Թույլ իշխանություն և թույլ ընդդիմություն․ հայաստանյան փակուղին

Փորձառու փորձագիտական աչքը նույնիսկ հեռվից դիպուկ նկատում է Հայաստանի ներքաղաքական անցուդարձը՝ տալով դրա հստակ էպիկրիզը։ Ղարաբաղյան հարցով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալն օրերս հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանին և մասնավորապես ասել էր․ «Լոնդոնում նստած՝ ինձ համար շատ դժվար է դատել Հայաստանի ներքին քաղաքականության մասին: Հեռվից թվում է, որ այս պահին Փաշինյանը դիմակայում է, բայց նրա ժողովրդականությունը նվազել է: Ունենք մի իրավիճակ, որ Հայաստանում գոյություն է ունեցել մի քանի տարի առաջ՝ թույլ իշխանություն և թույլ ընդդիմություն, և բնակչության մեծ մասը չի սատարում ոչ մեկին, ոչ էլ մյուսին, ինչը, կարծում եմ, առողջարար չէ Հայաստանի համար: Նաև թվում է, որ Հայաստանում շատ էներգիա է ծախսվում ներքին վիճաբանությունների, այլ ոչ թե ապագայի պլանավորման, արտաքին քաղաքականության, տարածաշրջանի տնտեսական խնդիրների և այլնի վրա: Սա առողջ մթնոլորտ չէ։ Իմ ենթադրությունն այն է, որ Փաշինյանի կդիմակայի մի փոքր ավելի երկար, բայց վաղ թե ուշ ընտրությունների անհրաժեշտություն կլինի: Սակայն նա հավանաբար բավականին լավ շանս ունի այդ ընտրություններում, քանի որ ընդդիմության շարքերում նույնպես ես նոր դեմքեր չեմ տեսնում: Եթե նրանք առաջադրում են Վազգեն Մանուկյանին, ով առավել հայտնի էր 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին, դա նշանակում է, որ ընդդիմությունը նույնպես նոր, թարմ գաղափարներ չունի»:

«Թույլ իշխանություն և թույլ ընդդիմություն»․ հենց այս բանաձևն է այսօր գործում Հայաստանում, որտեղ իշխանությունը չի կարողանում ղեկավարել երկիրը, իսկ ընդդիմությունը, մանավանդ, այսպես կոչված, տիտղոսային ընդդիմությունը չի կարողանում հեռացնել իշխանությանը։

Երեկ ամբողջ օրը որոշ ԶԼՄ-ներ «նախապատրաստում» էին նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի «պատմական» կամ «շրջադարձային» հանդիպումը՝ չնայած այն հերթականն էր ու դրանով իսկ չափազանցված էին թե սպասումը, թե կանխատեսումները։

Միակ ինտրիգն այն էր, որ «վեցնյակի» հանդիպումը հաջորդում էր Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե նա թիմով պատրաստ է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին ու նախորդում էր իրադարձության, որը դարձյալ կապված է երկրորդ նախագահի հետ։ Նա այսօր մեկնել է Մոսկվա՝ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու համար, սակայն կասկած չկա, որ փորձելու է ունենալ նաև քաղաքական շփումներ:

«Մեր օրակարգում ոչինչ չի փոխվել»,- հանդիպումից հետո հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ինչն, իհարկե, ենթադրում է ստատուս-քվոյի պահպանում, բայց այս դեպքում՝ բացասական իմաստով։

Հայրենիքի փրկության շարժումը ձևաչափ է, որը նախատեսված էր բլից-կրիգի կամ հեղափոխության համար։ Այդ օրակարգը տապալվել է ու եթե «օրակարգում ոչինչ չի փոխվել», ապա վեց լիդերներին չի հաջողվել կոնսենսուսի գալ ավելի արդյունավետ ձևաչափի կամ օրակարգի շուրջ։

«Օրակարգում ոչինչ չի փոխվել»-ը նշանակում է նաև, որ չի վերացել նաև շարժման քաղաքական ինքնաբավության դեֆիցիտը, նույնիսկ ավելի է սրվել, որովհետև ուշադրությունը կենտրոնացած է երկու նախկին նախագահների, ուրեմն նաև այն համակարգի վրա, որ երկու-երեք տարի առաջ մերժվել է հասարակության կողմից։

Նիկոլ Փաշինյանին, որը կորցրել է հանրային ու քաղաքական լեգիտիմությունը, այսօր «փրկում» է հենց թույլ կամ քաղաքական ինքնաբավություն չունեցող ընդդիմությունը։

Մի կողմից Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ավանդական հակադրությունը, մյուս կողմից՝ վեց ուժերի ընդհանուր օրակարգի բացակայությունն արհեստական է դարձնում, այսպես կոչված, 16-ի ձևաչափը, որին արհեստական շնչառություն հաղորդելու համար ազդարարվել է փետրվարի 18-ի «վճռական հանրահավաքի» մասին։

Եթե իշխանափոխության հեղափոխական տարբերակը չի ստացվում, ապա ի՞նչ ընդհանուր օրակարգ ունեն տարբեր խնդիրներ ունեցող ուժերը։ Եթե ԲՀԿ-ն նոր խորհրդարանում ներկայացված և նույնիսկ ազդեցիկ լինելու խնդիր չունի, ապա նույնը չի կարելի ասել 16-ի՝ առանց բացառության, մյուս բոլոր կուսակցությունների մասին։ Կամ՝ եթե այս ձևաչափում շատ կուսակցություններ խոսում են իրենց «հաղթական» մեկնարկի մասին, ապա երկու նախկին նախագահներն իրենց հետ բերում են հին օրակարգ, որը քաղաքական ռեստավրացիայի հեռանկար գրեթե չունի։

Նիկոլ Փաշինյանը դեռ իշխանություն է, որովհետև նրան «փրկում» է թույլ ընդդիմությունը։ Այդ «թույլ ընդդիմության» ձևաչափը երեկ դեռ չլուծարեցին, բայց դա ընդամենը ժամանակի հարց է։ Դրա մասին էր խոսում անգամ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր