Site icon politcom

«Նաջարյանը» փոշմանե՞լ է․․․

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ԱԺ-ում ասել է, թե ինքն առաջարկել է համաձայնությամբ իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2021 թվականի ընթացքում: «Ինձ համար զարմանալի կերպով խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, ըստ էության, մերժում են այդ առաջարկը, հետևաբար իշխող ուժի համար այդքան էլ տրամաբանական չէ, որ իշխող ուժը ինքն իր համար անի արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-ասել է նա և նշել, որ ամեն դեպքում իրենք պատրաստ են բոլոր ուժերի հետ քննարկել այդ օրակարգը:

Փաշինյանն այսօր կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ընթացքում թերևս մեկ տասնյակ անգամ նշել է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու իրենց պատրաստակամության մասին, սակայն նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ փաստացի վարչապետն առիթ է փնտրում՝ այդ ընտրությունները չանցկացնելու համար։

Զարգացնեմ առավոտյան հնչեցրածս միտքը։

Եթե անգամ խորհրդարանական ընդդիմությունը դեմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, դրանից իրականությունը չի փոխվում։ Նիկոլ Փաշինյանի խնդիրը ոչ թե ընդդիմությունն է, այլ՝ հասարակությունը, որի աչքերում նա ամբողջովին ապալեգիտիմացվել է երկիրը կապիտուլյացիայի տանելուց հետո։ Ըստ այդմ, եթե Փաշինյանը տարբեր պատրվակներով չեղարկի արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգը, քաղաքական ճգնաժամը միան խորանալու է, ինչը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների։

Խորհրդարանական այսօրվա քննարկումները իրականում բացահայտեցին, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն ցանկանում արտահերթ ընտրություններ անցկացնել ու ընդամենը խաղում են ժամանակի վրա։ Երբ «Լուսավոր Հայաստանի» և ԲՀԿ պատգամավորները բաց տեքստով խոսել են արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին, այս անգամ Տիգրան Ավինյանը հանդես է եկել նոր առաջարկով՝ կուսակցություններին հրավիրելով Հուշագրի ստորագրման։

Սա ընդհանրապես անհեթեթ առաջարկություն է, որը նախատեսված չէ որևէ լեգալ ընթացակարգով ու վստահ եմ՝ արհեստական նախապայման է, որպեսզի հնարավոր չդառնան արտահերթ ընտրությունները։

Բանաձևը շատ հստակ է․ Նիկոլ Փաշինյանը պետք է ընդունի, որ պատերազմում եղել է պարտություն, ինչի հետևանքով իր կառավարությունը կորցրել է քաղաքական լեգիտիմությունը ու նախաձեռնի արտահերթ ընտրություններ՝ անկախ ընդդիմադիր ուժերի դիրքորոշումներից։ Մնացածը՝ ընդդիմության համաձայնություն, Հուշագիր, «Նաջարյանը փոշմանել է» շարքից է։

Ընդամենը հակիրճ՝ ընդդիմադիր խմբակցությունների դիրքորոշումների մասին։

Երբ ես բազմաթիվ անգամներ պնդում էի, որ Փաշինյանի հրաժարականի պահանջը չպետք է հակադրել արտահերթ ընտրությունների օրակարգին՝ հենց այսօրվա համար էր ասում։ Ընդդիմությունը պետք է հնարավորինս փոքրացներ Փաշինյանի մանևրելու հնարավորությունը՝ նրան զրկելով մանիպուլյացիաների հնարավորությունից։ Ընդդիմությունը դա չի արել, բայց հիմա էլ ուշ չէ։ ԱԺ-ում ընդդիմության այսօրվա մարտավարությունն արդարացված էր։

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version