Միֆերի վերջը

2008-ի բուռն իրադարձությունների ժամանակ հակադիր քաղաքական բևեռները տարբեր ակնկալիքներ ունեին գեներալ Մանվել Գրիգորյանից։

Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդն ակնկալում էր, որ նա բարձրանալու է հարթակ ու ընդվզի Ռոբերտ Քոչարյանի դեմ, իշխանության ճամբարում սպասում էին, որ Մանվելը համալրելու է ժողովրդի վրա կրակողների շարքերը։

Երկուսն էլ սխալվեցին․ Մանվելի միֆական կերպարը հորինված էր, նա քաղաքական գործիչ չէր ու Ազատության հրապարակ չեկավ, բայց նաև հրաժարվեց «մաուզերիստ» դառնալ՝ գերադասելով հեռանալ ՊՆ փոխնախարարի պաշտոնից։ Բնականաբար, երկու ճամբարներում էլ Մանվելը «դավաճան» «նշանակվեց»։

Այս պատմությունը հիշեցի մեկ այլ զինվորականի՝ Ջալալ Հարությունյանի հետ կապված։ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարն այսօր նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ: 

Սակայն պատերազմից հետո ու հատկապես վերջին շաբաթվա ընթացքում նրա շուրջ միֆեր էին հյուսվում իշխանության և ընդդիմության ճամբարներում։

Հունվարի 30-ին պարզ դարձավ, որ Ջալալ Հարությունյանին առնչվող քրեական գործ է հարուցվել: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ երկու և ավելի անձանց նկատմամբ և գույքը դիտավորությամբ ոչնչացնելը) քննվող քրեական գործով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել է։

Պատերազմի ժամանակ, մասնավորապես հոկտեմբերի 27-ին Ջալալ Հարությունյանի հետ տեղի ունեցածից հետո, երբ ադրբեջանական ԱԹՍ-ն խոցել էր հրամանատարի ծառայողական մեքենան, շատ էին խոսակցությունները, թե Հարությունյանի մեքենայի տեղաշարժի կոորդինատները՝ առանց հայկական կողմի որևէ մեկի փոխանցման, չէին կարող նման ճշգրտությամբ հայտնի լինել հակառակորդին։
Քննչական կոմիտեն այս դրվագի առնչությամբ տեղեկություն էր տարածել․ «Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նրա տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ, ապա հարցաքննության ընթացքում տուժողը նման տեղեկատվություն չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին»։

Չնայած պաշտոնական պարզաբանմանը ու մահափորձի հանգամանքների բացահայտված չլինելուն՝ իշխանության և հարթակային ընդդիմության քարոզիչները հրապարակավ կարծիքներ էին հայտնում՝ միմյանց մեղադրելով պատերազմի օրերին Ջալալին «ծախելու» մեջ։

Մինչ այսօր հարթակային ընդդիմության համար Ջալալը հերոս էր, այսօր դարձավ «դավաճան», որովհետև համաձայնեց այս իշխանության պարագայում ծառայության անցնել։

Վաղը Ջալալը «դավաճան» կդառնա գործող իշխանության համար, եթե ինչ-որ հանգամանքներ, օրինակ՝ մահափորձի առնչությամբ հարուցված գործի ընթացքը՝ որոշակի սցենարով, նրան ստիպեն հեռանալ իր պաշտոնից։

Միֆեր ստեղծող մեր քաղաքական համակարգը մոռանում է, որ Ջալալ Հարությունյանը քաղաքական դեմք չէ, զինվորական է, նրա տեղը բանակում է, եթե երևան չեն եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հնարավոր չեն դարձնի գեներալ Հարությունյանի ծառայությունն այս կամ այն իշխանության պարագայում։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր