«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հեռանում է «Հայրենիքի փրկության շարժումից»։ Այս մասին այսօր իր էջում գրառում էր կատարել կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը․

«Հայրենիքի փրկության շարժման» հիմնական «առաքելությունն» ոչ թե Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, այլ նրան ստիպելը, որ ավելի մեծ «էնտուզիազմով» խոնարհվի ռուսական արքունիքի առջև (Նիկոլ Փաշինյանը սիրով խոնարհվեց Պուտինի առաջ, որովհետև նրան հետաքրքրում է բացառապես սեփական աթոռի պահպանումը)։ Նման դաշինքում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը անելիք չունի։ Մեր օրակարգում առաջնային պահանջը դարձյալ մնում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն մենք ճանապարհ չունենք այն հարթակի հետ, որը մոսկովյան ինչ-որ «կտերից» կուրացած՝ «բոմժի» կարգավիճակում է տեսնում մեր հասարակության տարբեր շերտերի։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը կհասնի Նիկոլ Փաշինյանի անփառունակ իշխանության հեռացմանը բոլոր լեգալ քաղաքական ճանապարհներով՝ «Հայրենքի փրկության շարժումից» դուրս»,- գրել էր Սուրենյանցը։

Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ նկատի ունի, երբ ասում է, որ «Հայրենիքի փրկության շարժման» հիմնական «առաքելությունն» ոչ թե Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, այլ նրան ստիպելը, որ ավելի մեծ «էնտուզիազմով» խոնարհվի ռուսական արքունիքի առջև»․ «Ես ֆիքսում եմ, որ 17-ի դաշինքը կամ «Հայրենիքի փրկության շարժումը» քաղաքական ինքնաբավության պակաս ունի, այսինքն՝ երբ դու քայլեր ես անում ոչ թե իրական իշխանափոխության ուղղությամբ, այլ այնպիսի քայլեր ես անում, որոնք հանգեցնում են Նիկոլ Փաշինյանի իշխանության ավելի մեծ կախվածությանը Մոսկվայից, այդ պարագայում գործ ունենք քաղաքական ինքնաբավության պակասի, ոչ արդյունավետ ընդդիմության մոդելի հետ։ Ես ընդամենը սա եմ արձանագրել։ Քաղաքական ինքնաբավության պակասը այլ հարցերում ևս դրսևորվում է, օրինակ՝ քաղաքական հարթակի ապաքաղաքական կամ աղքատիկ լինելը, ինչի հետևանքով ձևաչափի հետևում երևում էին նախկին համակարգի ականջները։ Շատ ավելի պարզ ձևակերպեմ, մեր կուսակցության համար շարունակում է առաջնահերթություն մնալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, և մենք դրան հասնելու ենք բոլոր հնարավոր լեգալ ճանապարհներով, բայց մյուս կողմից չենք կարող հասարակական տրամադրությունները անտեսել, իսկ հասարակական տրամադրությունները հուշում են, որ, այո, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կամ պաշտոնանկությունը անհրաժեշտություն է, բայց նաև հասարակությունը չի ուզում հների վերադարձը, հետևաբար պետք է ձևավորել հասարակական տրամադրություններին ադեկվատ քաղաքական օրակարգ և ձևաչափ»,- պատասխանեց Սուրենյանցը։

– Ինչո՞վ է հիմնավորվում Ձեր այն կարծիքը, որ «Հայրենիքի փրկության շարժումը» ոչ թե հրաժարական է պահանջում, այլ Փաշինյանին ստիպում է Ռուսաստանին ավելի շատ ծառայել։

– Վերցրեք, նայեք «Հայրենիքի փրկության շարժման» առաջին դեմքերի հարցազրույցները, ակնհայտորեն հասկացվում է, որ բոլոր հայտարարությունները ռուսական գծի մեջ են, նաև ուշագրավ են շարժման անհասկանալի պաուզաները, որպեսզի հանկարծ այստեղ քայլեր չարվեն կամ ակտիվություն չցուցաբերվի, որը ռուսական օրակարգին կարող է հակառակ լինել։ Այսինքն՝ ամբողջ քաղաքական գործընթացը կառուցվում է ոչ թե մեր հասարակական տրամադրություններից ելնելով, այլ այն հաշվարկով, որպեսզի քաղաքական գործունեությունը «հանկարծ «սխալ չնայվի» Մոսկվայում։

– Բայց դրանում ռացիոնալ տարր չկա՞։

– Ես կարծում եմ, որ Հայաստանում քաղաքական ուժերը, իհարկե, կարևորելով հանդերձ և անգնահատելի համարելով Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները, այնուամենայնիվ պետք է ձերբազատվեն ռուսական պրոյեկտ լինելու գայթակղությունից և արտահայտեն մեր հասարակության տրամադրությունները։ Հիմա կարծիք է ձևավորված, որ և՛ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, և՛ հարթակի ընդդիմությունը կամ «Հայրենիքի փրկության շարժումը»՝ երկուսն էլ ամբողջովին տրված են ռուսական օրակարգին և երկուսն էլ սպասարկում են բացառապես ռուսական շահեր, ահա այս իրավիճակում, ես կարծում եմ, մեր հասարակությունը այլընտրանքային մոտեցումների անհրաժեշտություն ունի։ Մեր կուսակցությունը նույնպես կարևորում և խրախուսում է հայ- ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացումը, բայց դա չի նշանակում, որ մենք մեր երկրի ներսում քաղաքական օրակարգը ձևակերպելիս պետք է հաշվի առնենք ոչ թե մեր հանրային տրամադրությունները, այլ ենթադրյալ շահը, որ ձևակերպվում է Մոսկվայում։ Այսինքն՝ ռազմավարական գործընկերություն կարևորելը և ռուսական պրոյեկտ լինելը միանգամայն տարբեր բաներ են։

– Երբ ասում եք, որ հների վերադարձը չեն ուզում, ո՞ւմ նկատի ունեք։

– Ես ընդհանրապես ամբողջ համակարգը նկատի ունեմ։ 2018-ին տեղի են ունեցել իրադարձություններ, որոնց հետևանքով այդ համակարգը մերժվել է։ Անցած 2-3 տարիների ընթացքում այդ համակարգը ոչինչ չի արել քաղաքական ռեբրենդինգի ենթարկվելու համար, այսինքն՝ մենք չենք տեսնում նոր մոտեցումներ, նոր բանաձևեր, զարգացման նոր տեսլականներ։ Այո, հնչում են քննադատություններ նրանց կողմից՝ հասցեագրված Նիկոլ Փաշինյանին, ինչը օբյեկտիվ է, սակայն միայն այդ քննադատությունը բավարար չէ, որովհետև 2 տարի առաջ հասարակության կողմից այդ համակարգը մերժված է, և 2-3 տարիների ընթացքում չի արվել ոչինչ այդ համակարգի կողմից քաղաքական նոր դեմք ունենալու, քաղաքական ռեբրենդինգի համար։ Եթե մենք մերժում ենք Նիկոլ Փաշինյանին, ապա դա չի նշանակում, որ ավտոմատ պետք է նախապատվությունը տանք քաղաքական այն համակարգին, որը 3 տարի առաջ ժողովրդի կողմից մերժվել է։ Մեր քայլով փորձում ենք քաղաքական դաշտը դուրս բերել սև-սպիտակի հակադրության դաշտից, և ուզում ենք հասարակությանը ցույց տալ, որ իր ընտրությունը վատի կամ ավելի վատի մեջ չէ, սևի կամ սպիտակի մեջ չէ, նոյեմբերի 9-ի խայտառակության և հոկտեմբերի 27-ի խայտառակության մեջ չէ։ Պետք չէ հասարակությանը մեղադրել այն բանում, որ նա չի ուզում ընտրություն կատարել նոյեմբերի 9-ի ու հոկտեմբերի 27-ի, հունվարի 11-ի ու մարտի 1-ի միջև։ Կարծում եմ՝ մեր հասարակությունը արժանի է ավելի լավ ընտրություն ունենալու։ Ես Փաշինյանի հրաժարականը պահանջում եմ, բայց միևնույն ժամանակ չեմ պատկերացնում նաև հին համակարգի վերադարձը, պատկերացնում եմ, որ Հայաստանի իշխանությունը պետք է ձևավորեն միանգամայն նոր ուժեր՝ նոր օրակարգով, որոնց հասարակությունը քվե կտա ընտրությունների ժամանակ։

– «Հայրենիքի փրկության շարժումն» ասում է, որ թիվ մեկ խնդիրը Փաշինյանի հրաժարականն է, համաձա՞ն եք։

– Այո, այդ հարցով ես համերաշխ եմ 17 կուսակցությունների հետ։

– Ձեր դուրս գալը «Հայրենիքի փրկության ճակատից» չի՞ նշանակում, որ Դուք դրա քայքայման և ընդդիմության պառակտման սկիզբն եք դնում։

– Ոչ, ես նման գնահատականներ կամ մեղադրանքներ չեմ ընդունի։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը հիմա էլ մենք համարում ենք առաջնահերթություն և այդ հարցում համերաշխ ենք «Հայրենիքի փրկության շարժմանը» մաս կազմող մյուս կուսակցությունների հետ։ Ի վերջո 17-ի դաշինքը ի սկզբանե ձևավորվել էր հենց միայն Փաշինյանի հրաժարականի պահանջի հարցով, մյուս հարցերը հետո եկան օրակարգ, բայց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի առաջնահերթությունը պնդելով, մենք տակտիկական, քաղաքական հռետորաբանության հարցերում էական տարաձայնություններ ունենք «Հայրենիքի փրկության շարժման» կուսակցությունների հետ, և բարոյական ենք համարում այդ մասին բարձրաձայնելը։ Մենք չենք կարող հանուն նրա, որ «Հայրենիքի փրկության շարժման» միասնականությունը իմիտացիոն մակարդակում պահպանվի, մեր տարաձայնությունների մասին չբարձրաձայնենք։ Օրինակ՝ մեր կուսակցությունը իրար չի հակադրում Փաշինյանի հրաժարականի պահանջն ու արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգը։ Դրանք ոչ միայն իրար չեն հակադրվում, այլև համադրելի են, որովհետև երկուսն էլ միտված են Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելուն։ Եթե, օրինակ, փողոցի միջոցով կամ հեղափոխության ճանապարհով հնարավոր չէ հասնել Փաշինյանի պաշտոնանկությանը, դա չի նշանակում, որ Փաշինյանի հրաժարականին չի կարելի հասնել արտահերթ ընտրությունների միջոցով։ Մեր կուսակցության համար ընդունելի են թե՛ փողոցային պայքարը, թե՛ արտահերթ ընտրություններին մասնակցությունը։ Այս հարցը շատ կարևոր հարց է, որովհետև մենք այլ մոտեցում ունենք, քան «Հայրենիքի փրկության շարժման» կուսակցությունները։ Ի վերջո քաղաքական բոլոր լեգալ հարթակներն ու գործիքակազմը պետք է օգտագործվի Նիկոլ Փաշինյանի հրաժարականին օր առաջ հասնելու համար։

– Դուք մտավախություն չունե՞ք, որ եթե այդ ընտրությունները կազմակերպի Նիկոլ Փաշինյանը, ապա կարող է վարչական ռեսուրս կիրառել կամ կեղծել արդյունքները։

– Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի իշխանություն չունի։ Բազմիցս ասել ենք, որ մի քանի տասնյակ համայնքապետեր իշխանությանը չեն ենթարկվում, բուհական համակարգը դուրս է եկել իշխանության վերահսկողությունից, դատական համակարգը սկսել է բավականին ինքնուրույն գործել, ինչը գովելի է և խրախուսելի։ Այս ամբողջ փաստերը երբ համադրում ենք, տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ամենաշատն է վախենում արտահերթ ընտրություններից և նրա հույսն այն է, որ ընդդիմությունը կհրաժարվի արտահերթ ընտրություններից և ինքն էլ կչեղարկի ընտրությունների անցկացման օրակարգը։ Ի դեպ, եթե ուշադիր հետևել եք ԱԺ-ի երեկվա հարցուպատասխանին, Փաշինյանն արդեն փորձում էր հետքայլ անել արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգից՝ պատասխանատվությունը գցելով խորհրդարանական ընդդիմության վրա։ Մենք այդպիսի նվեր չենք պատրաստվում Փաշինյանին մատուցել, մենք համոզված ենք, որ արտահերթ ընտրությունների պարագայում նույնիսկ ինքը վերարտադրվելու որևէ հնարավորություն չունի։