Սպասում եմ կարոտով, որ կվերադառնամ ու կշենացնեմ մեր բոլորիս օրրան Հայաստանը

Politcom.am կայքի հետ հեռավար զրույցում Թբիլիսիում ժամանակավորապես բնակություն հաստատած մեր հայրենակից Արամ Դարակջյանը ներկայացրել է իր կյանքի բարդ ու հակասական ուղին, այն պատճառը, որ նրան անջատում է Հայրենիքից։ Պարոն Դարակջյանը հարցազրույցում ներկայացրել է իր վարկածը, ուրախ կլինենք լսել նաև Հայաստանի պատկան մարմինների արձագանքը։
-Խնդրում եմ մի փոքր պատմեք Ձեր մասին
-Ես՝ Արամ Դարակջյանս, ծնվել եմ 1952 թ.-ին, Հորդանանի մայրաքաղաք Ամմանում, մասնագիտությամբ բժիշկ-հետազոտող եմ, երկու գրքերի հեղինակ եմ: Հայրս՝ Հովհաննես Դարակջյանը և մայրս` Վրեժուհի Դումանյանը հայ քրիստոնյա ընտանիքից են։ Լինելով 67 տարեկան, չեմ դադարել ճամփորդել, ապրել, աշխատել, երազել, հավատալ, համագործակցել մարդկանց հետ, օգնել՝ անկախ նրանց կրոնական հավատալիքներից կամ մաշկի գույնից:
Իմ մեծ ծնողները 1915-ին Թուրքիայից՝ Ադանա քաղաքից, արտագաղթել են Սիրիա, Լիբանան, որից հետո Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Հայրս ավարտել էր Unıversitete de Roma-ն և աշխատել որպես բարձր տեխնոլոգիական սարքավորումների և մեքենաների վաճառող, իսկ ես ուսում եմ ստացել և ավարտել Լոնդոնի Արևմտյան Օնտարիոյի համալսարանը: Հորս պահանջով ես ճանապարհորդեցի Հայաստան՝ ապրելու և սովորելու հայերեն լեզուն, մշակույթն ու ավանդույթը: Իմ կյանքի երկու տարիները Երևանում անցկացնելուց հետո հպարտությամբ էի ասում, որ մենք՝ որպես հայ, իրավունք ունենք ապրելու և տարածել մեր ամենահին մշակույթը ամբողջ աշխարհում: Իմանալով, որ մեծ մայրս Թուրքիայում մի քանի հարազատներ ուներ, որոնք դեռ ողջ են, որոշեցի նրանց այցելել: Սա էր սիրիա-թուրքական սահմանով ինձ Հալեպից Թուրքիա մղելու պատճառներից մեկը, որտեղ ես հպարտանում էի ձեռք բերված հայկական անձնագրով։
Թուրքիա գտնվելը և մի քանի պատմական եկեղեցիների միջոցով հայկական համայնք այցելելը հիանալի առիթ էր պապուս մայր հողին ծանոթանալու համար: Ըստ այս իրավիճակի, հարազատներս խորհուրդ տվեցին ինձ ամուսնանալ, որպեսզի ես կարողանամ մեկ տարով բնակվելու թույլտվությունը երկարացնել : Այսպիսով, ամուսնացա, քանի որ այնտեղ ավելի երկար ժամանակ մնալու այլընտրանք չկար։
Ռեյհան Գուրլեանի անունով թրքահայ տիկնոջ հետ ամուսնությունը լավ սկիզբ էր թույլտվություն ստանալու համար, այդ ընթացքում ինձ որպես բանախոս հրավիրեցին բժշկական ցողունային բջիջների համաշխարհային համաժողովի` 2013 թ-ին, Իզմիրի EGE համալսարանում: Առաջարկություն ստացա համալսարանում աշխատելու՝ որպես օտարերկրյա դասախոս: Ամուսնությունից մի քանի տարի հետո ես հասկացա, որ կնոջս վերաբերմունքն իմ նկատմամբ փոխվում է: Կինս և նրա ընտանիքը, իմանալով, որ իմ թուրքերենի իմացությունը թույլ է, կեղծ փաստաթղթեր էին պատրաստել՝ իմ անունը օգտագործելով, ինչ իմանալուն պես ես դիմեցի ոստիկանություն։ Ինձ բացատրեցին՝ քանի դեռ այդ փաստաթղթերը չեն օգտագործվել, անելիք չկա։ Սա նրանց համար բողոքելու առիթ էր և նրանք իմ դեմ գործ հարուցեցին դատարանում, որից հետո ոստիկանությունն անձնագիրս վերցրեց՝ համաձայն ընթացակարգի։ Երբ Թուրքիայի դատարանը վարույթ հարուցելուց հետո վերադարձրեց անձնագրերս, իմ հայկական անձնագիրը սարսափելի վիճակում էր գտնվում: Այդ ժամանակ լրանում էր Թուրքիայում իմ կացության թույլտվության ժամկետը, և նրանք դա օգտագործում էին որպես պատճառ՝ ինձ Թուրքիայից դուրս բերելու համար, ես այդ ժամանակ ամուսնալուծվեցի: Միակ երկիրը, որ նրանք կարող էին ինձ ուղարկել՝ Հայաստանն էր, իմ անձնագրի և իմ սեփական պահանջի պատճառով։

-Ինչպե՞ս ստացաք Հայաստանի Հանրապետության անձնագիր։
-Անձնագիրս տվել է Հալեպի Հայաստանի դեսպանությունը Սիրիայում: 2006 թվականին ես ստացա անձնագիրս՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո ՝ այդ թվում մկրտությունն ապացուցող։

-Ինչպե՞ս հայտնվեցիք Վրաստանում
-2015 թվականի հունիսի 21-ին ես որոշեցի գնալ Հայաստան` թռչելով Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանից Թբիլիսի, այնուհետև՝ Բաթումի: Ես մեկ ամսից ավելի մնացի Բաթումիում, այցելեցի Հայաստանի հյուպատոսություն և հարցրեցի, թե կարո՞ղ եմ մեկնել Հայաստան, որին ի պատասխան նրանք ինձ ասացին, որ որևէ խանգարող հանգամանք չկա: Պատճառն այն էր, որ ուզում էի երկարացնել իմ հայկական անձնագիրը և նպատակս ուղղեցի դեպի Երևան։

-Ո՞րն է խնդիրը, որ չեք կարողանում մուտք գործել Հայաստան և ի՞նչ պատճառաբանություն են բերում իրավասու մարմինները
-Երբ հասա Հայաստանի սահման, նրանք ասացին, որ անձնագրիս վրա դրված կնիքը «ՀԱՏՈՒԿ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ» է՝ տասը տարի Հայաստանում մնալու իրավունքով, չնայած՝ չորս անգամ նույն անձնագրով երեք սահման եմ անցել և այս իրավիճակից ելնելով ՝ նրանք ինձ բերեցին հետ՝ վրացական սահման, և ինձ հանձնեցին Վրաստանի իշխանություններին։ Սա մեծ հարված էր ինձ համար, ցնցում, երբ դու ակնկալում ես, որ քո քաղաքացիությունը կտա քեզ որոշակի իրավունքներ՝ որպես հայի, բայց քեզ դուրս են շպրտում և փչացնում երազանքներդ: Վրաստանում կացության թույլտվություն ստանալու համար ոչ մի վավեր փաստաթուղթ չունեի: Այժմ ես ապրում եմ՝ որպես փախստական։ Հետո գնացի Թբիլիսիի հայկական հյուպատոսություն և ավելի քան հինգ տարի է՝ ապրելով այստեղ, իմ ոչ մի գործողություն դրական արդյունք չի տալիս:

-Politcom.am կայքի միջոցով ի՞նչ ուղերձ կհղեիք Հայաստանի իշխանություններին և ի՞նչպես եք տեսնում այս թնջուկի լուծումը։
-Լինելով բժիշկ, պրոֆեսոր՝ երբեք չեմ սպասել, որ կլինեն այնպիսի իրավիճակներ, և ես, մասնագիտությունից բացի, կաշխատեմ որպես շինարար, հին տների ռեստավրատոր` իմ ապրուստի ծախսերը հոգալու համար:
Մենք բոլորս իրավունքներ ունենք, պարզապես նրա համար, որ մենք մարդ ենք: Ես ուզում եմ իմանալ, թե մինչեւ երբ եմ ապրելու այս իրավիճակում, օտարության մեջ և որպես փախստական։
Յուրաքանչյուր մարդ՝ անկախ դավանանքից, ռասայից, սեռից և ազգությունից, ունի կյանքի, ազատության, անվտանգության, օրենքի հավասար պաշտպանության և մտքի, խոսքի և դավանանքի ազատության իրավունք: Բայց ու՞ր մնացին այդ իրավունքները․․․․․․
Հայաստանիս պատկան մարմիններին եմ դիմում իմ այս խոսքով և կոչ անում՝ տեր կանքնեք Ձեր հայերին, նրանք ձեզանից մեկն են, նրանք հայրենիք են ուզում վերադառնալ, նրանք սպասում են ամեն օր՝ կարոտով, որ կվերադառնան ու կշենացնեն մեր բոլորիս օրրան Հայաստանը։
Շնորհակալություն նախապես բարի ուշադրության, փոխըմբռնման և համագործակցության համար։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր