Day: February 1, 2021

Փաշինյանի թիմի մերկությունը․ քաքիստոկրատիա՝ օխլոկրատիայի փոխարեն

Փաշինյանի թիմի մերկությունը․ քաքիստոկրատիա՝ օխլոկրատիայի փոխարեն

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նրա գրառումը ստանդարտ է ու չի բացահայտում հրաժարականի պատճառները։ Այս հրաժարականին, թերևս, չէինք անդրադառնա, եթե չլինեին երկու կարևոր հանգամանքներ։
Բաբայանը Փաշինյանի թիմի առանցքային անդամ է, նրա ՔՊ կուսակցության վարչության անդամ է ու նաև՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինը։ Եվ ահա, իրազեկ աղբյուրներն ասում են, որ Նարեկ Բաբայանն, ըստ էության, պաշտոնանկ է եղել՝ հարելով ներկուսակցական այն թիմին, որը մտադիր է եղել շաբաթներ առաջ ներքին հեղաշրջում անել՝ վարչապետի պաշտոնին կարգելով Արարատ Միրզոյանին։
Միրզոյանի հետ կապված սկանդալից հետո Փաշինյանի թիմի ներսում «ասող» է դարձել Սուրիկ Պապիկյանը, որն էլ լուծել է Բաբայանի պաշտոնանկության հարցը՝ չնայած, որ Լենա Նազարյանն Աննա Հակոբյանի միջոցով փորձել է փրկել իրավիճակը։
Սակայն ՔՊ ներքին «բազարները» թողնենք դրանց անփառունակ տերերին ու խոսենք արտառոց այլ փաստի մասին, որն ամբողջովին բացահայտեց Փաշինյանի թիմի մերկությունը։
Նարեկ Բաբայանի փոխարեն՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ է նշանակվել Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ կոկորդիլոսների գծով «գլխավոր մասնագետը»։ Նույնիսկ հեկտարի մասին տարրական պատկերացում չունեցող այս ոչնչությունը նշանակվում է գրեթե նախարարական պաշտոնի՝ միայն այն բանի համար, որ Փաշինյանի սանիկն է։
Լուրջ կադրերն այլևս չեն ուզում աշխատել Փաշինյանի թիմի հետ, ու նա պետական համակարգը լցնում է իր անգրագետ «զեմլյակներով» ու սանիկներով՝ երկիրը վերածելով մեկ ընտանիքի բոստանի կամ քաքիստոկրատիայի, այլ խոսքով՝ սարսափելի անբարեխիղճ մադկանցով համալրված կառավարման համակարգի։

Նիկոլը «նշանակում» է մեղավորներ, ի՞նչ է խոսելու «Պատրոն Դավոն»

Նիկոլը «նշանակում» է մեղավորներ, ի՞նչ է խոսելու «Պատրոն Դավոն»

Ազգային անվտանգության ծառայությունը զենքի առքուվաճառքի կոռուպցիոն գործարք է բացահայտել Պաշտպանության նախարարությունում։ Խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով բերման է ենթարկվել Հայաստանին զենք մատակարարող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը։ «Պատրոն Դավո» մականունով Դավիթ Գալստյանը նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականն էր։
ԱԱԾ-ն պարզել է, որ Դավիթ Գալստյանը Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ պարտավորվել է 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել է մարտավարական հատկանիշներով, և անհնար է եղել մատակարարված կրակոցները կիրառելու դեպքում լուծել մարտական խնդիրներ։
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդականի՝ Դավիթ Գալստյանի ընկերությունը խարդախությամբ նախարարությունից ստացել է մեկ միլիոն 83 հազար դոլարի չափով գումար։
Դավիթ Գալստյանն անցնում է Ազգային անվտանգության ծառայությունում քննվող չորս քրեական գործերով, որոնք վերաբերում են նրան պատկանող ընկերությունների կողմից մատակարարումներին։ ԱԱԾ-ն միջնորդել է, որ նրան կալանավորեն։
Դավիթ Գալստյանն այն կերպարներից է, որի պաշտոնավարումը Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին կասկածի տակ էր դնում հեղափոխության փաստը։ «Պատրոն Դավոն» կամրջում էր հին կոռուպցիոն համակարգը Փաշինյանի թիմի հետ։
Փաշինյանի իշխանությունը, սակայն, նրանից ազատվեց շատ ուշ, երբ արդեն բոլորը խոսում էին Դավիթ Գալստյանի կոռուպցիոն գործունեության մասին ու նույնիսկ բարձրաձայնվել էր իբրև թե կոռուպցիոն բուրգի գոյության մասին, որտեղ «Պատրոն Դավոյից» բացի՝ հիշատակվում էին նաև ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունները։
Սակայն Դավիթ Գալստյանը մեղադրյալ դարձավ միայն այն բանից հետո, երբ Փաշինյանին օդի ու ջրի պես պետք էր «մեղավորներ» գտնել պատերազմի ձախողման հարցում։ Գալստյանն, անշուշտ, հրեշտակ չէ, սակայն գրեթե անկասկած է, որ նա փողերը միայնակ չի հափշտակել ու գուցե հնչեցնի անուններ, որոնք հաճելի չլինեն նաև Փաշինյանի ու նրա թիմի համար։
Մյուս կողմից, դեռ փաստ չէ, որ մեղադրյալ «Պատրոն Դավոն» կալանավորվելու է։ Գուցե նա լուռ մնա ազատության դիմաց։ Մի կողմից, այս պատմությունը կօգտագործվի Փաշինյանի թիմի կողմից՝ PR-ի նպատակով, մյուս կողմից՝ ազատության մեջ Դավիթ Գալստյանն անուններ չի տա՝ իր կարգավիճակի համար «պարտական» մնալով իշխանություններին։

Լեռնային Ղարաբաղի հետաձգված կարգավիճակ

Լեռնային Ղարաբաղի հետաձգված կարգավիճակ

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այժմ քննարկել պետք չէ, այս թեմայի շուրջ քննարկումների դաշտի ցանկացած էլեկտրաֆիկացում հանգեցնում է հզոր էլեկտրական հոսքի: Նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Այսօր բոլորի համար միանգամայն ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն իրոք չի լուծվել, բայց այն այժմ հնարավոր չէ քննարկել, քանի որ կարգավիճակի շուրջ քննարկումների այս դաշտի ցանկացած էլեկտրիֆիկացում հանգեցնում է հզոր էլեկտրական հոսքի առաջացման»,- ասել է նա։
Իր խոսքում Մեդվեդևը շեշտել է, որ հակամարտության կողմերի դիրքորոշումներն այս հարցում «շատ տարբեր են, նույնիսկ Հայաստանի ներսում են դեռ քննարկումներ ընթանում»:
«Եվ ես կհիշեցնեմ, որ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Չգիտես ինչու, նրանք մոռանում են այդ մասին, բայց իրականում այդպես է: Հետևաբար, ավելի լավ է կարգավիճակի հարցը հետաձգել հետագայի համար»,- հավելել է Մեդվեդևը։

Շան տիրոջ խոստովանությունը

Շան տիրոջ խոստովանությունը

Օրեր առաջ կյանին հրաժեշտ տվեց Ֆրեդդի անունով՝ աշխարհի ամենաբարձրահասակ, գերմանական դոգ ցեղատեսակի շունը, որն ապրում էր Բրիտանիայում։ Նրա հասակը գերազանցում էր երկու մետրը։ Շունը գրանցված էր Գինեսի գրքում, իսկ ապրեց նա 8․5 տարի։
Ամենից ուշագրավն ու հուզիչը Ֆրեդդիյի տիրոջ՝ Կլեն Ստոումանի խոստովանությունն էր, երբ նա ասում էր, որ շունը ոչ միայն ամենաբարձրահասակն էր, այլ՝ ամենամեծ ու ամենաբարի սիրտ ունեցող կենդանին։ Կլենը հուզմունքով ասում էր, որ շունն իր կյանքն էր, ուրախությունն ու երջանկությունը, նա միակն էր՝ միլիոնավորներից և նրան սիրում էր ողջ աշխարհը։
Հետաքրքիրը նաև այն էր, որ երբ Ֆրեդդին ծնվեց, ոչ ոք անգամ չէր կարող պատկերացնել, որ նա իր չափերով կդառնա ռեկորդակիր և կգրանցվի Գինեսի գրքում, քանի որ վերջինս ամենափոքրիկն ու ամենանվազն էր ծնված ձագուկների մեջ։

Ծույլիկ գիտնականը

Ծույլիկ գիտնականը

Գրեթե չկա մեկը, որ չճանաչի գերմանացի գիտնական Ալբերտ Էյնշտեյնին, ով դարձավ հայտնի հարաբերական տեսության հեղինակը և բեկում մտցրեց գիտության մեջ։ Չկա մեկը, ով չգիտի նրա Նոբելյան մրցանակակիր լինելու մասին, սակայն քչերը գիտեն, որ անվանի գիտնականը իր գիտելիքներով ամենևին էլ չի փայլել՝ գիմնազիայում ուսումնառության տարիներին։ Անգամ 1895 թվականին նա թողնում է կիսատ ուսումը և չի ստանում նույնիսկ, այսպես կոչված, հասունության վկայագիր /аттестат зрелости/: Բայց արի ու տես, ինչ շրջադարձ տեղի ունեցավ նրա կյանքում, ինչ նվաճումների հասավ անցյալում ծույլիկ տղան։ Նա դարձավ վիթխարի գիտնական, գիտության մեջ լեգենդ և հանճար, որին հումորով անվանում են ծույլիկ-գիտնական։
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեղի կունենար գիտության մեջ, եթե մեր ծույլիկը լիներ գերազանցիկ։ Երևի բնությունը միտումնավոր չէր օժտել Էյնշտեյնին մեծ գիտելիքներով մանկության տարիներին՝ կանխավ իմանալով դրա «հետևանքները»։

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների ցույցեր

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների ցույցեր

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների ցույցեր երեկ տեղի են ունեցել Ռուսաստանի 170 քաղաքներում։ Բերման են ենթարկվել ռեկորդային թվով մարդիկ․ նրանց թիվը գերազանցել է 5000-ը։ Մանրամասները՝ տեսանյությում։

Չտեսների իշխանություն

Չտեսների իշխանություն

Որպես կանոն, մեր կայքը չի անդրադառնում պաշտոնյաների անձնական կյանքին, ընտանիքին՝ բարձր պահելով քաղաքական, վերլուծական խոսքի նշաձողը։

Սակայն վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի անհասկանալի վոյաժներն այլևս դուրս են անձնական կյանքի տիրույթից ու բացահայտում են այսօրվա իշխանության քաղաքական, բարոյական սնանկությունը։

Դեռ չէին մարել Հակոբյանի մոսկովյան այցի շուրջ սկանդալին անդրադարձները, երբ նա այսօր լուսադեմին վայրէջք է կատարել արդեն Լոս-Անջելեսի օդանավակայանում Այսօր Աննա Հակոբյանի ծննդյան օրն է ու, հավանաբար, ճիշտ են այն պնդումները, որ նա մեկնել է օվկիանոսից այն կողմ՝ աչքից հեռու տարեդարձը նշելու նպատակով։

Ասել է, թե՝ այցը մասնավոր է, սակայն այս դեպքում լեգիտիմ հարց է առաջանում՝ ի՞նչ միջոցներով է արտերկիր մեկնում Աննա Հակոբյանը կամ մասնավոր այցի ընթացքում ինչո՞ւ են նրան ուղեկցում անվտանգության ծառայության առնվազն երկու աշխատակիցներ, որոնք ԱՄՆ հասել են հաստատ հարկատուներիս փողերով։

Սակայն խնդրի բարոյական կողմը շատ ավելի կարևոր է։

Արդյո՞ք իրեն նման շռայլություն իրավունք ունի թույլ տալ մի ընտանիք, որի գլուխը՝ երկրի վարչապետը, երկիրը հասցրել է նման աղետի՝ դառնալով մի ամբողջ ժողովրդի կապիտուլյացիայի, նվաստացման, ստորացման, թշվառության խորհրդանիշ։

Ինչո՞ւ հասարակության ուսերին կառավարական շենքեր ու ամառանոց տեղափոխված զույգը այսքան թքած ունի նույն այդ հասարակության կարծիքի, տրամադրությունների վրա։ Վահան Բադասյանի հայրենիքը թշնամուն հանձնած ու նրան «մշտական բնակության վայրի բացակայության» հիմքով կալանավորած իշխանական ընտանիքը «յուրացնում» է արտերկրի ճոխ ռեստորանները, հյուրանոցները։

Նիկոլն ու նրա ընտանիքն առաջինը խժռեցին հեղափոխության արժեքները ու թող չզարմանան, որ շուտով ժողովուրդը սրբելու է նրանց անփառունակ իշխանության հետքերը։

Մեծ արտագաղթի ուրվականը

Մեծ արտագաղթի ուրվականը

Այսօրվանից բացվել են դեպի ՌԴ ճանապարհները: Իհարկե՝ մեկ ամիս ժամկետով, ինչն ավելի է խթանում ցանկացած գնով տոմս ձեռք բերելու և երկրից հեռանալու մարդկանց գայթակղությունը։
Երևան-Մոսկվա միակողմանի ամենաէժան ավիատոմսը 250000 դրամ է, սակայն ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տոմսերը գրեթե սպառված են։
Մարդիկ փախչում են Հայաստանից ու սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ մեծ արտագաղթի ուրվականը չոքել է երկրի դռանը։
Հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ իրենց խաբված են զգում, որովհետև հեղափոխության ու դրախտային կյանքի փոխարեն՝ ստացան ազգային աղետ, պարտություն, որն ունի ոչ միայն մարդկային ու տարածքային կորուստներ, այլ նաև՝ տնտեսական, սոցիալական, հոգեբանական հետևանքներ։
Անցած մեկ տարում մեր հայրենակիցները համոզվեցին, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իրենց միայնակ կարող է թողել կորոնավիրուսի, դրա հետևանքների հետ, միևնույն ժամանակ՝ լափել պետական բյուջեն՝ պարգևավճարների ու զանազան այլ պատրվակներով։
Խնդիրը միայն պատերազմն ու կորոնավիրուսը ու դրանց հետևանքները չեն։ Շատ ավելի խորքային, վտանգավոր իրականության հետ ենք բախվում։ Հայաստանը դարձել է երկիր, որը չունի հեռանկար, երազանք, տեսլական։ Ժողովուրդը չի համակերպվում ներկայի հետ, որից փչում է կապիտուլյացիայի, նվաստացման, թշվառության «բուրմունքը», երբեմնի համաժողովրդական կուռքը վերածվել է համազգային ատելության թիրախի։
Բայց ժողովուրդը չի տեսնում նաև ապագան, վաղվա օրը, որովհետև, խոստովանենք, Հայաստանում չկան որևէ քաղաքական ուժ, ծրագիր, օրակարգ, որոնք վայելեն հանրային վստահություն, որոնց շուրջ ձևավորվի հասարակական կոնսոլիդացիա։
Թունելի վերջում լույս չի երևում և մեծ արտագաղթի ուրվականը միանգամայն իրական է։ Ցավոք, սա է մեր հասարակության ընտրությունը՝ ավելի ռացիոնալ լուծումների բացակայության պարագայում։

Հայկ Մարությանը՝ թիրախում

Հայկ Մարությանը՝ թիրախում

Երեկ սոցիալական ցանցերում ակտիվ լուրեր տարածվեցին, որ Հայկ Մարությանը սեփական շենքի բակում քաշքշուկի մեջ է ընկել, անգամ ապտակ է ընդունել։ Քաղաքապետի մամուլի խոսնակը տհաճ միջադեպի փաստը չհերքեց, բայց այլ մանրամասներ հաղորդեց։

Սակայն միջադեպի բովանդակությունն էական չէ, այլ՝ փաստը, որը չի հերքվում որևէ մեկի կողմից։

Երևանի քաղաքապետը հայտնվել է աննախանձ իրավիճակում։

Նա հակասություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ ու չի վայելում իշխանության հովանավորությունը, մյուս կողմից՝ իր անգործության հետևանքով արժանանում է ընդդիմության և հասարակության քննադատությանը։

Նման դեպքերում արժանապատիվ լուծումը հրաժարականն է, հակառակ պարագայում՝ սկանդալները դառնալու են կոմիկ քաղաքապետի անբաժանելի ուղեկիցը։

ԼՂ խնդրի ու հարակից գործընթացների շուրջ հանգստյան օրերին տեղի են ունեցել հետևյալ իրադարձությունները

ԼՂ խնդրի ու հարակից գործընթացների շուրջ հանգստյան օրերին տեղի են ունեցել հետևյալ իրադարձությունները

Բլինքենը զրուցել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրույց է ունեցել Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ:
Խոսակցության ընթացքում զրուցակիցները քննարկել են Ուկրաինայում Ռուսաստանի դերակատարումը, Բելառուսում ընթացող հետընտրական ճգնաժամը կարգավորելու առնչությամբ հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև և կայուն քաղաքական կարգավորման հասնելու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողություններն առաջ մղելու ջանքերը:
Բլինքենն իր խոսքում նշել է նաև, որ ԱՄՆ-ը աջակցում է ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահությանը և նրա կենտրոնացումը ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող հակամարտություններում առաջընթացի գրանցման, կլիմայի անվտանգության ամրապնդման և ժողովրդավարական սկզբունքների պաշտպանությանը:

Ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը բացվեց
Աղդամում տեղի է ունեցել ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի բացումը։
Բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Գարաոսմանօղլուն և Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։
Ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի պահպանումն իրականացնելու է ադրբեջանական բանակը։ Կենտրոնի տեղակայման վայրի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 4 հա։ Տարածքը ցանկապատված է, դրա շուրջ տեղադրված են չորս դիտորդական աշտարակներ։
Դիտորդական կենտրոնի թուրքական անձնակազմը ղեկավարում է գեներալ-մայոր Աբդուլա Գաթիրչին, ռուսական անձնակազմը՝ գեներալ-մայոր Վիկտոր Ֆելորենկոն:
Ըստ հաղորդման՝ տարածքում գտնվում են 65 մոդուլային տիպի ծառայողական տարածքներ և բնակության համար նախատեսված տարածքներ։
Այս առթիվ Ադրբեջանի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի իր գործընկերների հետ։

ՄԻՊ-ն ահազանգում է
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է, որ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները կրակոցներ են արձակում, որոնք նպատակ ունեն ահաբեկել տեղի բնակչությանը։

Կստեղծվեն ենթախմբեր
Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը:
Եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշում են կայացրել ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով և փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով:
Ենթախմբերի ձևավորումը նախատեսված է ավարտել մինչև փետրվարի 2-ը, իսկ առաջին նիստը անցկացնել մինչև փետրվարի 5-ը:
Որոշվել է նաև եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումն անցկացնել Մոսկվայում: Ամսաթիվը համաձայնեցվելու է համանախագահների կողմից` աշխատանքային կարգով: