Site icon politcom

Ո՞վ է վերահսկելու Մեղրիի միջանցքը

Ռուսական РБК-ն հայտնում է, որ հունվարի 27-ին տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին միացնող երկաթգիծ կառուցելու օրակարգով։

Ռուսական կողմից բանակցություններին կմասնակցի Ալեքսեյ Օվերչուկը, հայկական կողմից՝ Մհեր Գրիգորյանը, ադրբեջանական կողմից ՝ Շահին Մուստաֆաևը:

Նման ձևաչափով հանդիպումն ինքնին կանխատեսելի էր, որովհետև դա բխում է հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպման ու հայտարարության տրամաբանությունից։

Կոմունիկացիաների ապաշրջափակումը դրական գաղափար է, որին չի կարող հակադրվել որևէ ողջամիտ մարդ։ Խնդիրն այստեղ այլ հարթության վրա է ու հենց այդ պատճառով էլ, մասնավորապես՝ Հայաստանում, մարդիկ ցավով ու անհանգստությամբ են արձագանքում տեղի ունեցող գործընթացներին։

Քանի դեռ Բաքվի բանտերում պահվում են տասնյակ, հարյուրավոր հայ ռազմագերիներ, ադեկվատ չէ քննարկել կոմունիկացիաների ապաշրջափակման հարց։ Դժվար է, օրինակ, մտածել, որ որևէ հայաստանցի բիզնեսմեն իր բեռները Ռուսաստան կհասցնի Ադրբեջանի տարածքով, քանի դեռ Հայաստանի քաղաքացիները, մեծ հաշվով՝ Հայաստանը պատանդառված են։ Նույնիսկ Վրաստանի ադրբեջանաբնակ հատվածներում քարեր են նետում հայկական բեռնատարների ուղղությամբ՝ խոչընդոտելով նրանց տեղաշարժը։
Մյուս կողմից՝ կոմունիկացիաների ապաշրջափակումը դրական երևույթ է, եթե գործընթացի արդյունքում երկրի ինքնիշխանությունը չի սահմանափակվում։ Մեր իշխանությունները սպառիչ պատասխան չեն տվել այն հարցին, թե ո՞վ կամ ովքե՞ր են վերահսկելու, այսպես կոչված, Մեղրիի միջանցքը։ Եթե կոմունիկացիաների անվտանգության կամ այլ մոտիվով կոմունիկացիոն միջանցքի վերահսկողությունն անցնի երրորդ երկրի, ապա գործ ենք ունենալու իր տարածքի հանդեպ Հայաստանի սուվերենության կորստի հետ։
Ակնհայտ է, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը ռուսական ծրագիր է, որի միջոցով իրար են կապվում թուքական և ռուսական երկաթգծերը։ Այս նախագծից օգտվում են Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը։ Հայաստանի հնարավոր պլյուսները վիրտուալ են, որոնք որևէ իրական հիմք չունեն, քանի դեռ գտնված չէ ԼՂ խնդրի քաղաքական լուծումը և տարածաշրջանում հաստատված չէ կայուն խաղաղություն։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version