Ո՞վ է կեղծում՝ Մանուկյա՞նը, թե՞ Քոչարյանը

«Բացասական կողմն այն է, որ չնայած կային հարյուր հազարավոր դժգոհ մարդիկ, բայց մենք չկարողացանք ապահովվել, որ հարյուր հազարավոր մարդիկ դուրս  գային փողոց և իրենց կամքը թելադրեին իշխանություններին, որովհետև մեր ժողովուրդը կոտրված է, կորցրել է հավատք, որ կարող ենք ունենալ ուժեղ պետություն: Մենք արդեն ոստիկանական պետությունում ենք ապրում, ամեն օր ընդունվում են օրենքներ՝ նոր ձևի դատարան, խոսքի ազատության սահմանափակում, մեր պետությունը կամաց-կամաց դառնում է ոստիկանական պետություն և այդ ոստիկանական պետությունում գլխավոր ոստիկանի ղեկավարությամբ գնալ ընտրությունների՝ համարում եմ անիմաստ»,- երեկ ՀՅԴ երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Մանուկյանի ակնարկը բազմաշերտ է ու փորձենք դրան անդրադառնալ մի քանի ասպեկտով։
Վազգեն Մանուկյանն, ըստ էության, առաջին անգամ հրապարակավ խոստովանում է, որ հեղափոխության օրակարգը ձախողվել է՝ չնայած այն հանգամանքին, որ հասարակության մեծամասնությունն իրապես դժգոհ է Նիկոլ Փաշինյանից ու ցանկանում է նրա հեռացումը։
Այս արձանագրումից հետո Վազգեն Մանուկյանի պետք է խիզախեր ու խոսեր արտահերթ ընտրությունների օրակարգի անհրաժեշտության մասին։ Սակայն հարթակային ընդդիմության միասնական թեկնածուն դա չի անում, որովհետև այդ դեպքում ստիպված պետք է պատասխանի հարցին, թե ինչո՞ւ ձախողվեց իրենց հեղափոխական օրակարգը։
Պատճառը՝ իր ղեկավարած ձևաչափի քաղաքական ինքնաբավության բացակայությունն է, ինչի հետևանքով հասարակությունը 16-ի դաշինքը նույնացնում է մերժված նախկինների հետ։ Եթե հնչի օբյեկտիվ այս գնահատականը, ապա ակնհայտ կդառնա, որ 16 կուսակցությունների գերակշիռ մասը ձախողվելու է նաև ընտրությունների ժամանակ ու անիմաստ կդառնա նաև «գլխավոր ոստիկանի ղեկավարությամբ գնալ ընտրությունների՝ համարում եմ անիմաստ» արտահայտությունը։
Ընդ որում, այս հայտարարությամբ Մանուկյանը հակադրվում է Ռոբերտ Քոչարյանին, որը պատրաստվում է ընտրությունների ու դեռ մի բան էլ՝ խոստանում է հաղթել։ Եթե Մանուկյանի ու Քոչարյանի միջև հակասություններ չկան, ստացվում է՝ նրանից մեկը կեղծում է։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր