Իշխանությունը վախեցած է․ «Իմ քայլում» շատ են անվստահելիները

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը երեկ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում՝ առաջադրվելու է վարչապետի պաշտոնում։

Եթե իշխանություններն իրապես անկեղծ են ու ձգտում են արտահերթ ընտրությունների, ապա Մարուքյանի այս հայտարարությունը նրանց բացարձակապես չպետք է վախեցնի։ «Իմ քայլն» այս պահին ունի 83 պատգամավոր, այսինքն՝ դրանից դուրս գործող 49 պատգամավորները չեն կարող «7օր+7օր» ռեժիմով վարչապետ ընտրել, եթե անգամ Մարուքյանից բացի՝ այլ առաջադրվող էլ լինի։

Եթե թվաբանական այս պարզ խճանկարում իշխանությունն արտահերթ ընտրության չեղարկման պատասխանատվությունը գցում է ընդդիմության կամ ինչ-որ հուշագիր չստորագրելու վրա, ապա դիմում է էժանագին մանիպուլյացիայի։ Այդ պարագայում՝ լեգիտիմ իրավունք ունենք կարծելու, որ Նիկոլ Փաշինյանն իրականում արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրություն չունի ու այդ մասին հայտարարել է՝ կրքերը հանգստացնելու, այլ խոսքով՝ ժամանակի վրա խաղալու նպատակով։

Կա, իհարկե, երկրորդ վարկած։

Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, հասել է այն վիճակին, որ չի վստահում սեփական խմբակցությանը, այսինքն՝ կարծում է, թե իր հրաժարականի ու Էդմոն Մարուքյանի առաջադրվելու պարագայում «Իմ քայլում» կգտնվեն 17 պատգամավորներ, ովքեր կքվեարկեն «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի օգտին։

Բայց եթե Նիկոլ Փաշինյանը նման վախեր ունի, ավելի լավ է՝ հենց հիմա հրաժարական տա, որովհետև եթե չի կարողանում անգամ մեկ ֆրակցիա ղեկավարել, ապա ինչպե՞ս է երկիրը դուրս բերելու այս ճգնաժամից կամ մասնակցելու բավականին բարդ արտաքին քաղաքական բանակցությունների։

Գլոբալ հարթության վրա իշխանությունը չի գիտակցել, որ արտահերթ ընտրություններն իրեն պետք են՝ ոչ թե ընդդիմության, այլ՝ հասարակության հետ իր հարաբերությունները վերաիմաստավորելու, ճշտելու համար։ Եթե այս գիտակցությունը լիներ, արտահերթ ընտրությունների տապալման «մեղավոր» ընդդիմությունը չէր «նշանակվի»։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր