Այվազյանն ընդդեմ Փաշինյանի՞

Այսօր հյուրընկալելով Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին ՝ ուշագրավ հայտարարություն է արել Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը, թե «Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար»։
«Այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունը ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում։ Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն», – ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։
Այվազյանի մասնագիտական որակների մասին այնքան էլ բարձր կարծիքի չեմ ու դարձյալ մնում եմ այն տեսակետին, որ նա ԱԳ նախարարի ամենաանհաջող թեկնածուներից մեկն էր։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ նա այսօր բավականին սթափ ու համարժեք գնահատական է տվել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի արդյունքում ստեղծված իրավիճակին, նոր ստատուս-քվոյին։
Բայց Այվազյանի այսօրվա հայտարարությունը տրամագծորեն հակադրվում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը։ Եթե ԱԳ նախարարն, ըստ էության, հակադրվում է նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի տրամաբանությանը, ապա Նիկոլ Փաշինյանը գործնականում կապիտալիզացնում է եռակողմ հայտարարության դրույթները, օրինակ՝ հունվարի 11-ի մոսկովյան նոր եռակողմ հայտարարությամբ։ Ավելին, Փաշինյանի թիմը հետևողականորեն քարոզչություն է իրականացնում իբրև թե բացվող տնտեսական հեռանկարների, խաղաղության բացած վիրտուալ պատուհանների մասին։
Նման իրավիճակում դժվար է պատկերացնել, որ Փաշինյանը, օրինակ, Մոսկվայում մի գիծ է առաջ տանում, իսկ Երևանում՝ այլ գիծ։ Նման խորամանկության և մանևրի ռեսուրս Փաշինյանը պարզապես չունի։
Մնում է ենթադրել, որ իրական են Արա Այվազյանի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը։ Նախարարն՝ իր «ինքնուրույնությամբ», փորձում է ստեղծել պաշտոնից հեռանալու քաղաքական հիմքերը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր