Ինձ ոչինչ էլ պետք չէ, ես արել եմ իմ ազգի համար․․․․․․

Այն, ինչի մասին ցանկանում եմ գրել, պարզապես պոռթկում էր, դրական էմոցիաների պոռթկում, երբ այդ օրերին համացանցում ամեն վայրկյան ազգովի հետևում էինք իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել Մոսկվայում՝ 2020 թվականի հուլիս ամսին։
Բոլորս հիշում ենք «ծիրանային պատերազմը», երբ Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթիից» կեսգիշերին տարհանվել էին ծիրանով բեռնված հայկական բեռնատարները։ Պատճառն այն էր, որ շուկան պատկանում էր ծագումով ադրբեջանցի գործարարներին։ Այս պատմության մեջ, որն այդ օրերին պայթեցրել էր համացանցը, կար մի հայրենասեր, որի մասին որոշեցինք գրել։ Դա այն հայն էր, որ անձնական բարեկեցությունը դնելով ռիսկի տակ, օգնության ձեռք մեկնեց Հայաստանից ժամանած իր հայրենակիցներին, անմիջապես արձագանքեց և առանց վարանելու ապահովեց բեռնատարների համար կայանատեղի։ Նշենք, որ բեռնատարները այդ պահին բեռնված էին ծիրանով։ Իսկ հետո սկսվեց բոլորիս հայտնի ծիրանային ֆլեշմոբը, երբ ռուսաստանցի հայերի շնորհիվ սկսվեց ապրանքի արագ սպառման աննախադեպ գործընթացը։
Ծննդով լուսակերտցի Սարիբեկ Գևորգյանը մինչև վերջին պահը կանգնեց օտարության մեջ միայնակ մնացած մեր հայրենակիցների կողքին՝ հավատարիմ մնալով իր գենին ու տեսակին։ Զարմանալին այն էր, երբ իմացա, որ Սարիկին հարցնում են որևէ բան՝ կապված այդ օրերի հետ, նա տալիս է միայն մի պատասխան․ «Ախպեր, ինձ բան պետք չէ, ինձ համար մի աշխարհ է, որ երբ ես եկա Հայաստան, ինձ մարդիկ ճանաչում էին, նրանք մոտենում և խնդրում էին ինձ հետ լուսանկարվել․․․․․ Էլ ի՞նչ է պետք մարդուն՝ կարծում եմ բացարձակապես ոչինչ, ես ինչ էլ, որ արել եմ, արել եմ իմ ազգի համար․․․․․․»։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր