«Պատրոն Դավոյի» շանտաժը

Այսօր դատարանը քննարկելու է «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը (հայտնի «Պատրոն Դավիթ» մականվամբ) կալանքի հարցը։ Ինչպես և կանխատեսել էի երեկ՝ քրեական գործի ֆիգուրանտը չի պատրաստվում միայնակ «փուռը գնալ», առավել ևս՝ քավության նոխազ դառնալ պատերազմի պարտության համար, մանավանդ, որ ԶԼՄ-ներում բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, որ մեր «հերոսը» կոռուպցիոն բոլոր գործարքներն իրականացրել է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ու գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի «քավորությամբ»։ Իհարկե, հանուն արդարության արձանագրենք, որ «Պատորն Դավոն» բազմաթիվ «քավորներ» ուներ նաև նախկին համակարգում, որից էլ, ըստ էության, ժառանգություն էր մնացել նորերին։
Եվ ահա, Դավիթ Գալստյանն այսօր հանդես է եկել երկարաշունչ հայտարարությամբ, որն ավելի շատ ուշագրավ է իր տողատակերով։ Օրինակ, նա գրում է․ «․․․Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործով առկա տեղեկությունները պարունակում են ոչ միայն նախաքննական, այլև պետական գաղտնիքներ, այս պահին ձեռնպահ ենք մնում հրապարակային ներկայացնել քրեական գործին վերաբերող մի շարք հանգամանքներ, որոնց լուսաբանումը կբացահայտեր քրեական գործ հարուցելու և ինձ մեղադրանք ներկայացնելու իրական շարժառիթները»։
«Պատրոն Դավոն» ակներև ակնարկում է, որ իր դեմ հարուցված քրեական գործը ոչ թե իրավական, այլ «իրական շարժառիթներ» ունի, որոնք խոստանում է բացահայտել և նույնիսկ ակնարկում է «բացահայտումների» ժամկետը՝ «․․․ինձ կալանավորելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը դատարանի կողմից քննելուց հետո»։
Եթե վերանանք այս խուճուճ ձևակերպումներից, ապա Դավիթ Գալստյանը պարզ ակնարկում է, որ եթե կալանավորվի, ապա խոսելու է։ Սա յուրօրինակ շանտաժ է, որն իր մեջ գործարքի բաղադրիչ ունի։
Նիկոլ Փաշինյանը բացառիկ հնարավորություն ունի՝ ապացուցելու, որ կապ չունի Դավիթ Գալստյանի կոռուպցիոն գործարքների հետ։ Եթե ԱԱԾ-ն իրապես պրոֆեսիոնալ բացահայտումներ է արել, ապա դատարանը պետք է կալանավորի «Պատորն Դավոյին» ու քննությունն իրականացնի մինչև վերջ՝ հանրությանը տալով սպառիչ պատասխաններ։ Սա միակ ճանապարհն է, որով Փաշինյանը կարող է «մաքրվել» կոռուպցիոն կասկածներից։
Իսկ եթե Դավիթ Գալստյանը մնա ազատության մեջ և պարբերաբար հայտնվի «մասկի-շոու» հիշեցնող իրադարձությունների կիզակետում, ապա հարկադրված կլինենք արձանագրել, որ նրա շանտաժը տեղ է հասել, ու Փաշինյանն իրականում ոչ թե բացահայտում է Գալստյանի կատարած հանցագործությունները, այլ դրանց մասին պարբերաբար բարձրաձայնում է՝ իր համար PR ապահովելու նպատակով։
Համենայն դեպս, ունենք տխուր նախադեպ․ անցած գրեթե երեք տարիներին Փաշինյանը ոչ թե «նախկին հացագործների» հանցագործություններն է բացահայտել, այլ դրանց շահարկմամբ զբաղվել է էժանագին PR-ով, գուցե նաև հետապնդելով շահադիտական նպատակներ։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր