Site icon politcom

Ո՞ւմ «փրկեց» շարժումը՝ հայրենիքի՞ն, թե՞ Փաշինյանին․ «Դեմոկրատական այլընտրանքը» հեռանում է «17»-ից

Պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենքի փրկության շարժումը» սկսում է մարզային այցեր, առաջինը Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում եղան։ Մինչ Գյումրի հասնելը Ազատան համայնքի տարածքում մի խումբ շիրակցիներ փակել էին Գյումրի-Երևան մայրուղին, որպեսզի արգելեին շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին մտնել Գյումրի:

Մանուկյանն, իհարկե, Գյումրի հասավ, սակայն սա այն դեպքն է, երբ ավելի լավ կլիներ, եթե նա վերադառնար Երևան։

«Իմ քայլը» իրենց փող էր բաժանել, իրենք էլ խոսում էին, բոմժեր էին, որոնց փող էր բաժանվել, ուրիշ ոչինչ», – ճանապարհ փակողների մասին ասել է Մանուկյանը:

Առանձնապես կասկածող էլ չկա, որ շիրակցիները երեկ ճանապարհ էին փակել ամենևին էլ ոչ ինքնաբուխ՝ իշխանության «ականջները» այդ ակցիայի հետևում նկատել ենք բոլորս, բայց խնդիրն այն է, որ հասարակական որևէ խմբի, ընդդիմախոսներին «բոմժ» որակելով՝ Մանուկյանն, ըստ էության, նույնանում է Նիկոլ Փաշինյանի հետ, որը շարունակ խոսում է «վնգստացողների» մասին։

Մի խոսքով՝ «Հայրենքի փրկության շարժման» մարզային հանդիպումների ռաունդը դրական նշանով չմեկնարկեց, մանավանդ, որ հիմնավոր կասկած կա, որ այդ այցերը քաղաքական ակտիվության իմիտիացիա են՝ իրական օրակարգի բացակայության պատճառով։

Անկասկած, կարելի է պնդել «Հայրենքի փրկության շարժման» գործընթացի տապալման մասին։ Չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը միանգամայն ադեկվատ ու օբյեկտիվ է, հարթակի ընդդիմությունը չկարողացավ իր օրակարգի շուրջ հանրային կոնսոլիդացիա ապահովել։

Պատճառների մասին կարելի է շատ երկար խոսել, սակայն դրանցից հիմնականը հարթակի ընդդիմության քաղաքական ինքնաբավության բացակայությունն է։

Վազգեն Մանուկյանը РБК-ին օրերս տված հարցազրույցում, խոսելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին՝ միևնույն ժամանակ, օբյեկտիվորեն նկատել է, որ հասարակությունը չի ուզում նաև նախկինների վերադարձն իշխանություն։

Հենց այստեղ էլ քաղաքագիտական ներքին հակասություն է առաջանում։ Մանուկյանը միասնական թեկնածու է «Հայրենիքի փրկության շարժման» կողմից, որը հարթակի թուլության և քաղաքական ինքնաբավության բացակայության հետևանքով նույնանում է հենց նախկինների հետ։

Ընդ որում, այդ նույնացումն արտահայտվում է ոչ միայն քաղաքական վարքագծով, կլիշեներով, այլ՝ ինստիտուցիոնալ հարթության վրա։ Օրինակ՝ «Հայրենիքի փրկության շարժման» ներսում որոշումները կայացնում է ոչ թե Խորհուրդը, որն, ըստ էության, միակ լեգալ մարմինն է, այլ՝ ինչ-որ փոքր խորհուրդ, որտեղ շատ մեծ է երկրի երկրորդ ու երրորդ նախագահների ազդեցությունը։

Հասարակությունը հիասթափվել է Նիկոլ Փաշինյանից ու նրա թիմից ու իրապես չի ուզում հանդուրժել կապիտուլյանտ իշխանությանը, սակայն երեք տարի առաջ մերժել է նաև հին համակարգին ու չի ուզում նաև նրա վերադարձը, մանավանդ, որ «հները» քաղաքական ռեբրենդինգի չեն ենթարկվել։ Չի կարելի հասարակությանը մեղադրել, որ նա չի ուզում ընտրություն կատարել Նոյեմբերի 9-ի ու Հոկտեմբերի 27-ի, Հունվարի 11-ի ու Մարտի 1-ի միջև։ Հասարակությունը փոփոխությունների հստակ պահանջ է դրել ու վստահ է, որ դրանք իրականություն կարող են դարձնել նոր ուժեր՝ կապիտուլյանտ իշխանությունից ու հարթակի ընդդիմությունից դուրս։

Հիշատակածս վերջին հարցազրույցում Վազգեն Մանուկյանը  բացահայտել է «Հայրենիքի փրկության շարժման» քաղաքական ինքնաբավության բացակայության մեկ այլ հանգամանք։ Նա հայաստանյան իրադարձությունները բնութագրում է ռուսաստանյան փորձագիտական շրջանակներում տարածված կլիշեներով։ Օրինակ՝ 2018-ի հայաստանյան իրադարձություններն անվանում է «գունավոր հեղափոխություն»։ Ես, օրինակ, կարծում եմ, որ 2018-ին Հայաստանում կային հեղափոխական տրամադրություններ(դրան հասել էինք քրեաօլիգարխիկ համակարգի քսանամյա կառավարման հետևանքով), այլ խնդիր է, որ դրանք մանիպուլացվեցին Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի կողմից՝ ի դերև անելով իրական փոփոխությունների հանրային սպասումները։

«Հայրենիքի փրկության շարժման» օրակարգի շուրջ հանրային կոսնսոլիդացիա գոյություն չունի, որովհետև հարթակի ընդդիմությունը կատարում է, ոչ թե մեր հասարակության, այլ՝ Մոսկվայի որոշակի շրջանակների տրամդրությունների տրանսլյատորի դեր։

«Հայրենիքի փրկության շարժման» հիմնական  «առաքելությունն» ոչ թե Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, այլ նրան ստիպելը, որ ավելի մեծ «էնտուզիազմով» խոնարհվի ռուսական արքունիքի առջև(Նիկոլ Փաշինյանը սիրով խոնարհվեց Պուտինի առաջ, որովհետև նրան հետաքրքրում է բացառապես սեփական աթոռի պահպանումը)։ Նման դաշինքում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը տեղ չունի։ Մեր օրակարգում առաջնային պահանջը դարձյալ մնում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն մենք ճանապարհ չունենք այն հարթակի հետ, որը մոսկովյան ինչ-որ «կտերից» կուրացած՝ «բոմժի» կարգավիճակում է տեսնում մեր հասարակության տարբեր շերտերի։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը կհասնի Նիկոլ Փաշինյանի անփառունակ իշխանության հեռացմանը բոլոր լեգալ քաղաքական ճանապարհներով՝ «Հայրենքի փրկության շարժումից» դուրս։ Այս մասին մեր պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի երկուշաբթի օրը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version