Site icon politcom

Խեղկատակի հետևում երևում են Փաշինյանի ականջները

«Մեր գործընկերներից մեկն ասաց, որ մենք ունենք լրջագույն խնդիրներ. այո՛, ես հաստատում եմ, որ մենք ունենք լրջագույն խնդիրներ և այդ խնդիրների անունն ընդդիմություն է»-երեկ ԱԺ-ի նիստի ընթացքում իր ելույթի ժամանակ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը:

Կասկածից վեր է, որ իշխանության խմբակցության բոլոր պատգամավորների ելույթները համաձայնեցվում են անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ, նույնիսկ դեպքեր են եղել, երբ մարդիկ նկատել են, որ «քայլականները» հենց նիստերի ժամանակ հուշող մեսիջներ են ստանում վարչապետից։ Ուրեմն, կասկած չկա, որ Դավոյանի շուրթերով երեկ խոսել է Նիկոլ Փաշինյանը։

Հիմա՝ ըստ էության։

Հօդս ցնդեցին բոլոր այն պնդումները, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դեմոկրատական է ու որևէ պարագայում չի կարող ընտրություններ կեղծել։ Եթե խորհրդարանական թիվ մեկ ամբիոնից ընդդիմությունը հռչակվում է որպես թշնամի, ուրեմն՝ պետք է վստահաբար ենթադրել, որ իշխանությունն իր բոլոր լծակներով փորձելու է ոչնչացնել այդ ընդդիմությանը։ Սկզբունքորեն հենց դա է եղել անցած տարիներին Փաշինյանի իշխանության ձեռագիրը․ «սև»-«սպիտակի» հակադրության արհեստական թեզով նա փորձել է լռեցնել ընդդիմախոսության ցանկացած դրսևորում։ Այսինքն, գործ ունենք ավտորիտար մտածողությամբ ու արժեհամակարգով իշխանության հետ։

Հօդս ցնդեցին բոլոր այն պնդումները, թե Փաշինյանի իշխանությունն ադեկվատ է։ Եթե պատերազմը խայտառակ պարտության տարած ու հազարավոր երիտասարդների մահվան պատճառ դարձած իշխանությունը չի հեռանում ու դեռ ավելին՝ երկրում մեղավորներ է փնտրում, ապա կամ գործ ունենք փառասեր մոլագարների, կամ էլ՝ երկիրն օկուպացրած օտար իշխանության հետ։

Հօդս ցնդեցին բոլոր հույսերը, թե Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը պարտությունից հետևություններ են արել։ Բացարձակապես՝ ոչ, նույն ցինիկ ու ամբարտավան վարքագիծն է, որը միայն խորացնում է քաղաքական ճգնաժամը՝ դրա հանգուցալուծման քաղաքակիրթ ճանապարհները դարձնելով ավելի ու ավելի անտեսանելի։

Սակայն մի հարցում Դավոյանին կուզենայի մի փոքր խմբագրել։ Խնդիրը՝ ոչ թե ընդդիմությունն է, այլ՝ արդյունավետ ընդդիմության բացակայությունը։ Այ, եթե արդյունավետ ընդդիմություն լիներ, Դավոյանն ու մյուս «քայլականներն» ոչ թե ԱԺ-ում ելույթ կուենանային, այլ ցուցմունք կտային նախաքննության մարմիններում։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version