Site icon politcom

Արայիկ Հարությունյանի չհասկացված արձագանքը

Արցախի բանակն ու ԱԳՆ-ն կազմալուծելու, Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից հրաժարվելու, Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ տեղադրելու մասին լուրերը ցնդաբանություն են, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«․․․Բոլորն էլ ցնդաբանություններ են, և պարզապես բացառվում է, որ Արցախի իշխանությունները համաձայնվեն արտաքին ու ներքին թշնամիների բաղձանքներին: Պաշտոնապես պահանջում եմ բոլորից ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց: Արցախի Հանրապետության պետական բոլոր մարմիններն աշխատում և աշխատելու են, որքան էլ դժվար պայմաններ ու չկամեցող մարդիկ լինեն, սակայն գլխավոր ցավն այն է, որ չկամեցողների մեջ կան նաև հայ ազգի ներկայացուցիչներ»,- գրել է Հարությունյանը:
ԼՂՀ նախագահի օպերատիվ արձագանքը միանգամայն տեղին է, մանավանդ, որ սոցիալական ցանցերում շրջանառվող ասեկոսեները՝ չհերքվելու պարագայում, էապես ազդում են հանրային տրամադրությունների վրա, ընդհուպ՝ ծնելով անվտանգային ռիսկեր։ Այս խնդիրների վերաբերյալ վերջերս հայտարարություն էր տարածել նաև ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը ու դրական է, որ գրեթե նույնական են նրա ու նախագահի դիրքորոշումները։
Մյուս կողմից, Հարությունյանի գրառումը հուզական էր, ավելորդ խրատականությամբ հարուստ, ինչը նրա խոսքի արժեքը նսեմացրել է՝ ԼՂՀ նախագահին դարձյալ դարձնելով քննադատությունների թիրախ։
Գլոբալ հարթության վրա Արայիկ Հարությունյանի թե նախապատերազմյան, թե հետպատերազմյան վարքագիծն էապես սահմանափակել է Արցախի իշխանության սուբեկտությունը ու մարդիկ պարզապես լուրջ չեն ընդունում նրա խոսքը ու վիրավորվում են, երբ, ըստ էության, ոչինչ չորոշող ղեկավարը բոլորին խրատներ է տալիս։
«Բացառվում է, որ Արցախի իշխանությունները համաձայնվեն արտաքին ու ներքին թշնամիների բաղձանքներին»,- ասում է Հարությունյանը ու բոլորը նրան հիշեցնում են, որ սա այն իշխանությունն է, որը երևանյան իր հովանավորների հետ միասին, 44 օր շարունակ «հաղթում ենք» կարգախոսով մանիպուլացրել է հասարակությանը ու հետո գնացել է կապիտուլյացիայի։ Այլ խոսքով, նույնիսկ բովանդակային առումով՝ Հարությունյանի խոսքը հավատ չի ներշնչում։
Սա, իհարկե, ամենևին չի արդարացնում հայաստանյան որոշ շրջանակների քաղաքականությունը, որը միտված է ոչ այնքան իշխանության օբյեկտիվ քննադատությանը, որքան՝ նոր զիջումների համար տեղեկատվական ֆոն ստեղծելուն։ Եթե անգամ իշխանությունն աններելի կապիտուլյացիայի է գնացել, նրա դեմ քարոզչական նման «պատերազմը», մեղմ ասած, չի նպաստում հայկական շահերին։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version