Քյարամյանի ինքնախոստովանական ցուցմունքը․ նա մի օր կդատվի․․․

Վերջնականապես համոզվում եմ՝ նույնիսկ պատերազմը ու նվաստացուցիչ կապիտուլյացիան խելքի չեն բերել այս իշխանությանը։ Երեկ տեղի ունեցած երկու նշանային իրադարձությունները վկայում են ասվածի մասին։

ԲԴԽ անդամի համար «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը։ Եթե վերջինիս այլ մեղքեր չնշեմ, բավարար է հիշել միայն, որ Ջհանգիրյանը եղել է մեր երկրում ընտրակեղծարարության «կնքահայրերից» մեկը։ Պարզ է, որ ԲԴԽ նման անդամով իշխանությունն առավելագույնը կարող է լուծել դատական իշխանությունը վերահսկելի դարձնելու հարց։

Բայց Ջհանգիրյանին կանդրադառնանք այլ առիթով, մանավանդ, որ այս իշխանության «ունիվերսալ» կադր Արգիշտի Քյարամյանը, ով ներկայումս ՔԿ պետի տեղակալ է, երեկ երեկոյան հայտնվել էր Հանրայինի ուղիղ եթերում ու կեղծիքի ու մանիպուլյացիայի «մաստեր կլաս» ցույց տվեց։

Սկսենք նրանից, որ Քյարամյանի պաշտոնը քաղաքական զսպվածություն է ենթադրում, ու նա, մեղմ ասած, իրավունք չունի ներքաշվել իշխանություն-ընդդիմություն պայքարի մեջ։ Տարօրինակ է, որ Քյարամյանը հրապարակավ Վանեցյանին ու նրա զորախմբին մեղադրում է Շուշին «հանձնելու» մեջ, երբ ի պաշտոնե կարող էր դասալքության հատկանիշներով քրեական գործ հարուցել, եթե, իհարկե, դրա հիմքերն ունի։ Եթե դրա հիմքերը չունի, ապա զբաղված է շառլատանությամբ ու առնվազն պետք է քննարկվի ՔԿ պետի տեղակալի պաշտոնում նրա գտնվելու նպատակահարմարության հարցը։

Քյարամյանն, ըստ ամենայնի, խնդիր ունի ոչ միայն պրոֆեսիոնալիզմի, այլ նաև՝ բարոյականության հետ։ Մարդը չի պարզաբանում, թե ինչո՞ւ, գործած ո՞ր մեղքի համար է պատերազմի օրերին ազատվել ԱԱԾ տնօրենի պաշտոնից, բայց խոսում է ուրիշների «մեղքերի» մասին, ընդ որում՝ կենցաղային խոսակցությունների մակարդակում։

Քյրամյանը երեկ «բացահայտեց», թե ինչու է այդքան «սիրված» Փաշինյանի կողմից․ նա այն մարդկանցից է, որը պատրաստ է կուրորեն կատարել Նիկոլ Փաշինյանի բոլոր ցուցումները։ Դեռ խայտառակ կապիտուլյացիայի հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին «մեղադրում» էր իր ջոկատը Շուշի չհասցնելու համար և դա համարում էր «դժգույն» քաղաքը հանձնելու հիմնական պատճառ։ Երեկ Քյարամյանը «բացահայտեց», որ Շուշին «հանձնողը» եղել է Վանեցյանի ջոկատը, որովհետև լքել է դիրքը։

Ծիծաղելի է, եթե ողբերգական չլիներ։

Պատերազմը պարտված իշխանությունը պատասխանատվությունն իրենից օտարում է՝ «մեղավոր» կարգելով մարդկանց, որոնց միակ «մեղքն» այն է, որ պատերազմի օրերին «կերել» են Փաշինյանի «կուտը» ու պետության դե ֆակտո բացակայության դեպքում փորձել են պետական ֆունկցիաներ կատարել՝ ստեղծելով պատերազմին մասնակցող կուսակցական զորախմբեր(պետության գոյության պայմաններում անթույլատրելի է ջոկատային տրամաբանությունը․ դա բանակը խարխլելու ամենակարճ ճանապարհն է)։

Ի դեպ, ինչքան Փաշինյանը կամ Քյարամյանը շատ խոսեն կուսակցական զորախմբերի «դասալքության» մասին՝ այնքան շատացնում են սեփական իշխանության մեղքը ամրապնող ինքնախոստովանական ցուցմունքների թիվը։ Նրանք խոտովանում են, որ ընդամենը երկու-երեք տարիների ընթացքում այնպես են քանդել պետական համակարգը, բանակը, որ հույսը մնացել էր ֆիդայականությունը։ իսկ գուցե միտումնավոր վիժեցվել է պահեստազորի մոբիլիզացիան՝ դավաճանության կամ պարտության մեղքը հետին թվով ընդդիմության ու նրա ջոկատնենրի վրա «ջարդելու» նպատակով։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր