Site icon politcom

Փաշինյանի դիվանագիտական անձնագրի ադրբեջանական ոդիսականը․ ի՞նչ կապ ունի դրա հետ Քյարամյանը

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության ստորագրման օրը ՀՀ կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է, որ այն, ինչպես նաև մյուս 13 հափշտակված անձնագրերը չեղարկվել են:
«Նոյեմբերի 10-ին՝ մի խումբ անձանց ՀՀ կառավարության շենք ներխուժելու ժամանակ հափշտակվել է 14 ՀՀ դիվանագիտական անձնագիր, որոնք նույն օրը ՀՀ ԱԳՆ կողմից չեղարկվել են: Այդ անձնագրերի թվում էր նաև ՀՀ վարչապետի դիվանագիտական անձնագիրը»,- նշել է Նաղդալյանը:
Հունվարի 26-ին «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, թե ադրբեջանցիներն իրեն են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը: Հովհաննիսյանն ավելի սկանդալային բացահայտումներ էլ է արել՝ պնդելով, որ ՔԿ պետի տեղակալ, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի միջնորդությամբ ադրբեջանցիները հեշտությամբ Հայաստանի քաղաքացիություն ու անձնագիր են ստանում՝ «փողին մուննաթ» սկզբունքով։ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրն, ըստ Հովհաննիսյանի, իր մոտ հայտնվել է հենց ադրբեջանցիներին վճարված «կլորիկ գումարի» դիմաց։
Ես, իհարկե, «հալած յուղի» տեղ չեմ ընդունում ոչ փորձագետի, ոչ էլ՝ մեր ԱԳՆ-ի հայտարարությունները, սակայն մի քանի ուշագրավ հարցադրում չեմ կարող չանել։
Նոյեմբերի 9-10-ի իրադարձություններից հետո ասվում էր, նաև՝ Փաշինյանի կողմից, որ ջարդարարները հափշտակել են վարչապետի ժամացույցը, օծանելիքը, համակարգիչը և Աննա Հակոբյանի վարորդական իրավունքը: Ինչպե՞ս ստացվեց, որ հետին թվով գողունի մեջ «հայտնաբերվել» են նաև դիվանագիտական անձնագրերը։ Կա՞ն մարդ կամ մարդիկ, որոնց մեղադրանք է առաջադրվել վարչապետի դիվանագիտական անձնագիրը հափշտակելու հատկանիշներով։
Անդրանիկ Հովհաննիսյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը 2020-ի նոյեմբերի 7-ից է իր մոտ, ինչպե՞ս կարող էր այն «անհետանալ» նոյեմբերի 9-10-ին։ Կամ՝ եթե Հովհաննիսյանը սխալ ժամկետ է նշում, ապա ինչպե՞ս է նոյեմբերի 9-10-ին «հափշտակված» անձնագիրը «հասել» Ղազախստան ու հայտնվել ադրբեջանցիների ձեռքում։
Եվ վերջապես՝ Անդրանիկ Հովհաննիսյանը, նրանից առաջ՝ Գառնիկ Իսագուլյանը, բազմաթիվ պնդումներ են արել Արգիշտի Քյարամյանի մասին՝ պնդելով, թե վերջինս զբաղված է եղել ադրբեջանցիներին հայկական անձնագրեր բաժանելով։ Ինչո՞ւ են պատկան մարմինները չնկատելու տալիս համառորեն բարձրաձայնվող այս պնդումները։ Համենայն դեպս, Նիկոլի Փաշինյանի դիվանագիտական անձնագրի ադրբեջանական ոդիսականը միայն խորացնում է կասկածները։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version