Բալասանյանը խոսեց․ ի՞ր, թե՞ իշխանության անունից

Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով: Այս մասին հայտնել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, որի հայտարարությունը հրապարակվել է Արցախի հանրային հեռուստաընկերության կողմից: «Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է և ըստ այդ լուրերի տրամաբանության Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով»,- հայտարարել է գեներալը:
Ի դեպ, ուշագրավ է, որ Բալասանյանի այս հայտարարությունում այս և մի շարք այլ հավաստիացումներ արվել են «Արցախի իշխանությունների անունից»։
Բովանդակային հարթության վրա Բալասանյանը շատ կարևոր հայտարարություն է արել, որը վկայում է այն մասին, որ Արցախի սուբեկտությունը՝ գոնե որոշ չափով, պահպանվելու է ու դա ողջունելի է։ Խնդիրն այս հարցում այլ տեղ է։
Բանն այն է, որ ճիշտ կլիներ, եթե նման հայտարարությամբ հանդես գար նախագահ Արայիկ Հարությունյանը, եթե իսկապես գեներալը խոսել է «Արցախի իշխանությունների անունից»։ Հակառակ պարագայում՝ դարձյալ կարող են շրջանառվել ասեկոսեներ, լուրեր, թե Արցախում երկիշխանություն է, մանավանդ, որ Բալասանյանի վերահսկողության տակ գտնվող կուսակցությունը շարունակում է պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը ու առհասարակ՝ Հայաստանում շատերն այս պահին չեն հասկանում, թե ո՞ւմ է պատկանում իշխանությունն Արցախում։ Լեգալ հարթության վրա այս հարցն, իհարկե, նույնիսկ տարօրինակ կարող է հնչել, որովհետև Արցախն ունի լեգիտիմ նախագահ, մյուս կողմից՝ հետպատերազմյան քաղաքական ճգնաժամի հորձանուտում հնչել են բազմաթիվ հակասական, շփոթ առաջացնող հայտարարություններ։
Բացի այդ, Արցախի ՊԲ հնարավոր լուծարման մասին օրեր առաջ հայտարարել էր Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ «Որպեսզի վաղը կրկին «չզարմանաք» ասեմ՝ Նիկոլն ու Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են իրենց համաձայնությունը և Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի։ Թե դրա անունը ֆորմալ առումով կլինի արցախյան միլիցիա, թե արցախյան գվարդիայի կամ ոստիկանական ներքին զորքեր, կարևոր չի, խնդիրն այն է, որ Արցախից մնացած մասն իր անվտանգությունն ապահովելու ինքնուրույն հնարավորություն այլևս չի ունենա։ Չի լինի այլևս Արցախի բանակ և դրա միակ պատասխանատուն ու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որն իր «միսիան» հասցնում է ավարտին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա։
Հիմա ստացվում է՝ Մինասյանին հերքում է Բալասանյանը, որը մեծ հաշվով, քաղաքական դիրքավորման առումով ասոցացվում է հին համակարգի հետ, ինչպես և նախկին դեսպանը։ Նաև այս համատեքստում է հնչում հարցը՝ Բալասանյանն ի՞ր, թե՞ ամբողջ իշխանության անունից է խոսում։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն, իհարկե, չի ենթադրում Արցախի ՊԲ լուծարում, սակայն առնվազն սահմանափակում է կամ հնարավոր չի դարձնում Հայաստանի ժամկետային զինծառայողների ծառայությունն Արցախում։ Հուսանք, որ Արցախում այս օրերին իսկապես տեղի է ունենում ՊԲ վերակազմավորում՝ այս հանգամանքը հաշվի առնելով ու այս կառույցի լուծարման մասին խոսակցություններն իրապես հիմք չունեն։ Եվ դարձյալ հուսանք, որ Վիտալի Բալասանյանն արտահայտել է պաշտոնական Ստեփանակերտի միասնական ուղերձը, որին չեն հաջորդելու «սրբագրումներ» Արցախի նախագահական ինստիտուտից կամ Երևանի պաշտոնական շրջանակներից։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր