ԼՂ խնդրի ու հարակից գործընթացների շուրջ հանգստյան օրերին տեղի են ունեցել հետևյալ իրադարձությունները

Բլինքենը զրուցել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրույց է ունեցել Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ:
Խոսակցության ընթացքում զրուցակիցները քննարկել են Ուկրաինայում Ռուսաստանի դերակատարումը, Բելառուսում ընթացող հետընտրական ճգնաժամը կարգավորելու առնչությամբ հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև և կայուն քաղաքական կարգավորման հասնելու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողություններն առաջ մղելու ջանքերը:
Բլինքենն իր խոսքում նշել է նաև, որ ԱՄՆ-ը աջակցում է ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահությանը և նրա կենտրոնացումը ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող հակամարտություններում առաջընթացի գրանցման, կլիմայի անվտանգության ամրապնդման և ժողովրդավարական սկզբունքների պաշտպանությանը:

Ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը բացվեց
Աղդամում տեղի է ունեցել ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի բացումը։
Բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Գարաոսմանօղլուն և Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։
Ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի պահպանումն իրականացնելու է ադրբեջանական բանակը։ Կենտրոնի տեղակայման վայրի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 4 հա։ Տարածքը ցանկապատված է, դրա շուրջ տեղադրված են չորս դիտորդական աշտարակներ։
Դիտորդական կենտրոնի թուրքական անձնակազմը ղեկավարում է գեներալ-մայոր Աբդուլա Գաթիրչին, ռուսական անձնակազմը՝ գեներալ-մայոր Վիկտոր Ֆելորենկոն:
Ըստ հաղորդման՝ տարածքում գտնվում են 65 մոդուլային տիպի ծառայողական տարածքներ և բնակության համար նախատեսված տարածքներ։
Այս առթիվ Ադրբեջանի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի իր գործընկերների հետ։

ՄԻՊ-ն ահազանգում է
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է, որ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները կրակոցներ են արձակում, որոնք նպատակ ունեն ահաբեկել տեղի բնակչությանը։

Կստեղծվեն ենթախմբեր
Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը:
Եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշում են կայացրել ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով և փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով:
Ենթախմբերի ձևավորումը նախատեսված է ավարտել մինչև փետրվարի 2-ը, իսկ առաջին նիստը անցկացնել մինչև փետրվարի 5-ը:
Որոշվել է նաև եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումն անցկացնել Մոսկվայում: Ամսաթիվը համաձայնեցվելու է համանախագահների կողմից` աշխատանքային կարգով:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր