Չկայացած հեղափոխության հետևանքները

Ես չգիտեմ, թե 2018-ից հետո քանի մարդ է ընդունել Հայաստանի քաղաքացիություն կամ նման ցանկություն հայտնել։ Նման վիճակագրության չեմ տիրապետում, փոխարենը՝ Ռուսաստանի ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ 2018-20թթ-ին ՀՀ մոտ 82 հազար քաղաքացիներ ընդունել են Ռուսաստանի քաղաքացիություն, ընդ որում՝ 30, 5 հազարն՝ 2020-ին։
Այս փաստը բավականին խոսուն է և վկայում է այն մասին, որ մարդիկ 2018-ի հեղափոխությունից հետո էլ չեն հավատացել վաղվա օրվան, մեր երկրի զարգացմանը, այն հեռանկարին, որ Հայաստանում հաստատվել է իշխանություն, որը քաղաքական խիզախություն կունենար՝ ԼՂ խնդիրը բանակցային ճանապարհով, արժանապատիվ խաղաղության բանաձևով լուծելու։
Մեծ հաշվով՝ Հայաստանից «էվակուացվելու» նման ծավալը հուշում է, որ մարդիկ կասկածի տակ են դնում բուն հեղափոխության գոյությունը։ Մեծ հաշվով, նրանք չեն սխալվում, որովհետև դժվար է ցույց տալ մի ոլորտ, որտեղ տեղի են ունեցել ինստիտուցիոնալ, համակարգային բարեփոխումներ։ Փոքր, ոչ ինստիտուցիոնալ առաջընթաց արձանագրվել է միայն հեղափոխական էյֆորիայի հետևանքով, որի նահանջին զուգահեռ՝ դարձյալ բախվել ենք այն իրականության հետ, որը մեր հասարակությունը մերժեց երկու-երեք տարի առաջ։
Պատերազմներում պարտվել են բազմաթիվ երկրներ, սակայն պարտությունը շատ ժողովուրդների մոտ չի սպանել վաղվա օրվա հանդեպ հավատը, որովհետև մարդիկ տեսել են պետական, քաղաքական համակարգերի խորքային մոդեռնիզացիայի փորձեր, որոնք նրանց մոտ վստահություն, ապագայի տեսլական են ծնել։
Հայաստանում գործ ունենք այլ իրականության հետ ու պատահական չեն կանխատեսումները, որ արդեն ընթացիկ ամսվա ընթացքում մոտ 200 հազար մարդ ընդմիշտ կամ տևական ժամանակով կհեռանա երկրից։ Մենք քաղում ենք չկայացած հեղափոխության հետևանքները։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր