Հեղափոխության առաջին դավաճանը՝ Նիկոլ Փաշինյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, 44-օրյա պատերազմում զոհվածի հայր Գեղամ Նազարյանը, որը հիմնել է «Ճշմարտություն սերունդների համար նախաձեռնությունը», առաջարկում է կառավարական առանձնատները, ամառանոցները դարձնել բժշկական կենտրոն՝ վիրավոր զինծառայողների խնամքի համար:
«Այսօրվա հիմնական ասելիքն այն է, որ մեկ շաբաթվա ընթացքում ստացված զանգերի հանդիպումների արդյունքում առաջացավ այսպիսի մի նախագիծ՝ «պետական առանձնատները՝ պետության պաշտպաններին»,- օրեր առաջ ասել է քաղաքագետը։
Միանգամայն համաձայն եմ Գեղամի դիտարկման հետ։ Անհամեստ թող չհնչի, սակայն այս մասին առաջին անգամ բարձրաձայնել եմ ես՝ հեղափոխությունից անմիջապես հետո, երբ դեռ անգամ մահաբեր պատերազմն ու դրա հետևանքները չկային։
Երբ 2018-ի մայիսին Նիկոլ Փաշինյանն՝ ընտանիքի հետ միասին, չտեսի արագությամբ տեղափոխվեց կառավարական առանձնատուն, ես առաջին անգամ գրեցի, որ կասկածի տակ է դրվում հեղափոխության նպատակը, առհասարակ՝ գոյությունը։
Հեղափոխությունը չի կարող լինել մեկ անձի, տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանի դեմ։ «Մերժիր Սերժին» կարգախոսը տասնյակ հազարավոր մարդիկ հասկացել են՝ որպես մի ամբողջ համակարգի, արտոնությունների ինստիտուտի մերժում։ Այդ համատեքստում շատ կարևոր բաղադրիչ է կառավարական առանձնատան թեման, որը ավտորիտար մտածողության, իշխանությունների ու հասարակության համար «տարբեր Հայաստաններ» ձևավորելու, ուժի կուլտիվացիայի, «էլիտայի» արտոնությունների համակարգի յուրօրինակ դրսևորում է։
Երբ Փաշինյանը բաց էր տալիս Արա Բաբլոյանի ղեկավարած ԱԺ դռները կամ առ ոչինչ էր դարձնում Արմեն Սարգսյանի նստավայրի պարիսպը, սակայն ինքը շտապում էր կառավարական «դաչա», միախառնվում էին պոպուլիզմն ու քինախնդրությունը․ հեղափոխության առաջնորդն իրեն դնում էր բոլորից դուրս ու վերև՝ թիրախավորելով մարդկանց, որոնք այսպես ասած, յուրային չեն։
Նիկոլ Փաշինյանը շտապեց կառավարական ամառանոց, որովհետև ոչ թե Սերժ Սարգսյանի «կոստյումը» փոխելու, այլ այն իրենով անելու անհագ ցանկություն ուներ։
Հեղափոխության հաղթանակից արդեն օրեր անց Փաշինյանը դավաճանել էր տասնյակ հազարավոր մարդկանց սպասումները, իսկ հիմա «պետական առանձնատները՝ պետության պաշտպաններին» կարգախոսը միանգամայն ակտուալ է դառնում։
Փաշինյանը պետք է լքի կոմֆորտ «դաչան», եթե նույնիսկ մեր հասարակությունը ստիպված է լինելու մի քանի շաբաթ կամ ամիս ևս հանդուրժել նրա չտես ու անփառունակ իշխանությունը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր