Տարվա իրադարձությունը․ այսօր Ջո Բայդենը ստանձնում է ԱՄՆ նախագահությունը

Այս պահին Վաշինգթոնում տեղի է ունենում ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը։

Ավելի վաղ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների ղեկավարի կարգավիճակում ունեցած վերջին ելույթում ընդունել է Բայդենի հաղթանակն ու հայտարարել, որ աղոթում է նոր իշխանության հաջողությունների համար։ «Ցանկանում եմ, որ իմանաք՝ մեր սկսած շարժումը դեռ նոր է մեկնարկում»,- հայտարարել է Թրամփը:

Թրամփն ասել է նաև, որ հունվարի 6-ին Կապիտոլիումի շենքի վրա հարձակման տեսքով արտահայտված քաղաքական բռնությունը որևէ կերպ չի կարող արդարացվել:

Սակայն հենց հունվարի 6-ի սկանդալային իրադարձություններն էապես ազդեցին Թրամփի հեղինակության և վարկանիշի վրա։ Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ ԱՄՆ բնակիչների 47 տոկոսը համոզված է, որ Թրամփը կհիշվի որպես ԱՄՆ վատագույն նախագահներից մեկը: Միևնույն ժամանակ, հարցման տվյալներով՝ Թրամփի ժողովրդականության մակարդակը կազմում է 38 տոկոս, որն ամենացածր ցուցանիշն է նրա նախագահության ողջ ընթացքում։
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը երբեք այսքան երկփեղկված ու բաժանված չի եղել ու շատ փորձագետներ նշում են, որ Թրամփն ունի մեծաթիվ կողմնակիցներ ու չի բացառվում, ոչ միայն նրա կողմից քաղաքական շարժում գեներացնելը, այլ նաև՝ նոր նախագահի ինագուրացիայի օրը կամ դրանից հետ բողոքի ակցիաների անցկացումը։

Ինագուրացիային նախորդող ու հաջորդող բողոքի ակցիաները նոր երևույթ չեն ԱՄՆ քաղաքական պատմության մեջ։

2017-ին Թրամփի ընդդիմախոսները մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ անցկացրեցին, իսկ ինագուրացիայի նախորդ օրը Նյու-Յորքում մեծ երթ իրականացրեցին, որին մասնակցեցին հոլիվուդյան մի շարք աստղեր։

Թրամփի ինագուրացիայի օրը մի խումբ մարդիկ փորձել են վիժեցնել այն, ինչին հետևել են ոստիկանության կոշտ գործողությունները։ Թրամփի ինագուրացիայի հաջորդ օրը Վաշինգթոնում կանայք են երթ անցկացրել՝ նորընտիր նախագահի սեքսիստական հայտարարությունների դեմ։

2005-ին, Բուշ-կրտսերի երկրորդ ինագուրացիայի օրը, տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են արել՝ բողոքելով Իրաքում ընթացող պատերազմի դեմ։

2001-ին, Բուշ-կրտսերի առաջին ինագուրացիայի ժամանակ, նրա ավտոշարասյան ուղղությամբ ձվեր ու թենիսի գնդակներ են նետվել։ Մարդիկ բողոքում էին վիճահարույց ընտրությունների դեմ։

1969-ին Նիքսոնի ավտոշարասյան վրա նետվել են քարեր, շշեր։ Ակտիվիստները պահանջում էին ամերիկյան զորքերի դուրսբերումը Վիետնամից։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր