Նավալնիին դարձրեցին բողոքի խորհրդանիշ Պուտինի կարճաժամկետ հաղթանակը

Մոսկվայի Սիմոնովյան դատարանը երեկ որոշում է կայացրել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ «Իվ Ռոշեի» գործով սահմանված 3.5 տարվա պայմանական ազատազրկումը փոխարինել իրական ժամկետով:

Դատարանի որոշումը խիստ կանխատեսելի էր՝ Պուտինի իշխանությունը սրանով, ըստ էության, բացառում է ռուսական ընդդիմության լիդեր Նավալնիի և նրա թիմի մասնակցությունը Պետդումայի ընտրություններին, որոնք անցկացվելու են ընթացիկ տարվա սեպտեմբերին։ Խնդիրն այն չէ, որ Նավալնին այս պահին վայելում է ռուսաստանցիների մեծամասնության համակրանքը, այլ այն բնական վախը, որը բնորոշ է ավտորիտար բոլոր ռեժիմներին։ Կրեմլում համարում են, որ ընտրություններում ցանկացած իրական այլընտրանք կարող է խարխլել համակարգային կայունությունը, որը հիմքում խարիզմատիկ առաջնորդի Պուտինի գործոնն է։

Նավալնիի գործը Կրեմլի համար նաև, այսպես ասած, գաղափարական բաղադրիչ ունի և մաս է կազմում Արևմուտքի հետ գլոբալ հակադրությանը։ Խնդրին նույն տեսանկյունից է մոտենում նաև Արևմուտքը, որի քսան դիվանագետներ երեկ մասնակցում էին Նավալնիի դատավարությանը։ Երեկ երեկոյան արդեն ականատես դարձանք պաշտոնական Մոսկվայի և արևմտյան մայրաքաղաքների դիվանագիտական թեժ պոլեմիկային։

Սակայն խնդիրը Նավալնիի անձը չէ, որ շատ դեպքերում հակասական է, նույնիսկ՝ էպատաժային։ Խնդիրը՝ Ռուսաստանում աճող բողոքական տրամադրություններն են, որոնց տրանսլյատորը դարձել է Նավալնին։ Նրան կարելի է մեկուսացնել ընտրություններից, սակայն դրանով լուծվում է ընդամենը կարճաժամկետ խնդիր, որովհետև Պետդումայի ընտրություններից հետո իշխանության և հասարակության խզումն ավելի է մեծանալու, ի վերջ՝ խորացնելով համակարգային ճգնաժամը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր