Քոչարյա՞նը, թե՞ Փաշինյանը․ նրանցից մեկը դատվելու է

Քոչարյա՞նը թե՞ Փաշինյանը․ նրանցից մեկը դատվելու է

«Այս քրեական գործը՝ Մարտի 1-ի, կապված է ընտրական և հետընտրական գործընթացների հետ, սա ամբողջությամբ քաղաքական պրոցես է՝ որոշակի իրավական կարգավորումներով, և ակնկալել, որ այս դատավարության ընթացում ընդհանրապես քաղաքական կոմպոնենտ չպետք է լինի, նշանակում է ընդհանրապես այս գործը չլսել՝ իր բովանդակությամբ»,- այսօր դատական նիստի ժամանակ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։
Երկրորդ նախագահը ճիշտ է, ավելի ստույգ՝ ճիշտ է ստեղծված իրավիճակում, երբ դատական այս գործընթացը հայտնվել է փակուղում։
Իհարկե, փակուղային իրավիճակի համար պատասխանատվության իր բաժինն ունի նաև Քոչարյանն, որն՝ իր փաստաբանական խմբով, ամեն հնարավորն անում է՝ դատական գործընթացը բովանդակային հարթություն չհասցնելու համար։
Սակայն երկրորդ նախագահի մարտավարությունն աշխատում է, քանի որ դրա հնարավորությունն ընձեռել է գործող իշխանությունն՝ իր համապարփակ ձախողմամբ։
Բոլորին էր պարզ, որ առանց դատա-իրավական լուրջ բարեփոխումների՝ Մարտի 1-ի գործի որակյալ քննություն իրականացնել հնարավոր չէ։ Այդ կանխատեսման օբյեկտիվությունն այսօր հաստատվում է։
Պարզ էր, որ ՀՔԾ-ն շատ փնթի նախաքննություն է իրականացրել՝ կանխորոշելով դրա դատական փակուղին։ Դրա մասին ասել եմ նախաքննության փուլում, այդ թեզը կրկնել եմ դատավարության մեկնարկին, հիմա ասածս հաստատում եմ։
Երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամն ընդհանրապես ապալեգիտիմացրել է Մարտի 1-ի դատավարությունը, մանավանդ, որ հիմա՝ այս փուլում, Նիկոլ Փաշինյանին ու Ռոբերտ Քոչարյանին քաղաքականությունն ու իրավունքը չէ, որ հետաքրքրում է, այդ թվում նաև խորհրդարանական հնարավոր արտահերթ ընտրությունների պարագայում։
Եթե ԱԺ հնարավոր արտահերթ ընտրություններում նոր ուժեր կամ, այսպես կոչված, երրորդ բևեռ չառաջանա, ապա Փաշինյանն ու Քոչարյանը «կենաց-մահու» կռիվ են տալու։ Նրանցից յուրաքանչյուրը ձգտելու է հաղթանակի, որովհետև երկուսի համար էլ պարտությունը դատվելու, բանտ գնալու ամենակարճ ճանապարհն է։

նման նյութեր