Site icon politcom

Փաշինյանի վախերը․ «Իմ քայլի» հրատապ նիստը

Քիչ առաջ մեկնարկել է «Իմ քայլը» խմբակցության նիստը՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մասնակցությամբ, որը հանրային ուշադրության չէր արժանանա, եթե դրա օրակարգում չլիներ սահմանադրական փոփոխությունների մի նախագիծ, որի համաձայն՝ խորհրդարանը 3/5-ով ինքնալուծարվելու հնարավորություն է ստանում։
Ինչի՞ մասին է սահմանադրական փոփոխությունների այս նախագիծը։ Բնականաբար՝ արտահերթ ընտրությունների։
Իհարկե, սա կարող է ընթերցողի մոտ տարընթերցում առաջացնել, որովհետև արտահերթ ընտրություններ հնարավոր էր անցկացնել նաև այսօրվա սահմանադրական կարգավորումներով։ Դրա համար պետք էր, որպեսզի գործող վարչապետը հրաժարական տա, իսկ խորհրդարանը նոր վարչապետ չկարողանա ընտրել երկու անգամ՝ «7օր+7օր» բանաձևով։
Արդ, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այս պարզ բանաձևը թողած՝ արտահերթ ընտրությունների հասնում բարդ մի ճանապարհով, որի մի հանգրվանը սահմանադրական փոփոխություններն են, ինչո՞ւ է մի ամբողջ խորհրդարանի կտրում իր բուն գործառույթից՝ արհեստական օրակարգ առաջ բերելով։
Պատճառը Փաշինյանի վախերն են։
Նա հոգեբանորեն վախենում է հրաժարականի տեքստ կարդալուց, եթե դա նույնիսկ ձևական է ու միտված է արտահերթ ընտրությունների կազմակերպմանը։ Վախենում է, որովհետև գիտակցում է, որ նույնիսկ ֆորմալ հրաժարականի դեպքում խորհրդարանական մեծամասնության շատ պատգամավորների վարքագիծը դառնալու է անկանխատեսելի։ Այնքան անկանխատեսելի, որ հնարավոր է՝ արտահերթ ընտրությունների փոխարեն, ստանանք նոր վարչապետ՝ նման մտադրություն հայտնած Էդմոն Մարուքյանի կամ մեկ ուրիշի դեմքով։
Արտահերթ ընտրությունը՝ առանց սեփական հրաժարականի, սեփական իշխանությունը վերարտադրելու գոնե տեսական շանս է, հրաժարականը, նույնիսկ՝ ֆորմալ, ձևական, այդ շանսը կարող է զրոյացնել։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version