Site icon politcom

Աբխազիայի չափ էլ չկանք

Ռոբերտ Քոչարյանն՝ իր վերջին հարցազրույցում ասել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջից վերածվել է նրա պրոտեկտորատի։
Սա այն հազվադեպ դեպքերից է, որ միանգամայն համաձայն եմ Քոչարյանի հետ։ Դա է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի, առհասարակ՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության գինը։ Այս մեղքի համար Փաշինյանը հաստատ չի ներվելու՝ ինչքան էլ փորձի էժանագին մանիպուլյացիայով ապակողմնորոշել հասարակությանը։
Մյուս կողմից, հայ-ռուսական հարաբերություններում վասալային բաղադրիչը հայտնվել է շատ ավելի վաղ՝ դեռ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում։ Եթե այս թեմայով շատ չծավալվեմ, ապա միայն «Գույք՝ պարտքի դիմաց» տխրահռչակ ծրագիրն ասվածի լավագույն ապացույցն է։ Այսինքն, խնդիրը ոչ միայն Փաշինյանի անձն է, այլ՝ գրեթե ողջ քաղաքական համակարգի որակը ու հնարավոր արտահերթ ընտրություններն էլ լինելու են ստորաքարշության շքերթ, երբ դրա հիմնական դերակատարները փորձելու են հնարավորինս քծնել մոսկովյան անգամ միջին կարգի չինովնիկների՝ նրանց «դաբրոն» ստանալու համար։
Սակայն Հայաստանը նույնիսկ Ռուսաստանի պրոտեկտորատ չէ ու ավելի ցածր կարգավիճակ ունի։
Ռուսական իրական պրոտեկտորատ համարվող Աբխազիայի իշխանությունները հրաժարվում են Ռուսաստանին արտահանձնել «Յապոնչիկ» մականունով հայտնի քրեական հեղինակություն Վյաչեսլավ Իվանկովի սպանության մեջ կասկածվող անձանց։ Այս մասին այսօր հայտարարել է Աբխազիայի գլխավոր դատախազությունը։
Ավելի վաղ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնական դիմում էր ներկայացրել Սուխումիի իշխանություններին՝ պահանջելով արտահանձնել 2009 թվականին կատարված սպանության մեջ կասկածվող Նուգզար Պապավային և Աստամիր Բուտբային։
«Աբխազիայի Սահմանադրությունն ու քրեադատավարական օրենսգիրքը արգելում են երկրի քաղաքացիների արտահանձնումը օտար պետություններին՝ քրեական հետապնդման նպատակով», – նշված է Աբխազիայի գլխավոր դատախազության այսօր տարածած հայտարարության մեջ։
Համաձայնեք, որ Հայաստանի գործող իշխանությունն այսօր նման համարձակություն չի ունենա, ըստ այդմ՝ հայ-ռուսական ներկա հարաբերությունների համար պետք է գտնել ավելի իրական, գուցե՝ նվաստացուցիչ բնութագրիչ։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version