Սկանդալ․ Ինչպե՞ս կարող է նամակը չհասնել ԱՄՆ դեսպանատուն

Սկանդալ․ Ինչպե՞ս կարող է նամակը չհասնել ԱՄՆ դեսպանատուն

Սույն թվականի հունվարի 25-ին «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության կողմից գրություն էր ուղարկվել Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Որպես քաղաքական կուսակցություն՝ ծրագրել ենք հանդիպումների շարք Հայաստանում հավատարմագրված դիվանագետների, այդ թվում՝ ԱՄՆ դեսպան տիկին Լին Թրեյսիի հետ։ Սակայն մի քանի օր անց՝ հունվարի 27-ին, թիվ 0078 փոստային բաժանմունքից ստացվեց զանգ, որով մեզ հայտնեցին, որ նամակ է ստացվել ԱՄՆ դեսպանատնից, ընդ որում՝ այն հարցիս, թե պատասխան նամա՞կ է, ինձ տրվեց հստակ դրական պատասխան։
Ամենահետաքրքիրը սկսվեց փոստային բաժանմունքում, երբ ինձ տվեցին լիովին բացված՝ մեր կողմից ԱՄՆ դեսպանատուն հասցեագրված վերը նշված ծրարը, որը, վստահ եմ՝ բացված էր միտումնավոր, քանի որ ծրարում տեղադրված մեր գրությունը նպատակային բացելուց միաժամանակ վնասել էին, այսինքն՝ այն ինքնաբերաբար բացվել չէր կարող։ Բայց սա դեռ մի կողմ, ամենաանհասկանալին, իսկ գուցե հասկանալին այն էր, որ մեզ զանգահարում են այն հեռախոսահամարով, որը նշված չի եղել ոչ ծրարի, ոչ էլ ուղարկված գրության բլանկի վրա, հետևաբար, անհայտ է մնում, թե որտեղից են պեղել այն հեռախոսահամարը, որը նշված չի եղել համապատասխան կոնտակտ հաստատելու պարագայում։
Արագ գնահատելով ստեղծված իրավիճակը, տեղում՝ հենց աշխատակիցների ներկայությամբ, դիմում-բողոք գրվեց «Հայփոստ» ՓԲԸ ղեկավար Հայկ Կարապետյանին, որին խնդրել ենք պարզել վերոգրյալը։ Թյուրիմացություններից զերծ մնալու համար՝ կուսակցության ղեկավարը անմիջապես կապ հաստատեց ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ, որը հավաստիացրեց, որ մեր կուսակցության նամակը դեսպանատունը չի ստացել, հետևաբար, մեր նամակը ուղևորվել էր «ռեվիզիայի»։ Բնականաբար, հասցեատիրոջը չհասած նամակում գաղտնի ու արտառոց որևէ բան չկար, որոշեցինք այն հրապարակել՝ մեր գործունեության թափանցիկության սկզբունքից ելնելով։
Չգիտենք, ինչ իրավական հետևանքներ կունենա այս գործընթացը մեր «իրավական» երկրում, բայց մի բանում հաստատ վստահ ենք, որ կուսակցությունների գործունեության նկատմամբ առկա է տոտալ վերահսկողություն՝ ընդ որում պարզ է նաև, որ առանց իշխանության միջամտության նման բան տեղի ունենալ չէր կարող։ Սակայն մի բան էլ արձանագրենք տեղի ունեցածում․ ամբողջ, այսպես կոչված, շարժը այնքան ոչ պրոֆեսիոնալ էր արվել, որ տղերքը կրկին փաստեցին իրենց տոտալ անգրագիտությունն ու փնթիությունը։ Դե հա, չզարմացա, անկեղծ ասած, քանի որ այս վիճակը տիրում է ամենուր՝ կառավարման բոլոր օղակներում։

նման նյութեր