Բադասյանը կալանավորվեց, բայց խնդիրը մնաց․․․

Երեկ ուշ երեկոյան Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարել է։
Նախօրեին ԱԱԾ-ն ձերբակալել էր Վահան Բադասյանին՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հնչեցրած հայտարարությունների համար։
Բադասյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնեն, եթե չհեռանա, ապա պետք է ֆիզիկապես ոչնչացնեն. «Հեռացնելու տարբեր ճանապարհներ կան ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։ Դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, թեկուզ զենքի ուժով։ Այո, ես գիտակցաբար սպառնալիքի կոչեր եմ անում, թող ԱԱԾ-ն ձերբակալի ինձ»։
Վահան Բադասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
Բադասյանի քաղաքական հռետորաբանությունը, բնականաբար, չեմ արդարացնում, որովհետև որևէ պարագայում արդարացված չէ բռնության, հաշվեհարդարի կոչը ու այս համատեքստում քննարկելի չէ նաև դատարանի որոշման իրավաչափությունը։ Բադասյանը, թերևս՝ գիտակցաբար, իր կտրուկ հայտարարությամբ, ինքն էր կանխորոշել իր կալանքը՝ հնարավոր չդարձնելով դատարանի այլ որոշում։
Մյուս կողմից, Փաշինյանին ֆիզիկապես վերացնել կամ նման կոչեր հնչեցնել չի կարելի․ հետքեր մաքրելն անթույլատրելի է, գործող վարչապետը դիվանագիտությունը և պատերազմը ձախողելու վերաբերյալ բազմաթիվ հարցերի պետք է պատասխանի։
Բայց ինչո՞ւ են ծնվում նման կոչեր։
Վստահաբար՝ Բադասյանը միայնակ չէ ու նրա նման մտածում են մեր հասարակության շատ ներկայացուցիչներ, մանավանդ՝ պատերազմի բովով անցած տղերք։
Քաղաքական լուծումներ չկան, ունենք դևալվացված իշխանություն և անբովանդակ ընդդիմությունը և ահա, այս համատեքստում տեղի է ունենում հանրային տրամադրությունների ռադիկալացում։
Այսօր միայն կոչ է հնչում, վաղը կարող են հնչել նաև կրակոցներ, եթե Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չգիտակցեն, չհասկանան, որ քաղաքական լուծումներ են պետք։ Ընդ որում՝ քաղաքական լուծումներ, որոնք միտված կլինեն ոչ թե իշխանության վերարտադրությանը, այլ՝ քաղաքական, սոցիալական, բարոյական ճգնաժամի հաղթահարմանը, պետական ու քաղաքական արդյունավետ համակարգերի կայացմանը, ներքին և արտաքին անվտանգային ռիսկերի չեզոքացմանը։
Չգտնվեն լուծումներ, Բադասյանը բացառիկ դեպք չի մնալու, եթե անգամ պետությունը գործի դնի իր ողջ ռեպրեսիվ մեքենան։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր