Site icon politcom

Աղետն անխուսափելի է, եթե չլինեն պատկան մարմինների հրատապ միջամտությունները․․․․

Արդեն տարիներ շարունակ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 31 բազմաբնակարան շենքի, մասնավորապես՝ 6-րդ մուտքի բնակարանները գտնվում են բացառապես անմխիթար՝ վթարային վիճակում։ Բնակարանների առաստաղները ունեն մեծ ճաքեր, որոնք օրեցօր ավելի են մեծանում, աստիճանավանդակների եզրերում պարբերաբար նույնպես առաջանում են ճաքեր, որոնք ժամանակ առ ժամանակ նորոգվում են։ Այս համատեքստում նույնիսկ երկրորդական ենք համարում նշել, որ շենքի ծածկը՝ թիթեղները, այնքան անպիտան են, որ անձրևների կամ ձնհալի ժամանակ զգացնել են տալիս, որ գոյություն չունեն։
Նշենք, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 31 շենքը, որը կառուցվել է դեռևս 1960-ականներին, 3-րդ կարգի վթարային շենք է։ Ուստի տվյալ շեքի նկատմամբ որևէ ամրակայման աշխատանքներ երբևէ չեն իրականացվել, իսկ տարիներ առաջ ծառացած խնդիրները դեռ ավելի են խորացել։ Նախկինում նույն իրավիճակում հայտված և հարևանությամբ գտնվող Մարգարյան փողոցի թիվ 29 բազմաբնակարան շենքը դեռ տարիներ առաջ վերանորոգվել և ամրացվել էր։ Հավանաբար, բողոքը տեղ էր հասել, մինչդեռ՝ թիվ 31 շենքի մասով խոստացված աշխատանքները այդպես էր մնացին չիրականացված, իսկ վտանգը մի օր ու շատ մոտ ժամանակներում իր մասին լուր կտա, քանի որ սեյսմիկ վտանգավոր վիճակում գտնվող բնակարաններում, մասնավորապես՝ 6-րդ մուտքի բնակարաններում, վտանգավոր և արդեն անթույլատրելի են համարում երեխաներին մենակ թողնելը, քանի որ շատ հաճախ առաստաղից բեկորներ են ընկնում, էլ չենք խոսում այն մասին, որ դռներն ու պատուհանները դժվար են փակվում։ Աղետից զերծ մնալու նպատակով՝ հորդորում ենք բոլոր պատկան մարմիններին հարցը կարգավորել և խնդրում հրատապ արձագանքել և գոնե իրականացնել շենքի վերանորոգման և ամրակայման աշխատանքները։
Կցում ենք թիվ 31 շենքի 6-րդ մուտքի բնակիչների ստորագրությունները։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version