Site icon politcom

Լավրով․ Մոսկվան չի պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և այն ընդգրկել Ռուսաստանի կազմում

 

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօրվա ասուլիսում անդրադարձել է ԼՂ խնդրին վերաբերող մի շարք հարցերի։

 

Հուզական հայտարարությունների մասին

Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հուզական հայտարարությունները համարել է անարդյունավետ:
ՌԴ նախարարը նշել է, որ հայ պաշտոնյաների որոշ հայտարարություններ լարվածություն են առաջացնում:
«Կարծում եմ ՝ ավելի լավ կլիներ խուսափել դրանից: 44-օրյա պատերազմը սկսելուց առաջ մենք ականատես  ենք եղել Ղարաբաղից արված կամ Ղարաբաղի վերաբերյալ հուզական հայտարարությունների. «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»: Բառը ստանում է նյութական ուժ: Այս պարագայում տարբեր կողմերի բառերը դարձել են շատ բացասական նյութական ուժ»,-հավելել է Լավրովը:
Ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե ինչու հայ պաշտոնյաները թույլտվություն չեն հարցնում Ադրբեջանից Ղարաբաղ այցելելու համար, ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Հայաստանի և Ղարաբաղի կապի խզման հարցը երբևէ չի քննարկվել:  
«Եթե մենք բոլորս համաձայն ենք, իսկ մենք համաձայն ենք, որ Ղարաբաղի հայերը կապ պահեն Հայաստանի հայերի հետ,  ապա որևէ պատճառ չեմ տեսնում դրան խոչընդոտելու համար: Հայ պաշտոնյաները ներգրավված են Ղարաբաղում մարդասիրական ներդրում ունենալու գործընթացում, որը Բաքվի կողմից ոչ մի բացասական արձագանքի չի արժանանում և տարօրինակ կլիներ, եթե լիներ հակառակը»,-ավելացրել է ՌԴ նախագահը:

 

ԼՂՀ կարգավիճակի մասին

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի հիշատակվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և այն թողնվել է հետագայում լուծելու համար․ ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Այն տարածքը, որտեղ տեղակայված է խաղաղապահ առաքելությունը, խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի է: Մենք ելնում ենք դրանից Երևանի և Բաքվի հետ մեր շփումներում: Այժմ մշակվում են տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման, մարդասիրական աջակցության վերաբերյալ մանրամասները»,- նշել է Լավրովը:
Նրա խոսքով `Երևանում և Բաքվում հակասություններ կան կարգավիճակի շուրջ և այդ հակասությունների պատճառով էլ երեք ղեկավարները որոշում են այդ հարցը թողնել հետագայում լուծելու համար:

ՌԴ արտգործնախարար նշել է, որ այդ հարցով նաև պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, և նրանք արդեն կապի մեջ են կողմերի հետ, պատրաստվում են այցելել տարածաշրջան:

ՌԴ ԱԳ նախարարն «էկզոտիկ» է անվանել Ղարաբաղն Ռուսաստանի կազմ ընդգրկելու առաջարկը, և ևս մեկ անգամ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունն անգամ Հայաստանը չի ճանաչել:
«Մենք նման մտադրություն չունենք, մենք ելնում ենք նրանից, որ նման խնդիրները պետք է լուծվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև` տարածաշրջանում անվտանգությունը պահպանելու համար»,- եզրափակել է Լավրովը:

Մոսկվան չի պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և այն ընդգրկել Ռուսաստանի կազմում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը

 

Ռազմագերիների մասին

Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո ռազմագերիներին փոխանակելու համար ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի զինվորականներն այժմ հաստատում են ցուցակները: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովը հայտնել է, որ Ադրբեջանը հայկական կողմին վերադարձրել է նրանց, որոնց անունները եղել են ադրբեջանական ցուցակներում։

Ըստ նրա, սկզբում անհրաժեշտ էր, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կազմեին անհետ կորած անձանց և գերություն մեջ գտնվողների ցուցակները և այդ հարցում հայկական կողմը ամենամեծ խնդիրներն ուներ:

«Ադրբեջանը տվեց այդ ցուցակները, և դրանք աննշան էին, և բոլորը ոչ անմիջապես, սակայն վերադարձվել են՝ նրանք, ովքեր նշված էին ադրբեջանական ցուցակներում»,- բացատրել է ՌԴ նախարարը:

Նա հիշեցրել է, որ հայկական կողմից ցուցակները չեն տրամադրվել անմիջապես և ամբողջությամբ, և դրա հետևանքով տեղի է ունեցել նրանց փոխանակում, ովքեր եղել են նոյեմբերի 9-ին ավարտված իրադարձություններին մասնակից:
«Մենք, այնուամենայնիվ, առաջ ենք տանում այդ հարցի քննարկումը շարունակելու անհրաժեշտությունը, որպեսզի այն փակենք՝ առաջնորդվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Ես խոսել եմ Հայաստանի արտգործնախարարի հետ՝ փորձելով ճշտել նրանց վերջնական ցուցակները, բայց պարզվեց, որ անհետ կորածներն ավելին են, քան 62-ը։ Եվ հիմա մեր զինվորականները կապի մեջ են Հայաստանի զինվորականների, Ադրբեջանի զինվորականների հետ։ Այժմ անհետ կորածների անուններով ցուցակները հաստատվում են»,- ընդգծել է Լավրովը։

 

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին

 Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունը, որով ավարտվել են վեց շաբաթ տևած ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, չի պարունակում որևէ «գաղտնի հավելված»: «Գաղտնի հավելվածներ ընդհանրապես չկան: Եվ ես չեմ տեսնում, թե որ թեմաները կարող են լինել որոշ «գաղտնիքների առարկա», – ասել է Լավրովը մամուլի ասուլիսում:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version