Պուտին-Բայդեն հեռախոսազրույց՝ տարբեր մեկնաբանություններով

Հունվարի 26-ին կայացել է առաջին հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի միջև, որը գործնական բնույթ է կրել:
«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների զրույցը գործնական և անկեղծ բնույթ է կրել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կապերը պահպանելու մասին: Քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերը: Վերանայվել են կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում, ինչպես նաև այլ ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական, համագործակցության հնարավորությունները»,- ասված է Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Բաց երկնքի պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու հարցը, իրանական միջուկային գործարքի պահպանման խնդիրը, ներուկրաինական կարգավորումը, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների գագաթնաժողով անցկացնելու մասին ռուսաստանյան առաջարկը:
Կողմերը պայմանավորվել են նաև երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման և կրճատման մասին պայմանագիրը:
Չնայած կայացած հեռախոսազրույցին՝ ռուս-ամերիկյան հարաբերությունները շարունակում են լարված մնալ, ինչի ապացույցն է Բայդեն-Պուտին զրույցի ամերիկյան հաղորդագրությունը, որի շեշտադրումները էապես տարբեր են Կրեմլի տարածած տեքստից։
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանության մամլո կցորդ Ռեբեկկա Ռոսսը թվիթերի իր էջում գրել է, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած առաջին հեռախոսազրույցում ասել է, որ Վաշինգտոնը մտադիր է հաստատակամորեն առաջ մղել իր ազգային շահերը։
«Նախագահ Բայդենը հստակ հասկացնել է տվել, որ ԱՄՆ-ը վճռականորեն պաշտպանելու է իր ազգային շահերը»,- նշել է Ռոսսը՝ հայտնելով նաև, որ երկու տերությունների ղեկավարները բացի «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման ու սահմանափակման մասին» պայմանագրի երկարաձգման հարցը քննարկելու անդրադարձել են Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակին ու ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցելուն:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր