Շնորհավոր տոնդ, բանակ։ Մեր բանակը երբեք չի պարտվել

Հունվարի 28-ը հատուկ նշանակություն և խորհուրդ ունի մեր տոնացույցում։ Այդ օրը մեր բանակի՝ բոլորս հպարտության, ծննդյան օրն է։
Տարիներ շարունակ մենք այս օրը տոնել ենք հատուկ խանդավառությամբ՝ բարձրաձայնելով, որ ունենք տարածաշրջանի ամենամարտունակ, ուժեղ բանակը, որը կարողացել է փառահեղ հաղթանակ տանել արցախյան առաջին պատերազմում, ծնել է բյուր հերոսներ, մեծարման արժանի գեներալներ, սպաներ, զինվորներ։
Արցախյան վերջին պատերազմն ու խայտառակ կապիտուլյացիան շատ բան փոխեցին մեր հանրային ընկալման մեջ, սակայն նույնը մնաց ակնածանքը բանակի, նրա սպայի ու զինվորի հանդեպ։
Բանակը չի պարտվել նաև վերջին պատերազմում ու 44 դժնդակ օրերին հայ զինվորն ու սպան մեր ժողովրդի հերոսապատումը լրացրել են բազում սխրանքներով, վասն հայրենյաց նվիրումի ու անձնազոհության դրվագներով։
Պարտվել են մեր իշխանությունների ապիկար քաղաքականությունը, պետության սխալ մոդելը, անփառունակ դիվանագիտությունը։
Բանակը չի պարտվել, պարտվել են մեր քաղաքական միտքը, չկայացած հանրային դիսկուրսը։
Մենք պարտվեցինք, երբ 1997-ին մերժեցինք արժանապատիվ խաղաղության բանաձևը։
Մենք պարտվեցինք, երբ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում գնդակահարեինք մեր հաղթանակի խորհրդանիշ Սպարապետին։
Պարտվեցինք, երբ երկու տասնամյակ շարունակ հանդուրժեցինք արատավոր կոռումպացված համակարգի գոյությունը, որը մսխեց մեր հաղթանակը։
Պարտվեցինք, երբ հեղափոխության անվան տակ իշխանությանը տիրացան գավառամիտ ոչնչություններ, որոնք երկու-երեք տարում, ըստ էության, ոչնչացրեցին պետական համակարգը։
Ահա, 20-23 տարիների այս ընթացքը հանգեցրեց պարտության, իսկ մեր բանակը դարձյալ կռվեց հերոսաբար՝ մեն-մենակ արժանապատիվ կռիվ տալով արտաքին թշնամու, ներքին անարդյունավետ կառավարման, ամլացած պետական ու քաղաքական համակարգի դեմ։
Փառք ու պատիվ մեր անպարտ բանակին, նրա գեներալին, սպային, զինվորին։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր