Site icon politcom

Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ`Ռոբերտ Քոչարյանը երբեք քաղաքականությունից դուրս չի եղել, և այլ խնդիր է, որ վերջին երկու հարցազրույցներում նա ազդարարեց արտահերթ ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, ինչը էական և կարևոր շեշտադրում է։ Դա նրան առանձնացրեց Հայրենիքի փրկության շարժման անդամ այլ կուսակցությունների լիդերներից, որոնք ընտրությունների վերաբերյալ շատ հոռետեսական գնահատականներ են հնչեցնում։

«Նույնիսկ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Քոչարյանը տարեկան առնվազն մի քանի անգամ հանդես էր գալիս հայտարարություններով, հարցազրույցներով, հիմնականում քննադատում էր տնտեսական քաղաքականությունը, այսինքն` Ռոբերտ Քոչարյանի քաղաքական էջը փակված չէր։ Նա այսպես թե այնպես` փորձելու է ուժեղ ձեռքի տեխնոլոգիան կիրառել, ինչը շատ բնական է Նիկոլ Փաշինյանի իշխանության ֆիասկոյի ֆոնին։ Այլ խնդիր է, որ առաջ նայող հասարակությունը և Քոչարյանը մի քիչ այլ պատկերացումներ ունեն ուժեղ ձեռքի մասին»,– նշեց քաղաքագետը։

Սուրենյանցի կարծիքով` ուժեղ ձեռքը պետք է ասոցացվի ուժեղ լեգիտիմություն ունեցող դեմոկրատական առաջնորդի հետ, և եթե Քոչարյանն ուժեղ ձեռք ասելով նկատի ունի իր 10 տարիների կառավարումը, ապա դա ուղղակի ավտորիտարիզմ էր առանց ուժեղ ձեռքի հիշատակման։

«Ռոբերտ Քոչարյանի միակ հաղթաթուղթը Նիկոլ Փաշինյանն է։ Եթե ուշադիր եք եղել հարցազրույցի շեշտադրումներին, ապա պարզ է, որ նա հենց այդպես էլ ասում է, այսինքն` այն քաղաքական տեխնոլոգիան, որը 2018 թվականին կիրառեց Փաշինյանը, և դա բացարձակ առավելություն բերեց նրան, հիմա փորձելու է կիրառել Ռոբերտ Քոչարյանը, որը Sputnik Արմենիային տված հարցազրույցում խոսել է երկբևեռ պայքարի մասին»,– նշեց քաղաքագետը։
Սուրենյանցի համոզմամբ` ընտրության հարստությունը հենց այն է, որ հասարակությունն իրապես բովանդակային առումով այլընտրանքային ընտրությունների հնարավորություն ունենա, որտեղ քաղաքական բազմաթիվ ծրագրերի միջև կկատարի իր ընտրությունը։

Քաղաքագետը մտահոգություն հայտնեց, որ այժմ նույնպես առկա է ռեսուրսային պայքարի տրամաբանությունը, այսինքն` սև–սպիտակը երկու տարի առաջ գռեհիկ մատուցմամբ օգտագործեց Նիկոլ Փաշինյանը, իսկ հիմա Քոչարյանը փորձելու է դա օգտագործել նրա դեմ։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version