Site icon politcom

«Պատմական ապստամբության» հետքերով

Մի քանի օր առաջ Հայ ազգային գվարդիան և մի շարք քաղաքացիական նախա¬ձեռնություններ ստորագրեցին հա-մախմբման հուշագիր՝ Հայ ազգային ճակատը, «Ձայն հայրենյաց»-ը, Մտավորականների խորհուրդը և Կոմանդոսի «Խորհուրդը»: Երեկ էլ այս միավորումը որոշել էր կառավարության շենքի մոտ «հայահավաք» անցկացնել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և անցումային կառավարության ձևավորում։
Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո նման հավաքները և դրանց օրակարգը միանգամայն լեգիտիմ են ու նույնիսկ զարմանալի է, որ ակցիաներին սահմանափակ թվով մարդիկ են մասնակցում։ Օրինակ, երեկ հավաքին, որը պետք է դներ «ազգային-ազատագրական պայքարի» մեկնարկը, հավաքվել է 2000-ին մոտ մարդ։
Սրանով հանդերձ՝ հավաքը ու նրա պահանջները միանգամայն լեգիտիմ են, սակայն անհասկանալի մնաց, թե ինչու հավաքված 2000 քաղաքացիները որոշեցին «ժողովրդի անունից» ներխուժել կառավարության շենք, մանավանդ, որ այդ պահին շենքում որևէ պաշտոնյա չկար։
Նման «ներխուժումները» ինքնաբուխ չեն լինում և, ըստ էության, ստվերեցին երեկվա ակցիան, որովհետև պայքարի ոչ լեգալ մեթոդները ձեռնտու են միայն իշխանությանը, որը լեգիտիմ ուժ կիրառելու հնարավորություն է ստանում՝ հասարակությանը և միջազգային հանրությանը մատուցելով, որ իր դեմ ընդվզում են մի խումբ մարգինալներ։ Պատահական չէ, որ 5 անձ արդեն ձերբակալվել է՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով:
Ըստ երևույթին, կառավարության շենքի երեկվա «ներխուժումը» քաղաքական սցենարի փորձարկում էր։ Ընդամենը։ Սա այն դեպքն է, երբ հրապարակում հավաքված հարյուրավոր քաղաքացիների անկեղծ զայրույթն օգտագործվեց քաղաքական տեխնոլոգիաների նպատակով։
Շենքեր «ներխուժելու» սցենարի մասին օրեր առաջ Արարատում բարձրաձայնել էր Վազգեն Մանուկյանը՝ դա կոչելով ապստամբություն։ Արդյո՞ք երեկ փորձարկվում էր «Հայրենիքի փրկության շարժման» լիդերի թեզը, թե՞ Ռոբերտ Քոչարյանն էր փորձում ապացուցել, որ իր մեկ հարցազրույցը ու ընտրությունների մասնակցելու մեսիջը նման «խանդավառությամբ» է ընդունվել քաղաքացիների կողմից։
Սրանք ընդամենն առաջ քաշված վարկածներ են, բայց փաստ է, որ ընդդիմադիր գործունեությունը հերթական անգամ դեգրադացվեց, իսկ իշխանությունը հնարավորություն ստացավ փորձարկել իր ուժային պոտենցիալը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version