Նիկոլը «նշանակում» է մեղավորներ, ի՞նչ է խոսելու «Պատրոն Դավոն»

Ազգային անվտանգության ծառայությունը զենքի առքուվաճառքի կոռուպցիոն գործարք է բացահայտել Պաշտպանության նախարարությունում։ Խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով բերման է ենթարկվել Հայաստանին զենք մատակարարող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը։ «Պատրոն Դավո» մականունով Դավիթ Գալստյանը նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականն էր։
ԱԱԾ-ն պարզել է, որ Դավիթ Գալստյանը Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ պարտավորվել է 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել է մարտավարական հատկանիշներով, և անհնար է եղել մատակարարված կրակոցները կիրառելու դեպքում լուծել մարտական խնդիրներ։
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդականի՝ Դավիթ Գալստյանի ընկերությունը խարդախությամբ նախարարությունից ստացել է մեկ միլիոն 83 հազար դոլարի չափով գումար։
Դավիթ Գալստյանն անցնում է Ազգային անվտանգության ծառայությունում քննվող չորս քրեական գործերով, որոնք վերաբերում են նրան պատկանող ընկերությունների կողմից մատակարարումներին։ ԱԱԾ-ն միջնորդել է, որ նրան կալանավորեն։
Դավիթ Գալստյանն այն կերպարներից է, որի պաշտոնավարումը Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին կասկածի տակ էր դնում հեղափոխության փաստը։ «Պատրոն Դավոն» կամրջում էր հին կոռուպցիոն համակարգը Փաշինյանի թիմի հետ։
Փաշինյանի իշխանությունը, սակայն, նրանից ազատվեց շատ ուշ, երբ արդեն բոլորը խոսում էին Դավիթ Գալստյանի կոռուպցիոն գործունեության մասին ու նույնիսկ բարձրաձայնվել էր իբրև թե կոռուպցիոն բուրգի գոյության մասին, որտեղ «Պատրոն Դավոյից» բացի՝ հիշատակվում էին նաև ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունները։
Սակայն Դավիթ Գալստյանը մեղադրյալ դարձավ միայն այն բանից հետո, երբ Փաշինյանին օդի ու ջրի պես պետք էր «մեղավորներ» գտնել պատերազմի ձախողման հարցում։ Գալստյանն, անշուշտ, հրեշտակ չէ, սակայն գրեթե անկասկած է, որ նա փողերը միայնակ չի հափշտակել ու գուցե հնչեցնի անուններ, որոնք հաճելի չլինեն նաև Փաշինյանի ու նրա թիմի համար։
Մյուս կողմից, դեռ փաստ չէ, որ մեղադրյալ «Պատրոն Դավոն» կալանավորվելու է։ Գուցե նա լուռ մնա ազատության դիմաց։ Մի կողմից, այս պատմությունը կօգտագործվի Փաշինյանի թիմի կողմից՝ PR-ի նպատակով, մյուս կողմից՝ ազատության մեջ Դավիթ Գալստյանն անուններ չի տա՝ իր կարգավիճակի համար «պարտական» մնալով իշխանություններին։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր