Site icon politcom

Բարի երթ, politcom.am․ նոր կայք՝ հավակնոտ օրակարգով

Այսօրվանից Հայաստանի լրատվական տիրույթ մուտք է գործում նոր կայք՝ politikcom.am-ը։ Թվում է՝ մեր լրատվական դաշտում ներկայացված են բոլոր տեսակետները, քաղաքական հոսանքները, գոյություն ունի բազմաժանրություն, սակայն դա այդպես է միայն մակերեսային հարթության վրա։ Իրականությունն այն է, սակայն, որ Հայաստանում, մեծ հաշվով, բացակայում են անաչառ և ամբողջական տեղեկատվությունը, մասնագիտական խորքային վերլուծությունները։

politikcom.am-ը գալիս է լրացնելու հատկապես վերլուծական բացը։

Օպերատիվ ու թարմ լրատվությունն, անշուշտ, կարևոր է ու դրա մատուցումը լինելու է մեր առաջնահերթություններից մեկը, սակայն խառնաշփոթ ու հակասական մեր իրականության մեջ շատ կարևոր է տեղի ունեցող իրադարձությունների, զարգացումների վերլուծությունը, գործընթացների պատճառահետևանքային կապի բացահայտումը, Հայաստանի քաղաքականության դիտարկումը համաշխարհային, տարածաշրջանային զարգացումների, միտումների համատեքստում։ Շատ կարևոր է գիտակցությունը, որ Հայաստանն աշխարհի, տարածաշրջանի մի մասն է ու չի կարող անհաղորդ մնալ արտերկրում տեղի ունեցողին։ Անհրաժեշտ է ձևակերպել պատասխանատու, հավակնոտ նշաձողը, որ հայաստանյան կյանքի բոլոր սուբյեկտները՝ քաղաքական, բիզնես, լրատվական, պարտավոր են ձևավորել օրակարգեր, որոնք, անշուշտ, բխելու են մեր երկրի, հասարակության շահերից, սակայն ավելի գլոբալ են լինելու իրենց նշանակությամբ՝ շոշափելով շարածաշրջանային, մասշտաբային խնդիրներ։

politikcom.am-ը տուրք չի տալու էժան սկանդալներին, բամբասանքներին, էպատաժին՝ այն պատասխանատվությամբ, որ մենք աշխատում ենք պահանջկոտ ընթերցողի, բարձր չափանիշներ սահմանող քաղաքացու հետ, որը շատ արագ կարողանում է վերլուծությունը զանազանել քարոզչությունից, քննադատությունը՝ հակաքարոզչությունից, իրականությունը՝ կեղծիքից։ Մենք նաև հավակնում ենք մեր խոսքով, վերլուծություններով հանրային ընկալումների, տրամադրությունների նոր մշակույթ, նշաջող սահմանել։

Մեր կարևոր առաքելությունը այլընտրանքային մոտեցման, լուծումների ներկայացումն է։ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ-ն ինքին տարողունակ, իսնտիտուցիոնալ հասկացություն է, որը ենթադրում է նոր խոսք, խնդիրների լուծման նոր գործիքակազմեր ու մոտեցումներ։

politikcom.am-ը փորձելու է իրական ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ցույց տալ այսօրվա գաղջ իրականությանը, առաջարկել լուծումներ, որոնք որևէ պարագայում չեն ենթադրի հնի, մերժվածի ռեստավրացիան, միևնույն ժամանակ՝ անցյալ կդարձնեն նվաստացուցիչ, զարգացում չենթադրող ներկան։

politikcom.am-ը լինելու է իրապես անկախ կայք՝ բովանդակությամբ ու ասելիքով։ Եթե անգամ որոշակի ընդհանրություն տեսնեք politikcom.am-ի ու  քաղաքական գործող որևէ սուբյեկտի խոսքում, ապա դա լինելու է բացառապես քաղաքակրթական, արժեքային համախոհության դրսևորում։

Ուրեմն, բարի երթ, politikcom.am-ին՝ իր հավակնոտ օրակարգով։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version