոնք միտված կլինեն ոչ թե իշխանության վերարտադրությանը, այլ՝ քաղաքական, սոցիալական, բարոյական ճգնաժամի հաղթահարմանը, պետական ու քաղաքական արդյունավետ համակարգերի կայացմանը, ներքին և արտաքին անվտանգային ռիսկերի չեզոքացմանը։
Չգտնվեն լուծումներ, Բադասյանը բացառիկ դեպք չի մնալու, եթե անգամ պետությունը գործի դնի իր ողջ ռեպրեսիվ մեքենան։

Նիկոլի ցինիզմը

Նիկոլի ցինիզմը

Նիկոլ Փաշինյանն առավոտյան ֆեյսբուքյան լայվով խոսել է Շուշիի մասին:
Այս անբովանդակ ու անիմաստ լայվը նախապատմություն ունի։
Դեռ անցյալ շաբաթ Փաշինյանը խորհրդարանական ամբիոնից հերթական անհաջող հայտարարությունն էր արել՝ Կասկածի տակ դնելով Շուշիի հայկականությունը։
Հունվարի 28-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողի կողմից հարց տվեց Փաշինյանին, թե արդյոք Շուշին հայկական քաղա՞ք է, թե՞ չէ, ինչին վարչապետը խորհուրդ տվեց գրավոր հարցը ներկայացնել և ինքը կպատասխանի:
Վարչապետին հարց ուղղած լրագրող Լիա Սարգսյանը հարցը պաստառի վրա գրած Կառավարության շենք էր գնացել, սակայն Փաշինյանի աջակիցներից մի կին պատռեց լրագրողի պաստառը, իսկ լրագրողին օրվա ընթացքում երկու անծանոթ մարդիկ հետապնդել են։ Ահա, այսպես է նախկին լրագրող ու խմբագիր Նիկոլ Փաշինյանը պատկերացնում ժողովրդավարությունը
Հունվարի 20-ին Ազգային Ժողովում Փաշինյանը հռետորական հարց էր հնչեցրել, թե արդյոք Շուշին հայկական է, քանի որ մինչև հակամարտությունը սկսվելը նրա բնակչության 90 տոկոսից ավելին ադրբեջանցիներ էին: Այն մասին, որ մինչեւ Ադրբեջանի խորհրդայնացումը, Շուշիում բնաջնջվել էր հայ բնակչությունը, նա չէր հիշատակել: Այսօրվա լայվում նա, ըստ էության, պնդում էր նույնը, չգիտես ինչու պնդելով, թե լրագրողները մանիպուլացնում են իր խոսքերը։
Հիմա՝ ըստ Էության։
Նիկոլ Փաշինյանը ճակատագրական սխալը գործել է ոչ այսօր, ոչ էլ՝ հունվարի 20-ին, այլ՝ հոկտեմբերի 19-ին, երբ մերժել է ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ Վլադիմիր Պուտինի առաջարկությունը։
Եթե հոկտեմբերի 19-ին կանգնեցվեր պատերազմը, Շուշին կմնար հայկական վերահսկողության տակ, հայկական կողմը կկորցներ միայն Արցախի հարավային երկու շրջան։ Հոկտեմբերի 19-ի դրությամբ մենք պաշտոնապես ունեինք 729 զոհ(իրականում՝ մոտ 1500), այլ խոսքով՝ մարդկային ու տարածքային կորուստի տեսանկյունից՝ վիճակն այսքան աղետալի ու ողբերգական չէր լինի։
Էլ չեմ ասում այն մասին, որ ադրբեջանցիների Շուշի վերադառնալու թեզն արհեստական է․ այնտեղ խաղաղ բնակչություն չկա նույնիսկ հիմա, երբ հինավուրց հայկական քաղաքը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ։
Սակայն հոկտեմբերի 19-ին Փաշինյանը դեռ «դուխով» «հաղթում» էր ու «դուխով» էլ մանիպուլացնում էր մեր հասարակությանը և գործել է ճակատագրական սխալ, ինչն հիմա անհաջող կերպով փորձում է սրբագրել տարբեր տեսակի «կրուտիտներով»։
Փաշինյանի գլոբալ ստերին չենք ուզում անդրադառնալ, որովհետև դրանք հերքվել են ոչ միայն Ռուսաստանի նախագահի, այլ նույնիսկ՝ մեր ԱԳՆ-ի կողմից։
Միայն հավելենք, որ Փաշինյանի խոտոր տրամաբանությամբ ստացվում է, որ նա հանձնել է Շուշին, հազարավոր տղաների կյանքեր է զոհաբերել, որպեսզի ադրբեջանցի փախստակաները չվերադառնան Շուշի։ Համաձայնեք՝ նման մտածողություն ունեցող անհատով պետք է զբաղվեն ոչ թե քաղաքական մասնագիտություն ունեցող մարդիկ, այլ՝ առողջապահական ոլորտի կոնկրետ մասնագետներ։

Տնտեսությունը գահավիժում է

Տնտեսությունը գահավիժում է

2020 թվականին` 2019-ի հետ համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը անկում է ապրել 7,5 տոկոսով` նշված է Վիճակագրական կոմիտեի այսօրվա հրապարակման մեջ։
2019 թվականի հետ համեմատ` 2020-ին ծառայությունների ոլորտը (առանց առևտրի) անկում է ապրել 14,7 տոկոսով, ներքին առևտրի շրջանառությունը նվազել է 14 տոկոսով, շինարարության ծավալը կրճատվել է 9,5 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը անկում է գրանցել 0,9 տոկոսով, աճ է գրանցել գյուղատնտեսության արտադրանքի ծավալը` 1,4 տոկոս։
2020-ին` 2019 թվականի համեմատ, Հայաստանից արտահանումը կրճատվել է 3,9 տոկոսով, իսկ ներմուծումը անկում է ապրել 17,7 տոկոսով։

Նիկոլի թվի ամբարտավանությունը

Նիկոլի թվի ամբարտավանությունը

Հիշո՞ւմ եք՝ հեղափոխությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում էր խնդրել Նիկոլ Փաշինյանից, որպեսզի վերջինիս կարևոր մանրամասներ փոխանցեր ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի մասին։ Ավելի ուշ, Փաշինյանն ամբարտավան կեցվածքով պատմում էր, որ Առաջին նախագահից արժեքավոր ոչինչ չի լսել։
Մի առիթով էլ Փաշինյանը «գլուխ գովեց», թե երկրի նախկին նախագահներին տեսակցելու անհրաժեշտություն չունի, որովհետև կարգավորման գործընթացի մասին մանրամասներ ստանում է Ալիևից։
Այսպիսի բախտախնդիր ու արկածախնդիր մարդու ձեռքում է հայտնվել իշխանությունը և պատահական չէ, որ նրա ձախողված դիվանագիտությունը նպաստեց պատերազմի սանձազերծմանը ու խայտառակ պարտությանը, որը ոչ միայն մարդկային ու տարածքային մեծ կորուստների, այլ նաև՝ Հայաստանի ինքնիշխանության ու սուբեկտության ոչնչացման պատճառ դարձավ։
Մերօրյա «Քաջ Նազարից» հետ չեն մնացել նաև նրա նույնքան ամբարտավան ու մեծամիտ ենթակաները։

ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը այսօր հարցազրույց է տվել ,«Փաստինֆո»-ին ու պատմել է, որ այս պատերազմից առաջ, մոտալուտ վտանգը զգալով, փորձել է հանդիպել Հայաստանի ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին։

Անօգուտ, նախարարը ժամանակ չի գտել կամ էլ՝ ժամանակ ունեցել է, բայց Փաշինյանի ցուցումով չի ուզեցել հանդիպել փառապանծ գեներալին։ «Ամենագետ» վարչապետը կարծում էր, որ իրենք «նախկիններից» սովորելու ոչինչ չունեն և ամբարտավանությունը, մանիպուլյացիան, ցինիզմը, դիլետանտիզմը դարձրել էր պետական քաղաքականություն։

Այդ ամենի դառը պտուղները ճաշակեցինք բոլորս՝ պատերազմի ժամանակ բախվելով պետական համակարգի չգոյության տխուր փաստին։

«Չեն ցանկացել, երևի վախեցել են, որ կարող եմ թույլ չտալ ինչ-որ սխալ պլաններ իրագործել»,- կայքին ասել է Տեր-Գրիգորյանցը՝ մեկնաբանելով իր ու Տոնոյանի չկայացած հանդիպման փաստը։

Հայրենիքին անսահման նվիրված ու պարտության դառնության հետ չհաշտվող Տեր-Գրիգորյանցի ակնարկը թափանցիկ է։

Պատերազմի ու խայտառակ պարտության հետ կապված բոլոր հանգամանքերը պատշաճ քաղաքական և իրավական քննության պետք է ենթարկվեն։ Միայն դիլետանտիզմը չէր կարող նման ավերի պատճառ դառնալ, եղել են այլ հանգամանքներ ևս, որոնք աղերս ունեն Քրեական օրենսգրքի հետ։

Քաղաքացիներից մեկը պատռեց Շուշիի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ պաստառը

Քաղաքացիներից մեկը պատռեց Շուշիի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ պաստառը

Քաղաքացիներից մեկը պատռեց Շուշիի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ պաստառը, որը լրագրողը ներկայացրել էր նրա պահանջով և պատասխան էր պահանջում: Ահա, թե ում հույսին է մնացել Փաշինյանի խղճուկ իշխանությունը

Դրական ուղերձ Բրյուսելից․ մեր իշխանությունը դարձյալ թերանում է

Դրական ուղերձ Բրյուսելից․ մեր իշխանությունը դարձյալ թերանում է

Եվրամիությունը ողջունել է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ գերիների վերադարձը Հայաստան և կոչ է արել անհապաղ վերադարձնել մյուս 57-ին ևս․ այս մասին հայտարարել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն:
Ըստ ամենայնի, ԵՄ-ի կոչն ուղղված է հավասարության և կարգավիճակի միասնականության ապահովմանը ու վերաբերում է կոնկրետ հանգամանքում գերեվարված 62 ռազմագերիների ճակատագրերին, որոնցից, սակայն, հայրենիք է վերադարձվել 5-ը։
Իհարկե, խիստ ողջունելի է, որ ԵՄ-ի նման հեղինակավոր կազմակերպությունն անդրադառնում է ռազմագերիների խնդրին՝ ճնշում բանեցնելով Բաքվի վրա։ Ինչքան մեծ լինի Ալիևի նկատմամբ միջազգային ճնշումը, այնքան շուտ կարող ենք հասնել գերեվարված մեր հայրենակիցների վերադարձին։
Մյուս կողմից, ԵՄ պաշտոնյայի հնչեցրած թիվը չի արտահայտում Բաքվում գտնվող հայ ռազմագերիների իրական թիվը՝ այն իրականով անգամներով շատ է։
Մի առիթով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ակնարկել էր, որ Հայաստանի իշխանությունը թափթփված է աշխատում և Մոսկվային չի կարողացել ներկայացնել ռազմագերիների ամբողջական ցուցակը։ Կասկածից վեր է, որ այս պարագայում գործ ունենք նույն իրավիճակի հետ։
Ավելին, լեգիտիմ կասկածներ կան, որ ռազմագերիների խնդրով պաշտոնական Երևանը պատշաճ աշխատանք չի ծավալում միջազգային կազմակերպությունների հետ, մի կողմից՝ Բաքվին չզայրացնելու, մյուս կողմից՝ այս հարցում հույսն ամբողջովին Մոսկվայի վրա դնելու պատճառներով։
Ռազմագերիների թիվն, ըստ էության, գաղտնի է պահվում ոչ միայն մեր հասարակությունից, այլ նաև՝ միջազգային կառույցներից, ինչի հետևանքով Բաքուն կարողանում է դիմել տարատեսակ մանիպուլյացիաների՝ չեզոքացնելով միջազգային կառույցների քննադատությունները։

Սուվորովի «բոցը»

Սուվորովի «բոցը»

Պատմությունից հայտնի է, որ Ալեքսանդր Սուվորովը ուներ արդար և խիստ հրամանատարի համբավ։ Զինվորները շատ էին սիրում նրան՝ արդարամիտ ու օբյեկտիվ լինելու համար։ Սակայն Սուվորովը ուներ մի առանձնահատուկ սովորություն՝ նա իր ցանկացած հարցին ակնկալում էր արագ պատասխան և որևէ արդարացում չկար, երբ պատասխանն ուշանում էր։ Պատասխանն ուշանալուն պես Սուվորովը, մեղմ ասած, կորցնում էր ինքնատիրապետումը՝ ոտքերով հարվածում հատակին, գոռում և հայհոյում էր, կարծես, ընկնում էր հիստերիայի մեջ։
Օրերից մի օր, երբ Սուվորովը այցի էր գնացել զորամաս, զինվորական շարքը անցնելիս, կանգ առավ նրանցից մեկի կողքին և նայելով զինվորի աչքերին հարց տվեց․ «Քանի՞ աստղ կա երկնքում»։ Զինվորն առանց վարանելու արագ և հստակ պատասխանեց․ «Հենց հիմա կհաշվեմ․․ » ։ Երբ զինվորը գործի անցավ և սկսեց հաշվել երկնքի աստղերը, Սուվորովը ժպտաց ու քթի տակ ասաց․ «Շուն-շան որդի․․․․․․խորամանկությամբ ինձ գերազանցեց․․․․ »։
Այսպիսի «համով բոցեր» կարող են անել անգամ ռազմական բազում սխրանքներով աչքի ընկած աշխարհահռչակ զորավարները։

Անկարան առաջ է քաշում «3 + 3» ձևաչափը

Անկարան առաջ է քաշում «3 + 3» ձևաչափը

Թուրքիայի իշխանությունները նախատեսում են ընդլայնել համագործակցությունն  Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ մինչև «3 + 3» ձևաչափ: Այս մասին հունվարի 29-ին Ստամբուլում հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ մամուլի ասուլիսում:
«Մենք պետք է խթանենք հրադադարի ռեժիմը: Այսպիսով, մենք նախատեսում ենք այս ճանապարհին  համագործակցել 3 + 3 ձևաչափով (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա)», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
«Այս տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը բխում են բոլորի շահերից: Դա առավելագույնս ձեռնտու կլինի Հայաստանին և նրա ժողովրդին: Հետևաբար, մենք Հայաստանից կառուցողական քայլեր ենք ակնկալում այս ուղղությամբ»,-ավելացրել է Չավուշօղլուն:

Աբխազիայի չափ էլ չկանք

Աբխազիայի չափ էլ չկանք

Ռոբերտ Քոչարյանն՝ իր վերջին հարցազրույցում ասել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջից վերածվել է նրա պրոտեկտորատի։
Սա այն հազվադեպ դեպքերից է, որ միանգամայն համաձայն եմ Քոչարյանի հետ։ Դա է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի, առհասարակ՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության գինը։ Այս մեղքի համար Փաշինյանը հաստատ չի ներվելու՝ ինչքան էլ փորձի էժանագին մանիպուլյացիայով ապակողմնորոշել հասարակությանը։
Մյուս կողմից, հայ-ռուսական հարաբերություններում վասալային բաղադրիչը հայտնվել է շատ ավելի վաղ՝ դեռ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում։ Եթե այս թեմայով շատ չծավալվեմ, ապա միայն «Գույք՝ պարտքի դիմաց» տխրահռչակ ծրագիրն ասվածի լավագույն ապացույցն է։ Այսինքն, խնդիրը ոչ միայն Փաշինյանի անձն է, այլ՝ գրեթե ողջ քաղաքական համակարգի որակը ու հնարավոր արտահերթ ընտրություններն էլ լինելու են ստորաքարշության շքերթ, երբ դրա հիմնական դերակատարները փորձելու են հնարավորինս քծնել մոսկովյան անգամ միջին կարգի չինովնիկների՝ նրանց «դաբրոն» ստանալու համար։
Սակայն Հայաստանը նույնիսկ Ռուսաստանի պրոտեկտորատ չէ ու ավելի ցածր կարգավիճակ ունի։
Ռուսական իրական պրոտեկտորատ համարվող Աբխազիայի իշխանությունները հրաժարվում են Ռուսաստանին արտահանձնել «Յապոնչիկ» մականունով հայտնի քրեական հեղինակություն Վյաչեսլավ Իվանկովի սպանության մեջ կասկածվող անձանց։ Այս մասին այսօր հայտարարել է Աբխազիայի գլխավոր դատախազությունը։
Ավելի վաղ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնական դիմում էր ներկայացրել Սուխումիի իշխանություններին՝ պահանջելով արտահանձնել 2009 թվականին կատարված սպանության մեջ կասկածվող Նուգզար Պապավային և Աստամիր Բուտբային։
«Աբխազիայի Սահմանադրությունն ու քրեադատավարական օրենսգիրքը արգելում են երկրի քաղաքացիների արտահանձնումը օտար պետություններին՝ քրեական հետապնդման նպատակով», – նշված է Աբխազիայի գլխավոր դատախազության այսօր տարածած հայտարարության մեջ։
Համաձայնեք, որ Հայաստանի գործող իշխանությունն այսօր նման համարձակություն չի ունենա, ըստ այդմ՝ հայ-ռուսական ներկա հարաբերությունների համար պետք է գտնել ավելի իրական, գուցե՝ նվաստացուցիչ բնութագրիչ։

«Պատմական ապստամբության» հետքերով

«Պատմական ապստամբության» հետքերով

Մի քանի օր առաջ Հայ ազգային գվարդիան և մի շարք քաղաքացիական նախա¬ձեռնություններ ստորագրեցին հա-մախմբման հուշագիր՝ Հայ ազգային ճակատը, «Ձայն հայրենյաց»-ը, Մտավորականների խորհուրդը և Կոմանդոսի «Խորհուրդը»: Երեկ էլ այս միավորումը որոշել էր կառավարության շենքի մոտ «հայահավաք» անցկացնել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և անցումային կառավարության ձևավորում։
Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո նման հավաքները և դրանց օրակարգը միանգամայն լեգիտիմ են ու նույնիսկ զարմանալի է, որ ակցիաներին սահմանափակ թվով մարդիկ են մասնակցում։ Օրինակ, երեկ հավաքին, որը պետք է դներ «ազգային-ազատագրական պայքարի» մեկնարկը, հավաքվել է 2000-ին մոտ մարդ։
Սրանով հանդերձ՝ հավաքը ու նրա պահանջները միանգամայն լեգիտիմ են, սակայն անհասկանալի մնաց, թե ինչու հավաքված 2000 քաղաքացիները որոշեցին «ժողովրդի անունից» ներխուժել կառավարության շենք, մանավանդ, որ այդ պահին շենքում որևէ պաշտոնյա չկար։
Նման «ներխուժումները» ինքնաբուխ չեն լինում և, ըստ էության, ստվերեցին երեկվա ակցիան, որովհետև պայքարի ոչ լեգալ մեթոդները ձեռնտու են միայն իշխանությանը, որը լեգիտիմ ուժ կիրառելու հնարավորություն է ստանում՝ հասարակությանը և միջազգային հանրությանը մատուցելով, որ իր դեմ ընդվզում են մի խումբ մարգինալներ։ Պատահական չէ, որ 5 անձ արդեն ձերբակալվել է՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով:
Ըստ երևույթին, կառավարության շենքի երեկվա «ներխուժումը» քաղաքական սցենարի փորձարկում էր։ Ընդամենը։ Սա այն դեպքն է, երբ հրապարակում հավաքված հարյուրավոր քաղաքացիների անկեղծ զայրույթն օգտագործվեց քաղաքական տեխնոլոգիաների նպատակով։
Շենքեր «ներխուժելու» սցենարի մասին օրեր առաջ Արարատում բարձրաձայնել էր Վազգեն Մանուկյանը՝ դա կոչելով ապստամբություն։ Արդյո՞ք երեկ փորձարկվում էր «Հայրենիքի փրկության շարժման» լիդերի թեզը, թե՞ Ռոբերտ Քոչարյանն էր փորձում ապացուցել, որ իր մեկ հարցազրույցը ու ընտրությունների մասնակցելու մեսիջը նման «խանդավառությամբ» է ընդունվել քաղաքացիների կողմից։
Սրանք ընդամենն առաջ քաշված վարկածներ են, բայց փաստ է, որ ընդդիմադիր գործունեությունը հերթական անգամ դեգրադացվեց, իսկ իշխանությունը հնարավորություն ստացավ փորձարկել իր ուժային պոտենցիալը։