Աղետի հասցրած և լկտիաբար քաղաքական պատասխանատվությունից խուսափող իշխանությունները Հայաստանում անելիք չունեն

Politcom.am-ի հարցերին պատասխանել է պատմաբան, հասարակական գործիչ Դավիթ Ֆիդանյանը

-Բոլորն են արձանագրում, որ 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Հայաստանի պարտության ամրագրումն էր, բայց մի փոքր տարբեր են գնահատականները հետպատերազմյան իրականության վերաբերյալ։ Ի՞նչ Հայաստան ունեինք մինչև պատերազմը և ո՞ւր հասանք պատերազմից հետո։

-Մինչ պատերազմը մենք ապրում էինք լրիվ այլ իրականությունում, իսկ այժմ՝ այլ: Հայկական կողմը ռազմաքաղաքական կապիտուլյացիայի է ենթարկվել: Թշնամին կարողացել է գրավել անգամ Շուշին, Հադրութը և ԼՂԻՄ շրջանի այլ մասեր, որոնք երբևէ բանակցությունների առարկա 7 շրջանների մեջ չեն մտել: Ներկայումս մենք` որպես պետություն և հասարակություն, գտնվում ենք ազատ անկման փուլում: Ճգնաժամը, որը առաջացել է կապիտուլյացիայի օրվանից հետո, ոչ միայն չի դադարում խորանալ, այլև անգամ տեսանելի ապագայում իրավիճակի կայունացման նշույլներ անգամ չեն երևում: Մոսկովյան հանդիպումը դա հայկական կողմի հերթական նվաստացման ակտն էր: Փաստացի հայկական կողմը չկարողացավ կատարել իր ռազմավարական խնդիրը՝ մեր հերոս ռազմագերիներին վերադարձնելու հարցը: Ինչ տեղի ունեցավ: Հայկական կողմը, որը մինչ հանդիպումը տնտեսական օրակարգում առաջընթացի հարցը կապում էր գերիների հարցի հետ, համաձայնեց ստորագրել հայտարարություն` կապված տնտեսական կոմունիկացիաների հետ և դրա դիմաց չստանալ ոչինչ: Սա ապիկար իշխանության հերթական հանցավոր ձախողումն էր: Ինչ վերաբերվում է ռիսկերին, ապա նշեմ որ թշնամին ըստ էության մեր ռազմագերիների հարցը մինչև վերջ փորձելու է օգտագործել սեփական օրակարգը իրականացնելու համար: Չեմ բացառում, որ հաջորդ հանդիպումներին` եթե Հայաստանում այս իշխանությունը մնա և վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շարունակի ներկայացնել Հայաստանը բանակցություններում, թշնամին՝ օգտագործելով գերիների հանգամանքը, էլի ինչ որ բաներ կստանա՝ հայկական կողմին թողնելով ձեռնունայն:

-ԼՂ խնդրի մասին․ Բաքուն համարում է, որ հակամարտությունը կարգավորված է ու խոսում է Արցախին առավելագույնը «մշակութային ինքնավարություն» տրամադրելու մասին։ Միջնորդ երկրներում, հատկապես՝ Արևմուտքում, միանգամայն այլ տեսակետներ են հնչում, մասնավորապես՝ կասկածի տակ է դրվում նոյեմբերի 9-ի հայտարարության լեգիտիմությունը, խոսվում է այն մասին, որ ԼՂ խնդրի քաղաքական կարգավորման թեման, այդ թվում՝ կարգավիճակի հարցը, փակված չէ։ Արդյո՞ք հնարավոր է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդական ձևաչափի վերականգնում, թե՞ խնդիրն այլևս ռուս-թուրքական համաձայնությունների դաշտում է։

-Խոսենք պարզ: Տարածաշրջանում մեր հաշվին տեղի է ունեցել ռուս-թուրքական շահերի համատեղ դրսևորում, և Արևմուտքը չի ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական հակազդեցություն: Այժմ, իհարկե, Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, որտեղ ավարտվել են նախագահական ընտրությունները և նոր ադմինիստրացիա է գալու Սպիտակ տուն՝ Ջո Բայդենի գլխավորությամբ, կիրականացնի որոշակի քայլեր: Քայլերի հաջողությունը կախված է նաև հայկական կողմի պահվածքից: Օբյեկտիվորեն ռուս-թուրքական տանդեմի արդյունքում շեշտակիորեն աճել է ռուսական ներգրավվածության աստիճանը տարածաշրջանում, սակայն որակյալ իշխանության պարագայում հնարավոր է օգտագործել այն փոքր պատուհանը որը դեռևս առկա է Արևմուտքի հետ հարաբերությունների համատեքստում, որպեսզի մեր օգտին լուծվի թե՛ ռազմագերիների և թե՛ Արցախի կարգավիճակի հարցը: Հայկական կողմը ռազմագերիների հարցը եռակողմ ձևաչափից բացի պետք է դուրս հանի միջազգային ասպարեզ:

-Հայաստանում ներքաղաքական համապարփակ ճգնաժամ է։ Քաղաքական ուժերի մի մասը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, վարչապետը օրակարգ է բերել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը, բացակայում է քաղաքական կոնսեսնուսը։ Ո՞րն է ճգնաժամի հաղթահարման բանալին, «ճանապարհային քարտեզը»։

-Ես խոսեցի ճգնաժամի մասին՝ նշելով, որ այն ոչ միայն չի դադարում այլև ավելի է խորանում: Գիտե՞ք ինչու չկա քաղաքական և նույնիսկ հանրային կոնսենսուս վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ: Որովհետև գրեթե բոլորի համար պարզ է, որ ստի և կեղծիքի մատուցման մեջ թրծված հանցավոր իշխանության մոտիվացիան՝ ոչ թե իրապես այս խորը ճգնաժամի հաղթահարումն է, այլ ժամանակ շահելու և սեփական իշխանության երկարաձգման մարտավարությունը: Ինչ վերաբերվում է ճգնաժամի լուծման բանալուն, ապա  դա մեկանգամյա գործողություն չէ և, այո, Հայաստանը իրապես ռեալ «ճանապարհային քարտեզի» կարիք ունի, որպեսզի կարողանա դուրս գալ այս ծանրագույն վիճակից և Հայաստանի վերակենդանացման համար ամենաառաջնային քայլը՝ դա իշխանափոխությունն է: Աղետի հասցրած և լկտիաբար քաղաքական պատասխանատվությունից խուսափող և բոլորին մեղավոր հանող իշխանությունները Հայաստանում անելիք չունեն:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր