Տոնոյանի անուղղակի ակնարկը․ մեղավորը դարձյալ Փաշինյանն է

Հայաստանի ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ծավալուն հարցազրույց է տվել «Մեդիամաքսին», որի հիմնական նպատակը պաշտպանվելն է այն մեղադրանքներից, որոնք պատերազմից հետո հնչում են Տոնոյանի ու բանակի ղեկավարության հասցեին։

Դժվար է ասել՝ ինչքանով են համոզիչ ՊՆ նախկին նախարարի պարզաբանումները, համենայն դեպս՝ վստահ եմ, որ մեկ հարցազրույցով «մաքրվել» հնարավոր չէ։ Պատերազմի ու խայտառակ կապիտուլյացիայի պատճառները պետք է դառնան քաղաքական և իրավական լուրջ հետաքննության առարկա ու այդ շրջանակում Տոնոյանին շատ հարցեր են տրվելու։

Մենք կանդրադառնանք այսօրվա հարցազրույցի որոշ դրվագների։
Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում հայտարարել է, որ պատերազմի 4-րդ օրը ԳՇ պետի՝ ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին ահազանգը համաձայնեցված է եղել իր հետ: Իսկ 2020թ.-ի ամռանը ԳՇ պետի զեկույցը, որ Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ հարձակում են պատրաստում «ՊՆ և ԳՇ համակարգված ու համաձայնեցված մոտեցումն է»:

Հարցազրույցի այս հատվածում Տոնոյանն, ըստ էության, ԶՈւ-երի վրայից դուրս է դնում պատասխանատվությունը՝ հաստատելով, որ պատերազմից առաջ ու դրա ընթացքում Նիկոլ Փաշինյանը տիրապետել է իրական անմխիթար իրավիճակը բնութագրող պատկերին՝ փաստաթղթային մակարդակում, սակայն դիվանագիտական հարթության վրա ոչ մի քայլ չի ձեռնարկել պատերազմը կանխելու, իսկ հետո՝ ավելի նպաստավոր պայմաններում դադարեցնելու ուղղությամբ։ Ի դեպ, Տոնոյանի պնդումը մեկ այլ առիթով հաստատել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն ասել էր, թե հոկտեմբերի 19-20-ին եղել է պատերազմը դադարեցնելու իրական հնարավորություն, ինչին առարկել է Փաշինյանը։

Մնում է պարզել՝ որո՞նք են եղել գործող վարչապետի իրական մոտիվները՝ ոչ կոմպետենտ ու խայտառակ կառավարո՞ւմը, արկածախնդրությո՞ւնը, չարդարացված սպասումնե՞րը, թե՞ այլ հանգամանքներ, որոնք աղերս ունեն ՔՕ համապատասխան հոդվածների հետ։

Ինչո՞ւ է ռազմական գործողությունների ակնհայտ ձախողման համատեքստում երկրում իրականացվել կեղծիքի ու մանիպուլյացիայի վրա հիմնված քարոզչություն, որի հիմնական նպատակը եղել է իշխանության PR-ը և հասարակության բթացումը։

Սրանք հարցեր են, որոնց Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության ներկա ու նախկին պաշտոնյանները հանգամանալից պատասխանելու են անխուսափելի թվացող իրավական գործընթացում։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր