Site icon politcom

Ո՞ւմ է ծաղրում իշխանությունը․ նշանակեք արտահերթ ընտրություններ

«Մենք կարող ենք գնալ արտահերթ ընտրությունների, երբ կլինի հանրային հատվածի և քաղաքական ուժերի համաձայնությունը»,- օրեր առաջ ասել է Նիկոլ Փաշինյանի ՔՊ կուսակցության վարչության ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ հյուրընկալվելով կայքերից մեկին:

Արտաքուստ խիստ տոլերանտ ու կոնսոլիդացիայի տարրեր պարունակող այս նախադասության հիմքում դարձյալ թաքնված է իշխանության մանիպուլյացիան։

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո իշխանությունն ակնհայտորեն ապալեգիտիմացել է՝ հատկապես քաղաքական հարթության վրա ու դա բացահայտելու համար նույնիսկ սոցհարցումներ անցկացնելու անհրաժեշտություն չկա։ Նույն Նիկոլ Փաշինյանն ընդունել է այդ փաստը, երբ հանրայնորեն հնչեցրել է արտահերթ ընտրությունների գաղափարը։

Ընդդիմությունը, որի զգալի մասը միավորված է «Հայրենիքի փրկության շարժման» շրջանակներում, քաղաքական ճգնաժամի հաղթահարման բանալին համարեց ու համարում է փողոցով հեղափոխության իրականացումը, որի հաղթանակը պետք է վավերացնի գործող խորհրդարանը՝ 2018-ի օրինակով։

Արդեն տեսանելի է, որ ընդդիմության օրակարգը պարտվեց։ Սակայն այս հանգամանքը ոչ թե վերացնում, այլ ավելի է խորացնում քաղաքական ճգնաժամը, որովհետև փաստում է, որ ինստիտուցիոնալ ճգնաժամ առկա է նաև քաղաքական համակարգի ընդդիմադիր սեգմենտում։

Մյուս կողմից՝ Փաշինյանն առաջարկեց ճգնաժամի հաղթահարման իր տարբերակը, որը ենթադրում է արտահերթ ընտրությունների անցկացում։ Եթե նույնիսկ ընդդիմադիր ուժերը այդ նախաձեռնությունը չեն ընդունում, ապա դրա հակառակը հերթական ընտրությունները չեն, որովհետև ներկա ինստիտուցիոնալ համապարփակ ճգնաժամի ռեժիմում հնարավոր չէ երկիրը պահել մինչև 2023թ-ը։

Ուրեմն, պետք չէ պատասխանատվությունն արհեստականորեն գցել ընդդիմության կամ հասարակության վրա։ Եթե իշխանությունը ճանաչում է ճգնաժամի փաստը, պարտավոր է լեգալ ճանապարհով հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Սահմանադրությունը հուշում է կոնկրետ ճանապարհ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ու խորհրդարանը երկու անգամ վարչապետ չընտրի։

Այս ընթացակարգը կյանքի կոչելու համար իշխանությունը չունի ընդդիմության, առավել ևս՝ հասարակության աջակցության կարիքը։ Փաշինյանի հրաժարականից հետո «Իմ քայլից» դուրս գործող 49 պատգամավորները նոր վարչապետ ընտրել չեն կարող, ուստի՝ արտահերթ ընտրությունների ելքը կանխորոշված է։

Եթե իշխանությունը տարբեր պատճառաբանություններ է փնտրում ու չի գնում այս լուծմանը, ապա, մեղմ ասած, հետ է կանգնել արտահերթ ընտրությունների իր նախաձեռնությունից կամ համարում է, որ դրանցում հաղթելու որևէ շանս չունի։

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version