Դրական ուղերձ Բրյուսելից․ մեր իշխանությունը դարձյալ թերանում է

Եվրամիությունը ողջունել է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ գերիների վերադարձը Հայաստան և կոչ է արել անհապաղ վերադարձնել մյուս 57-ին ևս․ այս մասին հայտարարել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն:
Ըստ ամենայնի, ԵՄ-ի կոչն ուղղված է հավասարության և կարգավիճակի միասնականության ապահովմանը ու վերաբերում է կոնկրետ հանգամանքում գերեվարված 62 ռազմագերիների ճակատագրերին, որոնցից, սակայն, հայրենիք է վերադարձվել 5-ը։
Իհարկե, խիստ ողջունելի է, որ ԵՄ-ի նման հեղինակավոր կազմակերպությունն անդրադառնում է ռազմագերիների խնդրին՝ ճնշում բանեցնելով Բաքվի վրա։ Ինչքան մեծ լինի Ալիևի նկատմամբ միջազգային ճնշումը, այնքան շուտ կարող ենք հասնել գերեվարված մեր հայրենակիցների վերադարձին։
Մյուս կողմից, ԵՄ պաշտոնյայի հնչեցրած թիվը չի արտահայտում Բաքվում գտնվող հայ ռազմագերիների իրական թիվը՝ այն իրականով անգամներով շատ է։
Մի առիթով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ակնարկել էր, որ Հայաստանի իշխանությունը թափթփված է աշխատում և Մոսկվային չի կարողացել ներկայացնել ռազմագերիների ամբողջական ցուցակը։ Կասկածից վեր է, որ այս պարագայում գործ ունենք նույն իրավիճակի հետ։
Ավելին, լեգիտիմ կասկածներ կան, որ ռազմագերիների խնդրով պաշտոնական Երևանը պատշաճ աշխատանք չի ծավալում միջազգային կազմակերպությունների հետ, մի կողմից՝ Բաքվին չզայրացնելու, մյուս կողմից՝ այս հարցում հույսն ամբողջովին Մոսկվայի վրա դնելու պատճառներով։
Ռազմագերիների թիվն, ըստ էության, գաղտնի է պահվում ոչ միայն մեր հասարակությունից, այլ նաև՝ միջազգային կառույցներից, ինչի հետևանքով Բաքուն կարողանում է դիմել տարատեսակ մանիպուլյացիաների՝ չեզոքացնելով միջազգային կառույցների քննադատությունները։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր