Site icon politcom

Մարդակենտրո՞ն, թե՞ մարդակուլ

 

Այսօր Նիկոլ Փաշինյանը գնացել էր առողջապահության նախարարություն՝ հին նախարարին գովաբանելու և նորին ներկայացնելու համար։

Ոչ մի բան, ոչ մի աղետ, մահաբեր պատերազմ կամ մարդակուլ կորոնավիրուս չեն կարողանում խմբագրել Նիկոլ Փաշինյանի վարքագիծը, որը շարունակում է կառուցվել կեղծիքի ու մանիպուլյացիայի վրա։

«Սկսած 2018 թվականից՝ ոլորտում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել: Կարևոր է արձանագրել, որ այդ բարեփոխումները եղել են մարդակենտրոն, այսինքն՝ նպատակը եղել է մարդկանց մատուցվող առողջապահական ծառայությունների որակի և շրջանակի ընդլայնումը և մենք այդտեղ բավականին լուրջ փոփոխություններ ենք ունեցել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Փաստացի վարչապետի այս խոսքի վրա միանգամից երկու հարցադրում է առաջ գալիս։ Եթե Թորոսյանն այդքան փայլուն քաղաքականության կրող է, ինչո՞ւ էր հանրության կողմից ամենաչսիրված նախարարը։ Միանգամից ասեմ, որ կորոնավիրուսի հետ կապված արդարացում բերելը տեղին չէ, որովհետև, օրինակ, Գերմանիայում չափազանց բարձր է առողջապահության նախարարի վարկանիշը․ մարդիկ գնահատել են նրա հակահամաճարակային քաղաքականությունը ու նույնիսկ չեն բացառում վերջինիս՝ կանցլեր դառնալու հավանականությունը։

Լավ, ընդունենք՝ մեր հասարակությունը կորցրել է գնահատման չափանիշները, բա ինչո՞ւ մեր «նորին գերազանցություն» վարչապետը թույլ չտվեց, որ «փայլուն» նախարար Արսեն Թորոսյանը շարունակի իր ոլորտային բարեփոխումները։

Կարևոր բուժհաստատությունների փակում, լուծարում, միացում, խոշորացում, անվերջ սկանդալներ՝ սրանք են եղել Թորոսյանի գործունեության հիմնական «արդյունքները» ու անկեղծ ասած՝ դրանցում չեմ գտնում մարդակենտրոնության որևէ հյուլե։ Թե՞ մարդակենտրոնության ցցուն դրսևորում է, օրինակ, Եղվարդի ու Մարալիկի ծննդատների փակումը, ինչի հետևանքով մարդիկ ստիպված տասնյակ կիլոմետրեր են կտրում՝ հղի կնոջը հասցնելով Գյումրի կամ Մարալիկ։

Պատկերացնո՞ւմ եք՝ մարդակենտրոն է համարվում այն նախարարը, ում հանցավոր անգործության կամ դիլետանտիզմի հետևանքով կորոնավիրուսը լափել է 3741 մարդու կյանք, որոշ դեպքերում՝ հիվանդները մահացել են՝ անօգնական մնալու պատճառով։

Իհարկե, «կախարդական փայտիկ» ունեցող մեր վարչապետը այս դեպքի համար դարձյալ ունի արդարացում․ «Ուզում եմ հատկապես հիշեցնել, որովհետև հիմա այդ դրվագի մասին, ըստ էության, մոռացվել է, որ կար ժամանակ, երբ մեզ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում ի ցույց էին դնում այլ երկրներ, ասելով, որ ահա տեսեք, թե ինչպես է պետք պայքարել կորոնավիրուսի դեմ, դուք կորոնավիրուսի դեմ պայքարել չգիտեք: Բայց մենք վստահ էինք, որ գնում ենք հավասարակշռված ճանապարհով: Հիմա, երբ մեր ասածն իրականության մեջ արդարացել է, մեզ այլևս ի ցույց չեն դնում այդ երկրները, ոչ էլ մեզ են ի ցույց դնում այդ երկրներին»։

Ուշադրություն դարձրեք՝ վարչապետը չի խոսում մեր հաջողությունների մասին, այլ շուստրիությամբ զարգացնում է «ընկերովի մահը հարսանիք» է ասույթը՝ վկայաբերելով այլ երկրների անհաջողությունը։

Մարդիկ կորոնավիրուսի մասին մոռացել են՝ ոչ թե այն պատճառով, որ արդյունավետ հակահամաճարակային քաղաքականություն է իրականացվել, այլ, որովհետև կառավարությունը մեր ժողովրդի գլխին մահաբեր պատերազմի պարտության հետևանքով այնպիսի վիշտ է բերել, որ այլևս որևէ մեկիս աչքին որևէ բան չի երևում։

Ու այսքանից հետո արժանապատվություն ունեցող վարչապետը գոնե կլռեր։

Ի դեպ, խորհրդանշական է, որ Արսեն Թորոսյանի նախարարական գործունեության ավարտի օրը՝ այսօր, խորհրդարանում ազդարարվեց Կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացված աշխատանքներն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեության մեկնարկը։ Թող Փաշինյանն ու Թորոսյանը մոմ վառեն, որպեսզի այդ հանձնաժողովի գործունեության արդյունքները նրանց ՔԿՀ-ներ չտանի։

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version