Քաղաքական ադեկվատության դեֆիցիտ

Ժամանակին Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին քննադատում էր, որ վերջինս սահմանադրական փոփոխություններով ձգտում է իշխանության վերարտադրությանը։ Այդպես էլ կար՝ Սարգսյանը ժողովրդավարության կամ պառլամենտարիզմի դարդով չէր տառապում, ուղղակի ուզում էր երկիրն էլի ղեկավարել՝ Կենտկոմի առաջին քարտուղարի կարգավիճակով։ Նրա մոտ չստացվեց։
Հիմա նույն խոտոր ճանապարհով գնում է Նիկոլ Փաշինյանը։ Դարձյալ «կարկատում» է Սահմանադրությունը, որ կարողանա առանց հրաժարականի արտահերթ ընտրություններ անցկացնել։ Փաշինյանի «փորացավն» էլ է իր իշխանության վերարտադրությունը, սակայն նա էլ կարող է սայթաքել քաղաքական ադեկվատության կորստի հետևանքով։
Մեծ հաշվով՝ Նիկոլը «քաղաքական դիակ» է ու իր իշխանությունն անցած երկու-երեք ամիսներին պահել է, որովհետև երկրում չկա ընդդիմության արդյունավետ մոդել։
Եթե արդյունավետ ընդդիմություն ունենայինք, դրա առաջնորդ Վազգեն Մանուկյանն այսօր չէր հայտարարի «շենքեր գրավելու և զոռով իշխանությունը փոխելու» անհրաժեշտության մասին։
Երբ «Հայրենիքի փրկության շարժումը» ձախողել է հեղափոխության օրակարգը, ապա նրան մնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացմանը հասնել բացառապես արտահերթ ընտրությունների ճանապարհով, որտեղ ընդդիմությունն ունի վերահսկողության անհրաժեշտ գործիքակազմ։ Ցանկացած այլ ճանապարհ նման է արկածախնդրության, որը վկայում է քաղաքական ադեկվատության դեֆիցիտի մասին։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր