«Մարտական խաչ» ստացած աղավնին

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, որպես կապավոր, շատ հաճախ հանդես էին գալիս խաղաղության սիմվոլ հանդիսացող աղավնիները։ Այո, այո, դուք ճիշտ լսեցիք, աղավնիները՝ այդ քնքուշ ասվածաշնչյան սիմվոլը։
Մի հերոս թռչնակի պատմություն եմ ուզում պատմել ընթերցողիս, քանի որ, ի վերջո, պատերազմ անցած երկիր ենք և պատերազմի բաց վերքը, որը դեռ չի չորացել մեր սրտերում, անընդհատ հիշեցնում է իր մասին։ Պատմության մեջ մտած հերոս աղավնու անունն էր Շեր Ամի։ Օրերից մի օր, երբ ամերիկյան զորքը ճեղքում է թշնամու զորքերը, հայտնվում է շրջափակման մեջ։ Զինվորները, բարեբախտաբար, իրենց հետ վերցրած են լինում թվով չորս աղավնի, որոնք նախատեսված էին հրատապ լուրը տեղ հասցնելու համար։ Հայտնվելով շրջափակման մեջ՝ զինվորների միակ հույսը մնում էին աղավնիները։ Նրանց հերթով բաց էին թողնում երկինք և այդ պահին միակ երազանքն ու փափագը՝ նրանց նշմարված տեղը հասնելն էր։ Աղավնիները սավառնում էին ծխից գորշացած երկինք և հերթական կրակոցի արդյունքում հերոսի պես ընկում։ Մնացել էր վերջինը՝ Շեր Ամինը։ Նա կարծես զգում էր, որ ամեն գնով պետք է տեղ հասցնի զինվորների նամակը։ Շերը բացեց թևերը և կարծես օդանավ մանյովրելով սլացավ առաջ։ Լսվեցին հերթական կրակոցները ու զինվորները կորցրեցին տեսադաշտից աղավնուն։ Ասես ամեն ինչ պարզ էր՝ կորավ և հօդս ցնդեց վերջին հույսը։
Կարճ ժամանակ անց, շրջափակումից զինվորները դուրս բերվեցին։ Նրանք 194-ն էին։ Թվով 194 զինվոր իրենց կյանքով երախտապարտ էին փոքրիկ այն թռչնակին, որը վիրավորված և մեկ աչքը կորցրած կարողացել էր հասնել տեղ։ Թեժ մարտեր էին ընթանում, սակայն բժիշկները կենաց-մահու կռիվ էին տալիս նրա կյանքը փրկելու համար։
Հերոս-աղավնին միակն էր պատմության մեջ, որին պարգևատրեցին «Մարտական խաչ» շքանշանով։ Ապաքինվելուց հետո, դեռ մեկ տարի էլ, նա ապրեց մարդկանց հոգածության և փայփայանքի ներքո։ Սակայն ուշագրավն այն է, որ Շեր Ամիի խրտվիլակ մինչ օրս էլ պահվում է Սմիթսոնյան ինստիտուտում, ԱՄՆ-ում, պահվում է՝ որպես հերոսական սիմվոլ, որին տեսնելու են գալիս երկրագնդի տարբեր անկյուններից։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր