Site icon politcom

Մեծ արտագաղթի ուրվականը

Այսօրվանից բացվել են դեպի ՌԴ ճանապարհները: Իհարկե՝ մեկ ամիս ժամկետով, ինչն ավելի է խթանում ցանկացած գնով տոմս ձեռք բերելու և երկրից հեռանալու մարդկանց գայթակղությունը։
Երևան-Մոսկվա միակողմանի ամենաէժան ավիատոմսը 250000 դրամ է, սակայն ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տոմսերը գրեթե սպառված են։
Մարդիկ փախչում են Հայաստանից ու սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ մեծ արտագաղթի ուրվականը չոքել է երկրի դռանը։
Հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ իրենց խաբված են զգում, որովհետև հեղափոխության ու դրախտային կյանքի փոխարեն՝ ստացան ազգային աղետ, պարտություն, որն ունի ոչ միայն մարդկային ու տարածքային կորուստներ, այլ նաև՝ տնտեսական, սոցիալական, հոգեբանական հետևանքներ։
Անցած մեկ տարում մեր հայրենակիցները համոզվեցին, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իրենց միայնակ կարող է թողել կորոնավիրուսի, դրա հետևանքների հետ, միևնույն ժամանակ՝ լափել պետական բյուջեն՝ պարգևավճարների ու զանազան այլ պատրվակներով։
Խնդիրը միայն պատերազմն ու կորոնավիրուսը ու դրանց հետևանքները չեն։ Շատ ավելի խորքային, վտանգավոր իրականության հետ ենք բախվում։ Հայաստանը դարձել է երկիր, որը չունի հեռանկար, երազանք, տեսլական։ Ժողովուրդը չի համակերպվում ներկայի հետ, որից փչում է կապիտուլյացիայի, նվաստացման, թշվառության «բուրմունքը», երբեմնի համաժողովրդական կուռքը վերածվել է համազգային ատելության թիրախի։
Բայց ժողովուրդը չի տեսնում նաև ապագան, վաղվա օրը, որովհետև, խոստովանենք, Հայաստանում չկան որևէ քաղաքական ուժ, ծրագիր, օրակարգ, որոնք վայելեն հանրային վստահություն, որոնց շուրջ ձևավորվի հասարակական կոնսոլիդացիա։
Թունելի վերջում լույս չի երևում և մեծ արտագաղթի ուրվականը միանգամայն իրական է։ Ցավոք, սա է մեր հասարակության ընտրությունը՝ ավելի ռացիոնալ լուծումների բացակայության պարագայում։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version