Քոչարյանը վերջնականապես «թաղեց» «Հայրենիքի փրկության շարժումը»

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի արտահերթ ընտրություններին, եթե իշխանությունն, այնուամենայնիվ, այս մթնոլորտում կազմակերպի արտահերթ ընտրություններ: Սա էր երկրորդ նախագահի երեկվա հարցազրույցի հիմնական ու թերևս միակ ուղերձը։
Ի՞նչ կարելի է հասկանալ Քոչարյանի այս ուղերձից։
Առաջին հերթին՝ այն, որ երկրորդ նախագահն այլևս սպառված է համարում «Հայրենիքի փրկության շարժումը»՝ հեղափոխական օրակարգով, և, ըստ էության, համաձայն է քաղաքական ճգնաժամի հաղթահարման լեգալ օրակարգին՝ արտահերթ ընտրությունների միջոցով։
Կանխատեսելի է, որ Քոչարյանի այս հայտարարությունից հետո «Հայրենիքի փրկության շարժումը», որը շեշտը դնում էր անցումային կառավարության ձևավորման վրա ու մերժում էր այս իշխանության պարագայում արտահերթ ընտրությունների անցկացումը, ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ է հայտնվելու և արագ կազմաքանդվելու է։
Մյուս կողմից, ակնհայտ է, որ Քոչարյանն անձամբ է խաղի մեջ մտնում՝ օրակարգից դուրս թողնելով Վազգեն Մանուկյանին, ինչը ենթադրում է քաղաքական վերադասավորումներ հին համակարգի ուժերի հետ ասոցացվող սեգմենտներում։
Միևնույն ժամանակ, իշխանությունը զրկվում է մանևրելու հնարավորությունից, որովհետև ընդդիմադիր դաշտի առանցքային խաղացողներից մեկն ընդունեց արտահերթ ընտրությունների օրակարգը։ Այս համատեքստում առավել իրական է դառնում արտահերթ ընտրությունների անցկացումը։
Քոչարյանի հայտարարությունից հետո տեսանելի է, որ քաղաքական պայքարն ավելի է սրվելու «հների» ու «նորերի» առանցքում, մինչդեռ՝ հանրային տրամադրությունները հուշում են, որ ժողովուրդը, մեղմ ասած, խանդավառված չէ ոչ Փաշինյանի թիմով, ոչ էլ՝ «նախկինների» վերադարձով։ Ըստ այդմ, օրվա հրամայականն է նոր ձևաչափերի ստեղումը, որը չի ասոցացվելու ոչ կապիտուլյանտ ներկայի և ոչ էլ՝ մերժված անցյալի հետ։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր