Բեղլոյան պետք է լինես՝ դեսպան դառնալու համար

Իշխանական շրջանակներից 168.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ի թիվս արդեն իսկ մամուլում քննարկվող փոփոխությունների, իշխանությունը նախատեսում է դեսպան նշանակել նաև Միացյալ Թագավորությունում:
Կայքի աղբյուրների փոխանցմամբ, քննարկվում է ԱԺ իշխող խմբակցության ներկայացուցիչ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, այս օրերին մեդիա տիրույթում  իր տարօրինակ հայտարարություններով մեծ իրարանցում առաջացրած  Անուշ Բեղլոյանի թեկնածությունը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում դեսպանի պաշտոնում:
Չգիտեմ՝ այս տեղեկատվությունն ինչքանով է համապատասխանում իրականությանը, սակայն Հայաստանում ստեղծվել է կադրերի առաջխաղացման արատավոր մեխանիզմ՝ լուզերներն ուղարկվում են դիվանագիտական ծառայության։ Իհարկե, սխալ կլինի, եթե չնկատենք, որ արատավոր այս պրակտիկան լայնորեն կիրառվել է նաև նախկին իշխանությունների օրոք։
Ամբողջ խնդիրն այն է, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քննադատում էր դեսպանների, այսպես ասած, քաղաքական նշանակումները, իսկ հիմա, դատելով տեղեկատվական հոսքերից, դառնում է դրանց ջատագովը։
Մակունցի թեմային բավարար չափով անդրադարձել ենք՝ չնայած չեմ կարծում, թե հանրային կամ քաղաքական քննադատությունները Փաշինյանին որոշումից հետ են կանգնեցնելու։
Ինչքան կադրը օդիոզ է, այնքան մեծանում է դեսպան դառնալու նրա հավանականությունը։ Սա է Նիկոլ Փաշինյանի բանաձևը։
Անուշ Բեղլոյանը հետևողականորեն գնում է այս ճանապարհով։
Նորմալ երկրում այս տիկինը կզրկվեր նույնիսկ մանդատից՝ այն սկանդալային հայտարարությունից հետո, թե մենք երեսուն տարի բանակ չենք ունեցել։ Սա, ըստ էության, հակապետական թեզ է, որը կասկածի տակ է դնում Հանրապետության գոյությունը, արցախյան առաջին պատերազմում հաղթանակը։
Բայց Հայաստանում ուրիշ է։
Թերևս, նման հակապետական հայտարարություններն այն գինն են, որ սկանդալային պատգամավորին կարող են հասցնել դեսպանի բաղձալի պաշտոնին։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր