Site icon politcom

Փաշինյանի խոտանված «անփոխարինելիները»

Դեռ անցած շաբաթ էր Նիկոլ Փաշինյանը մեծախոսում «կառավարման նոր որակի»  մասին՝ ազդարարելով, որ «2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի»։

Իհարկե, հիմա երկրում չկա գեթ մեկ մարդ, որը հավատա Փաշինյանին։ Անցած երկու-երեք տարիներին մանիպուլյացիաների, պարզունակ բլեֆների պակաս չենք ունեցել։ Եթե անգամ կային մարդիկ, ովքեր մինչև պատերազմը հավատում էին Նիկոլ Փաշինյանին ու նրա «կախարդական փայտիկին»՝ պատերազմն ու դաժան կապիտուլյացիան շատերի աչքերը բացեցին։ «Հաղթում ենք» դատարկախոսության տակ Փաշինյանն իրականում «մսաղաց» էր ուղարկում հազարավոր հայ երիտասարդների, իր իշխանությունը երկարաձգելու համար՝ պատրաստ է խոնարհվել Պուտինի ու Ալիևի առջև։

Ի՞նչ նոր «կառավարման նոր որակի» մասին է խոսում Փաշինյանը իր ունեցած կադրային խոտանի պայմաններում։ Ընդ որում, Փաշինյանի «նոր» Հայաստանում կադրի հիմնական «արժանիքը» նրա անտաղանդությունն է, փչացածությունը՝ բարոյական, մասնագիտական հարթության վրա։

Նման մարդիկ Փաշինյանի համար անփոխարինելի են։

Դեռ մինչև պատերազմը, որի հետևանքով տեղի ունեցավ ամբողջ իշխանության քաղաքական դևալվացիան, կային վարկաբեկված, իրենց ոլորտներում ձախողված կադրեր, որոնց պաշտոնանկության հարցում գոյություն ուներ, կարելի է ասել, հանրային կոնսոլիդացիա։

ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի լուսանկարը Երևանի փողոցներում պտտվում էր աղբատար մեքենայի թափքում։ Պատերազմից հետո Հարությունյանը պաշտոնանկ արվեց, սակայն անմիջապես նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական ու տակավին անհայտ է՝ այս լուզեր պաշտոնյան ի՞նչ խորհուրդ կարող է տալ իր «ամենագետ» շեֆին, մանավանդ, երբ վերջինիս Հայաստանում խորհրդատու չունի ու լսում է բացառապես Պուտինին ու Ալիևին։

Արսեն Թորոսյանը կատարելապես ձախողեց կորոնավիրուսի դեմ հակահամաճարակային պայքարը, սակայն աշխատանքից ազատվեց միայն այսօր, այն էլ, որպեսզի ժամեր անց նշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Այս մարդը համակարգային մտածողություն չունի, հիմա ինչպե՞ս է նրան վերապահվել քաղաքական նման կարևոր պաշտոն։

Արդյո՞ք խոտանված «անփոխարինելիները» իշխանության «յուղոտ պատառներին» մոտ են մնում, որովհետև Փաշինյանի հետ կապված են «համատեղ մեղքի» արատավոր շղթայով, թե՞ այսքան սպառված, բարոյապես մաշված ու քաղաքական առումով ամուլ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Կարծում եմ՝ երկուսը միասին վերցրած։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version