Պաշտոնական Մոսկվան բացահայտում է Փաշինյանի սուտը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը նշել է, որ բանակցային գործընթացի ընթացքում Ռուսաստանը չի առաջարկել «հենց այնպես» Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծմանն անդրադառնալու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պոպովը հայտնել է, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածին:

«Ռուսական առաջարկությունների անվան տակ, հավանաբար, նկատի է առնվում փուլային կարգավորման պլանը, որի վերջին խմբագրումը կողմերին տրամադրվել է 2019թ. հունիսին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այդ պլանի հիմքում, որը մեծամասամբ համընկնում է Կազանյան փաստաթղթի հետ, ընկած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բազային սկզբունքները, որոնց թվում` Ադրբեջանին 5 շրջանների վերադարձն է` առաջին փուլով, իսկ երկրորդ փուլով` 2, ընդորում, հատուկ շեշտեմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ փոխկապակցված: Առաջին փուլում Երևանի հետաքրքրություններն արտացոլող այլ տարրերից է` ԵԱՀԿ նիստերին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության ապահովումը, ապաշրջափակումը, սահմանների բացումը, կողմերի` ուժ չկիրառելու պարտավորությունների ընդունումը: Այդ պատճառով` պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել 7 շրջանները` «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանդարտվել, իրականությանը չի համապատասխանում»,- նշել է Պոպովը:

Համանախագահի խոսքով, ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, ապա վերջին տարիներին բանակցային սեղանին դրված առաջարկները նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հովանու ներքո համաժողովրդական քվեարկության արդյունքում` կողմերի համաձայնությամբ, որի ցանկացած արդյունք ընդունելի կլինի կողմերի համար:

«Ի դեպ, Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը նույնպես առաջարկվում էր քննարկել միայն երկրորդ փուլում` հաշվի առնելով Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձն Ադրբեջանին: Ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմը չեն մերժել այդ առաջարկությունները, սակայն լիակատար համաձայնության հասնել չի հաջողվել, բայց կարևորն այն է, որ բանակցություններն ընթացել են պարբերական հիմքով: Ընդհուպ 2018թ. երբ Երևանն առաջ է քաշել նոր մոտեցումներ»,- հայտնել է Իգոր Պոպովը:

Պոպովի պարզաբանումներում ուշագրավ է երկու հանգամանք։

Նա, ըստ էության, Փաշինյանին մեղադրում է ստախոսության մեջ, այս դեպքում՝ ակնարկելով, թե Հայաստանի վարչապետը փատորեն նենգափոխել է, այպես կոչված, ռուսական առաջարկությունների էությունը։

Սակայն ավելի էական է այն հանգամանքը, որ ռուսաստանցի համանախագահը փաստորեն Փաշինյանին է մեղադրում պատերազմը հրահրելու մեջ՝ նշելով, որ «2018թ. Երևանն առաջ է քաշել նոր մոտեցումներ», որոնք՝ դատելով Պոպովի մտքի տրամաբանությունից, բանակցային գործընթացը մղել են փակուղի։

Ինչքան էլ Փաշինյանը «հետևողականորեն» տեղավորվի Մոկվայի խաղի մեջ ու, ըստ էության, անվերապահորեն կատարի Պուտինի բոլոր ցուցումները՝ նա շարունակում է անվստահելի գործընկեր համարվել Մոսկվայում։ Հենց այս մասին է Պոպովի հարցազրույցը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր