Քավանոն հայանպաստ դիրքորոշում է հայտնել

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն անդրադարձել է Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։
«Եռակողմ հանդիպման դրական կողմն այն է, որ Պուտինը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը։ Եռակողմ հանդիպման անհանգստացնող կողմն այն է, որ Ալիևն իրեն այնպես է պահում, կարծես հակամարտությունը լուծված է, իսկ դա այդպես չէ, առանցքային հարցերը դեռևս մնում են չլուծված»,- թվիթերյան էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ։
Քավանոյի խոսքով՝ «համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է կայուն խաղաղության և բարգավաճման հիմք ստեղծելու համար»։

Ամերիկացի դիվանագետի դիրքորոշումն, ըստ էության, համընկնում է պաշտոնական Երևանի մոտեցումներին։ Մասնավորապես, երեկ ԱԳ նախարար Արա Այվազյանը նշել է, որ Հայաստան շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դիրքերից, պատրաստ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը իրականացնել Մինսկի խմբի համանախագահությամբ` հիմնված հիմնարար սկզբունքների վրա:

Ամբողջ խնդիրն այն է, որ պաշտոնական Երևանի հռչակած քաղաքականությունը հակադրության մեջ է մտնում այն քայլերի հետ, որոնք իրականացվում են իշխանությունների կողմից։ Մասնավորապես, Երևանը շատ պասիվ քաղաքականություն է վարում բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ տեղափոխելու ուղղությամբ, իսկ Երևան-Բաքու-Մոսկվա եռանկյունում ԼՂ խնդրի քաղաքական կարգավորման հեռանկարը շատ մշուշոտ է։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր